Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաեւ՝ երեք անհատական ոսկի

Դեկտեմբեր 07,2010 00:00

Հայաստանի 16 տարեկան շախմատիստների հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում պայքարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայի հաղթող՝ կրկնելով 1998 թվականի արդյունքը:
Միայն ինն անընդմեջ հաղթանակից հետո, երբ մեր թիմն անհասանելի դարձավ մրցակիցների համար, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սաներն իրենց մի փոքր «անհոգ» լինելու իրավունք վերապահեցին՝ ոչ-ոքի խաղալով «Թուրքիա Սպիտակ» թիմի հետ: Եզրափակիչ տուրի բոլոր պարտիաները մեր տղաներն ավարտեցին շատ արագ՝ արձանագրելով ոչ-ոքիներ, ինչը, կարծում ենք, մրցակցի համար ցանկալի նվեր էր:
Սակայն հայաստանցի շախմատիստները, թիմային ոսկուց բացի, մի յուրօրինակ ռեկորդ էլ սահմանեցին անհատական պայքարում՝ չորս խաղատախտակներից երեքում հաղթող դառնալով: Առաջին խաղատախտակի առջեւ 10 տուրերին էլ մասնակցած Կարեն Գրիգորյանն իր անվան առջեւ գրանցեց 9,0 միավոր, որը 90 տոկոսանոց արդյունք է: Նրանից ընդամենը մեկ տասնորդական տոկոսով՝ 9-ից 8,0 միավոր, ետ մնաց երրորդ խաղատախտակի առջեւ լավագույն արդյունքը ցույց տված Հովհաննես Գաբուզյանը, իսկ Դավիթ Շահինյանը (4-րդ խաղատախտակ) 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (83,3 տոկոս) եւ նույնպես արժանացավ անհատական ոսկե մեդալի:
Համաշխարհային օլիմպիադային մասնակցած 22 թիմերի պայքարում մրցանակային եռյակը կազմեցին.
1. Հայաստան 30,5 թիմային միավոր
2. Հնդկաստան 27,5
3. Ռուսաստան 27,5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել