Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՈՒ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԳՆԱԼ»

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Արդեն մեկ-մեկուկես ամիս է, ինչ շշուկներ են պտտվում, թե աշխարհի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը Հայաստանից գնում է: Խոսակցություն կա նաեւ, թե, իբր, Նազիկի նշանածը եւ նրա ծնողները նրան արգելում են մարզումները շարունակել, առավել եւս, մրցահարթակ մտնել:
Երեկ օրվա թեմայի գլխավոր գործող անձինք «Առավոտի» հետ զրույցում վերջակետ դրեցին այդ բոլոր բամբասանքներին:
Նազիկ Ավդալյան: «Ինձ էլ մի երկու անգամ նման զրույցներ հասել են: Բայց դրանց կարեւորություն չէի տալիս՝ մտածելով, որ բոլոր անվանի մարզիկների մասին էլ խոսում են: Բայց տեսնում եմ, որ ասեկոսեները ձնագնդի նման մեծանում են: Արդեն ասում են՝ իբր, նեղացել եմ, անգամ կոնկրետ երկրների անուններ են տալիս՝ Շվեյցարիա կամ Գերմանիա: Այդ չարախոսությունների հեղինակներին հիասթափեցնեմ. ոչ մի տեղ էլ չեմ գնում ու ոչ մեկից նեղացած չեմ: Հայաստանում եմ դարձել Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն: Կտրականապես ասում եմ՝ Հայաստանն իմ երկիրն է ու ես մնում եմ: Իսկ ինձ սպասողներին տեղեկացնեմ, որ վնասվածքից արդեն լիովին ապաքինվել եմ ու արդեն սկսել եմ թեթեւ մարզումներս: Հունվարից կսկսեմ լիարժեք մարզվել ու եթե հասցնեմ պատշաճ մարզավիճակ ձեռք բերել, կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը: Իսկ եթե ոչ՝ հանդես կգամ աշխարհի առաջնությունում: Ու մտադիր եմ անել ավելին, քան մինչեւ հիմա արել եմ»:
Արտաշես Ներսիսյան՝ Նազիկ Ավդալյանի անձնական եւ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: «Իմ կարծիքով, այդ լուրերի պատճառը Նազիկի՝ ծնկի վիրահատությունից հետո տեւական ժամանակ բացակայությունն է: Մարզասերը սպասում է նրան, նոր հաջողություններ ակնկալում: Եվ քանի որ նա դահլիճում չէր երեւում ոչ հավաքների եւ ոչ էլ մրցումների ժամանակ, մտածում են՝ ուրեմն գնում է կամ արդեն գնացել է: Հանգստացնեմ: Նազիկն արդեն կրծքին 100 կգ-ով կքանստումներ է անում, իսկ հունվարից կվերսկսի լիարժեք մարզումները: Իսկ թե ե՞րբ կմտնի մեծ մրցահարթակ, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, նա լի է 69 կգ քաշային կարգում Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ հատկապես օլիմպիական խաղերում իր երկրպագուներին հուսախաբ չանելու վճռականությամբ: Հիմա կարեւորը հոգեբանական պատրաստվածությունն է: Պարզապես, պետք է մոռանա, որ վնասվածք է ունեցել: Եվ վերջ»:
Սամվել Խաչատրյան: «Նազիկի վնասվածքը բավականին լուրջ էր: Ու փառք Աստծո, որ նրան վիրահատեց ոսկի ձեռքեր ունեցող վիրաբույժ Հայկ Ավագյանը: Հիմա Նազիկը վնասվածքի հետ կապված խնդիր չունի ու, մարզիչների հետ գործին լուրջ մոտենալու դեպքում, ի վիճակի է գերազանցել իր իսկ լավագույն ցուցանիշները: Շատերը հարցնում են, թե դա հնարավո՞ր է: Իհարկե, այո: 75 կգ քաշային կարգում ռուսաստանցի Սվետլանա Պոդոբեդովայի երկու ծունկն է վիրահատված: Բայց դա նրան չի խանգարել աշխարհի վերջին երկու առաջնություններում չեմպիոն դառնալ, այն էլ՝ ռեկորդներով: Ներկայումս Նազիկ Ավդալյանը, ֆիզիոթերապեւտիկ կուրսեր ընդունելուն զուգահեռ, դահլիճ է մտնում, եւ հույս ունեմ, որ նա մրցահարթակում իր խոսքը կրկին կասի: Դրա համար ֆեդերացիան, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն բան անում են ու կանեն»:
Էրիկ Կարապետյան՝ Նազիկ Ավդալյանի նշանածը: «Ես էլ եմ լսել, իբրեւ թե ես եւ իմ ծնողներն արգելում ենք Նազիկին մնալ մեծ սպորտում: Նման բան չկա: Իմ ընտանիքը հպարտանում է, որ իր հարսնացուն պատվով ներկայացնում է մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ երկիր: Եթե զգայինք, որ մարզաձեւում Նազիկի շուրջ անառողջ մթնոլորտ է, անպայման կարգելեինք: Բայց փառք Աստծո, որ ֆեդերացիան, նախագահ Սամվել Խաչատրյանը, մարզիչ Արտաշես Ներսիսյանն իմ հարսնացուին վերաբերվում են հարազատ աղջկա նման: Նազիկին՝ կարիերան շարունակելուն ու նոր մեդալներ նվաճելուն խանգարող որեւէ պատճառ չկա: Ու նա ազատ է իր ընտրության մեջ: Համենայնդեպս, մենք արգելք չենք հանդիսանում»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել