Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճարտարապետներին՝ ինչպես թշնամիների՞ն

Դեկտեմբեր 07,2010 00:00

Ինչու մասնագետների կարծիքը հաշվի առնող չկա

Երեւանի քաղաքապետարանի ավագանու անդամ, քաղաքաշինական մշտական հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ոլորտի խնդիրներին: Հ. Պողոսյանը մտահոգված է՝ Հայաստանի հարավային սահմաններն օրեցօր դատարկվում են, ինչը վտանգավոր է եւ արդեն սպառնում է ազգային անվտանգությանը. «3 մլն բնակչությունից 2 մլնը տեղավորված է մայրաքաղաքում, 700000 կամ 1 մլնը՝ հյուսիսում, 500000-ը՝ արեւմուտքում։ Սյունիքում, Վայոց ձորում ընդամենը 200 հազար մարդ է ապրում։ Ստեղծվել է աննորմալ իրավիճակ…»:
Նրա խոսքով, խնդիրների մասին մասնագետները դեռեւս 88-ի երկրաշարժից հետո էին մտածել, ներկայացրել էին բնակչության տարաբնակեցման նախագիծ, որով պետք է կարգավորվեին տնտեսական հարաբերությունները, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ճանապարհային ցանցը եւ այլն:
«Նախագիծը 2000 թվականին ավարտվեց, գերազանց գնահատականով ընդունվեց կառավարության կողմից, բայց այդ ուղղությամբ որեւէ շարժ մինչ այժմ չկա»,- ասաց Հ. Պողոսյանը: Ճարտարապետները դժգոհ են՝ իրենց կարծիքը լսող եւ հաշվի առնող չկա, ՀՀ ճարտարապետների միությունը ընդամենը հ/կ է, որի ձայնը կարող է չլսվել: «Երբ ճարտարապետները խնդիրներ են բարձրացնում եւ ասում՝ կան բաներ, որոնք մեծ քննարկումների արդյունքում պետք է վճռվեն, մեզ մի տեսակ թերահավատորեն են նայում, նման դեպքերում ուղղակի պարտվում ենք: Ի՞նչ է նշանակում՝ մի կողմ թողնել ճարտարապետների մասնագիտացված միության կարծիքը եւ անել քայլեր, որոնք հետագայում բերելու են նրան, ինչ այսօր ունենք… այնպիսի տպավորություն է, որ մեզ հետ վարչական օրգանները խոսում են այնպես, ասես թշնամի լինենք»,- վրդովվեց ՀՀ ճարտարապետների միության նախագահը: Ճարտարապետ Հ. Պողոսյանն էլ կարծում է՝ այժմ պետության կողմից ոլորտում համապատասխան քաղաքականություն չի իրականացվում. «Ներդրողները, որոնք հնարավորություններ ունեն կառուցելու, ամեն գնով հասնում են իրենց նպատակին: Նրանցից ոչ մեկը չի մտածում ապագայի մասին»:
Մ. Մինասյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքները նախեւառաջ անհրապույր են դարձել այն պատճառով, որ ամենուրեք խախտվում են հիմնական քաղաքաշինական կոնցեպցիաները: Ինչ վերաբերում է Գյումրիին եւ Սպիտակին, նա ասաց. «Սպիտակը 14 կմ-ով անիմաստ ձգված է եւ նրա հետագա ճակատագիրն անհայտ է: Գյումրիում մարդիկ 2 տարուց վերջապես տնակներից կազատվեն: Չնայած մեր բարձր ղեկավարությունը տարիներ առաջ ասաց, որ արդեն աղետի գոտի հասկացությունը չկա, բայց դեռ գյուղեր կան, որ նույն անմխիթար վիճակում են»: Մ. Մինասյանի խոսքով՝ մայրաքաղաք Երեւանի գերբեռնվածության մասին այժմ ոչ միայն մասնագետներն են բարձրաձայնում, այլեւ՝ սովորական քաղաքացիները: Չափազանց գերբեռնվածությունը նաեւ սեյսմիկ վտանգ է պարունակում, եւ 88-ի երկրաշարժը մեզ դաս չի եղել: «Հաճախ հաստատվում է մի նախագիծ, հետո իրականության մեջ բոլորովին ուրիշ շենք ենք տեսնում՝ հարկերը բարձրացված եւ ավելի գերբեռնված: Եթե երկրաշարժ լինի, այդ խտությունը թույլ չի տա, որ մարդկանց տարհանեն»,- ահազանգում է Մինասյանը: Ինչ վերաբերում է մշակութային արժեք հանդիսացող շինությունների պահպանմանը, նա կարծում է, որ այստեղ էլ մտահոգվելու շատ բան կա. «Մենք 19-րդ դարի արժեքներ ունենք, որոնց սոսկալի վատ ենք վերաբերվում, մինչդեռ 100-ավոր նոր եկեղեցիներ ենք կառուցում, որոնք արժեք չեն ներկայացնում»: Հ. Պողոսյանն էլ հավելեց. «40-ական թվականների շենքեր կան, որոնք մեր ճարտարապետության շեդեվրներն են: Մաշտոցի պողոտայի շինություններն էլ անխնա փչացվում են՝ ով որտեղ, ոնց ուզում՝ կառուցում, վաճառում է: Դա դժբախտություն է, մենք շարունակելու ենք պայքարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել