Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2010-ը՝ արդյունավետ տարի

Դեկտեմբեր 07,2010 00:00

Վարդան Մինասյանն ամփոփեց մրցաշրջանը

«Փյունիկը» 2010-ին իր առջեւ դրված խնդիրը կատարած կարող է համարել: Այս կարծիքին է Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Տարեկան ամփոփիչ ասուլիսում Մինասյանը նշեց, որ այս տարի թիմի առջեւ խնդիր էր դրված՝ օպտիմալ մարզական վիճակում պահել հավաքական թիմերի թեկնածուներին: Վերջիններս էլ հավաքականներում իրենց արդարացրեցին: Բացի այդ, «Փյունիկը» նվաճել է հայկական ֆուտբոլի բոլոր երեք տիտղոսները՝ չեմպիոնություն, գավաթ եւ սուպերգավաթ, ինչն արդեն գոհունակության առիթ է տալիս: Ինչ վերաբերում է ակումբի մակարդակով միջազգային խաղերին, որոնցում չեմպիոնը այս տարի էլ տապալվեց, ապա, ըստ Մինասյանի, «Փյունիկի» համար առաջնահերթությունն, այնուամենայնիվ, հավաքականի համար կադրեր պատրաստելն էր, ոչ թե Չեմպիոնների լիգայում 1-2 հաջող խաղի համար լեգեոներներ բերելը: «Սա է մեր ակումբի քաղաքականությունը: Մենք առաջին հերթին մտածում ենք հավաքականի մասին ու այժմ էլ վեց ֆուտբոլիստ ենք հրավիրել առաջին թիմ՝ «Փյունիկ-2»-ից: Կգա ժամանակը, երբ կմտածենք Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու մասին, բայց հիմա առաջնահերթությունը պատկանում է հավաքականին, ու միգուցե ընդամենը մեկ-երկու կոնկրետ դիրք ուժեղացնենք, ինչպես նախորդ տարի էր»,- ասաց Վ. Մինասյանը:
Հաջորդ մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքները թիմը կսկսի արդեն դեկտեմբերի 10-ից: Նախ՝ ֆուտբոլիստներն անհատական մարզումային ծրագրով կմարզվեն, ապա՝  դեկտեմբերի 27-30-ը կանցնեն թիմային մարզումների: Սակայն՝ բուն նախապատրաստական փուլը կմեկնարկի հունվարի 6-ին: «Փյունիկը» երեք ուսումնամարզական հավաք է նախատեսում անցկացնել, որոնցից առաջինն ու երրորդը՝ 10, իսկ երկրորդ հավաքը՝ 12-14 օրով: Այն կհամատեղվի ազգային հավաքականի կիպրոսյան հավաքի հետ: Այս գրաֆիկը պայմանավորված է երկու գործոնով. առաջին հերթին՝ Հայաստանի առաջնության ավելի վաղ մեկնարկի, ինչպես նաեւ՝ ԱՊՀ եւ Բալթյան երկրների համագործակցության գավաթի խաղարկությանը չմասնակցելու «Փյունիկի» որոշմամբ: Այդ որոշումը պաշտոնապես հայտարարվեց երեկ՝ ասուլիսում:
Ինչ վերաբերում է տարվա ամփոփմանը ազգային թիմի համար, Վարդան Մինասյանը փաստեց, որ նախ անհրաժեշտ է պարզել, թե ի՞նչ խնդիրներ էին դրված: Այնուհետեւ, 36-ամյա մասնագետը նշեց այն հիմնական խնդիրները, որ ինքն իր առջեւ դրել էր տարեսկզբին Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո: «Իմ առաջին խնդիրը սերնդափոխությունն էր, ինչը կարելի է իրականացած համարել: Երկրորդը՝ թիմի կորիզի՝ 20-22 ֆուտբոլիստների, կոնկրետացումն էր առաջիկա երկու տարիների համար: Այս խնդիրն էլ մասամբ կատարվեց, թեեւ սելեկցիոն աշխատանքները շարունակվում են: Իրականություն դարձան նաեւ պարբերական հավաքները: Եվ վերջապես, բացի այս ամենից, գոհ եմ նաեւ թիմի ցուցադրած արդյունքից»,- եզրափակեց Մինասյանը՝ հավելելով, որ այդ արդյունքով, սակայն, շատ ոգեւորվել պետք չէ, քանի որ հավաքականը գտնվում է կայացման փուլում: Վարդան Մինասյանը նշեց նաեւ, որ իր ֆուտբոլիստների առջեւ յուրաքանչյուր կոնկրետ խաղին լավ խաղալու ու հաղթելու խնդիր է դնում եւ արհեստական է համարում պարգեւավճարներով մոտիվացումը, քանի որ հավաքականը ակումբ չէ, որտեղ պետք է գումարներ վաստակել: Հավաքականին իսկական հայրենասերներ են պետք: Միեւնույն ժամանակ մարզիչը սենսացիա չի համարի, եթե մեր ազգային թիմը հաղթանակ տոնի ռուսների նկատմամբ. «Եթե վերցնենք վիճակագրությունը, ապա Ռուսաստանը 0։1 հաշվով պարտվեց Սլովակիային, իսկ մենք 3։1 հաշվով հաղթեցինք վերջինին»,- եզրափակեց Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել