Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրականության առյուծը՝ Հայաստանում

Դեկտեմբեր 07,2010 00:00

Ամերիկահայ գրող, հրապարակախոս Փիթեր Սուրյանը դասախոսություններ կկարդա հայաստանցի ուսանողների համար

Երկշաբաթյա այցով Հայաստանում է ամերիկահայ գրող, հրապարակախոս, պրոֆեսոր Փիթեր Սուրյանը: 78-ամյա գրողը Հայաստան է այցելել ոչ միայն իր՝ «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսի, այլեւ՝ հայ ու արցախցի ուսանողներին դասախոսություններ կարդալու առիթով: Փ. Սուրյանի հանդիպումների օրակարգում առաջինը հայ գործընկերների հետ հանդիպումն էր, որը տեղի ունեցավ երեկ ՀԳՄ-ում: Տասնամյակներ անց կրկին Փիթեր Սուրյանին տեսնելու ու նրա հետ զրուցելու ցանկությունը գրող Պերճ Զեյթունցյանին ստիպել էր վաղ առավոտյան տնից դուրս գալ՝ հանդիպմանը չուշանալու համար: Հանդիպման ընթացքում նա մտաբերեց Սուրյանի հետ իր առաջին հանդիպումն ու առաջին տպավորությունը. «Ամեն տարի Նյու Յորքում տեղի էր ունենում գրողների գրական միջազգային հավաք, ես առաջին հայ գրողն էի, որ մասնակցեցի այդ հավաքին, վերադարձի նախօրեին տեղացի ու ամերիկահայ կարկառուն մտավորականության հետ հանդիպման ժամանակ էլ բախտ ունեցա ծանոթանալ Սուրյանի հետ: Առաջին տպավորությունս այն էր, որ շատ-շատ անուշ մարդ է, տարիներ հետո հնարավորություն ունեցա կարդալ նրա ստեղծագործությունները՝ նուրբ, առանձնահատուկ ոճով գործեր են…»: Պարոն Զեյթունցյանը, աչքի անցկացնելով պարոն Սուրյանի խիտ գրաֆիկը, այդ առիթով նաեւ կատակեց. «Այսպիսի գրաֆիկ ունեցող մարդը 78 տարեկան չի կարող լինել, ջահել տղա ես, Փիթեր ջան»: Սուրյանական ոճի ու ստեղծագործությունների առանձնահատկությանն անդրադարձավ նաեւ «Ընթրիք օտարների հետ» ժողովածուի թարգմանիչ, գրող Արամ Արսենյանը՝ նկատելով, որ ուրախանալու շատ առիթներ ունի, բացի այն, որ կրկին տեսնում է Փ. Սուրյանին, նաեւ հպարտ է հայ հասարակությանը Սուրյանի գործերը ներկայացնելու եզակի հնարավորության համար. «Տարիներ առաջ նրա մի պատմվածք թարգմանեցի, որից հետո էլ մեծ հետաքրքրություն ծնվեց մյուս գործերի հանդեպ, ու սկսեցի մեծ ոգեւորությամբ ուսումնասիրել ե՛ւ հեղինակին…Հայտնաբերեցի Փիթեր Սուրյանին երեք դեմքով, առաջին՝ ամերիկյան գրականության մեջ իր ուրույն տեղն ունեցող 2-րդ սերնդի խոշորագույն գրող, երկրորդ՝ գրական միջավայրում հեղինակություն ու հարգանք վայելող անձնավորություն, ԱՄՆ գրաքննադատների ազգային ասոցիացիայի, կինեմատոգրաֆիայի ազգային կոմիտեի պատվավոր անդամ է եւ երրորդ՝ լավագույն համալսարանների լավագույն դասախոս, ով իր ուսանողների կողմից անվանակոչվել է «Անգլերեն լեզվի ու գրականության առյուծ»: Չմոռանանք, որ Փիթեր Սուրյանը հայ ժողովրդի մեծ զավակ է, նա հայազգի մտավորականներին ծանոթացրել է իրենց հայկական արմատներին ու ժամանակին հանդես է եկել ի պաշտպանություն Փարաջանովի»: Ինչ վերաբերում է նրա արձակին, պարոն Արսենյանն ասաց, որ այն չափից դուրս անկեղծ է: Գործընկերների գնահատանքին ի պատասխան, պարոն Սուրյանն ասաց. «Երբ սիրտդ լեցուն է, դժվարանում ես արտահայտվել: Մենք՝ ամերիկահայ գրողներս, խողովակ ենք հայկական խնդիրները տեղ հասցնելու: Ցեղասպանության ժամանակ սպանված հայ գրողներն իրենց ուժը, հոգին մեզ են փոխանցել, ու նրանց գործը շարունակողն ենք, սա շատ դժվար պարտականություն է»:
Մտավորականների հետ հանդիպումից հետո պարոն Սուրյանը շտապեց ԵՊՀ՝ բանասերներին կարդալու «Գրականության դերի մասին» դասախոսությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել