Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԻԴԱՆ»՝ ՎԵՐԴԻԻ ԱՉՔԵՐՈՎ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադիի հայաստանյան ձեռնարկը

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերային թատրոնը, ասում են, աշխատում է 3 հերթով. դեկտեմբերի 21-ին նշանակված է Վերդիի «Աիդա» օպերային ներկայացման առաջնախաղը: 75 տարին բոլորած այս մշակութային օջախում առաջին անգամ է բեմադրություն իրականացնում իտալացի բեմադրիչ: Այս առիթով օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասաց, որ ժամանակի ընթացքում իրենց մոտ աշխատել են վրացի, լիտվացի, ռուս, խորհրդային շրջանում էլ՝ ադրբեջանցի բեմադրիչներ: Իսկ իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադիի գործունեությունը մեզ մոտ իրականություն դարձավ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի՝ շուրջ մեկ տարի առաջ արած առաջարկից հետո: «Դեսպանը մեզ փոխանցեց Իտալիայի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների առաջարկը՝ Երեւանի օպերային թատրոնում իրագործել որեւէ բեմադրություն իտալացի ռեժիսորի հեղինակությամբ: Հենց իտալական կողմն էլ իր ընտրությամբ կազմակերպեց Կորրադիի այցը Հայաստան: Օրեր առաջ մաեստրոն եկավ թատրոն: Մինչ այդ, չնայած խիտ ստեղծագործական գրաֆիկին, նա արդեն երեք անգամ ժամանել էր Հայաստան: Օրինակ, ապրիլին նա Երեւանում էր ճանաչված սոպրանո Պատրիցիա Պաչեի հետ, ով շուրջ տասը տարի հանդես է եկել «Լա Սկալա» օպերային թատրոնում, ներկայումս էլ դասավանդում է Պալերմոյի կոնսերվատորիայում»,- հայտնեց պարոն Հովհաննիսյանը: Հավելեց նաեւ, որ թեեւ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ որոշել էին իտալացի բեմադրիչի ռեժիսուրայով բեմադրել Պուչինիի «Բոհեմը», սակայն Կորրադին առաջարկել է «Աիդան»: Տնօրենն ասաց նաեւ, որ Կորրադին ժամանակն օգտագործում է անասելի արդյունավետ, էներգիա չխնայելով, լեզվական արգելք էլ չկա. նա տիրապետում է 8 լեզվի. «Կարծում եմ, որ երբ «Աիդայից» հետո շարունակվի մեր համագործակցությունը, բեմադրիչը կտիրապետի նաեւ հայերենին»: Քանի որ այս մասշտաբային օպերայի համար մասսայական տեսարաններում պահանջվում են մեծ թվով մարդիկ, պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենց սիրով աջակցել է Ոստիկանական ակադեմիան, տրամադրելով 60 հոգի: Ընդհանրապես, ընդգրկված են շուրջ 300-ը (մենակատարներ, նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, տեխնիկական կազմ):
Մարիո Կորրադին մեզ հետ կարճատեւ զրույցում, ի պատասխան մեր խնդրանքի, տեղեկացրեց, որ ինքը մի շարք «Աիդաներ» է իրականացրել, վերջին երկուսը բեմադրել է 1997թ. Ցինցինատիում եւ 2001թ.՝ Մարսելում, ասելով, որ նշված ներկայացումներում Աիդայի դերերգը կատարել է իր ամենասիրելի երգչուհիներից մեկը՝ Հասմիկ Պապյանը: Բեմադրիչի խոսքերով՝ ինքը սիրով է աշխատում գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի, գլխավոր խորմայստեր Կարեն Սարգսյանի, պարերի բեմադրիչ Վիլեն Գալստյանի հետ, բարձր է գնահատում զգեստների նկարիչ եւ դեկորատոր Ավետիս Բարսեղյանի աշխատանքը: Հավելեց նաեւ. «Հիացած եմ հայկական վոկալ դպրոցով: Մի բան կարող եմ հավաստիացնել, որ փորձել եմ «Աիդան» իրականացնել հենց Վերդիի աչքերով»: Հարցին, թե պրեմիերայինր Աիդայի դերերգով հանդես է գալու Հասմիկ Պապյա՞նը, Ռադամեսի դերերգով էլ՝ ազգությամբ վրացի, Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչ Գեորգի Օնեանի՞ն, բեմադրիչը ոչ հաստատելով, ոչ էլ ժխտելով, հայտնեց. «Ընդունված կարգ է՝ պրեմիերաներին, նաեւ ընթացիկ ներկայացումներին դրսից հրավիրել ճանաչված անուններ… Միայն ասեմ, որ հայաստանցի աիդաներից, ռադամեսներից եւ մյուս գլխավոր կերպարները մարմնավորող մեներգիչներից, ովքեր ընդգրկված են ներկայացման մեջ, անձամբ ես գոհ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել