Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՑ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՌՈՒՍ ԼՐՏԵՍԻՆ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Բրիտանական իշխանությունները Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությանն առայժմ չեն տեղեկացրել ՌԴ քաղաքացի Կատիա Զատուլիվետերի (նկարում) ձերբակալության մասին: Այն, որ վերջինս ձերբակալվել է բրիտանական հակահետախուզության՝ ՄԻ5-ի պահանջով, հայտնի է դարձել անցած հանգստյան օրերին:
Լոնդոնում ՌԴ դիվանագիտական առաքելության գրասենյակից BBC-ին փոխանցել են, որ երկկողմ հյուպատոսական կոնվենցիայի համաձայն, ՌԴ քաղաքացիներին երկրից վտարելու դեպքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները պարտավոր են համապատասխան ծանուցում հանձնել ռուսական դեսպանությանը: Դեսպանատան մամուլի ծառայության ներկայացուցչի ասելով, երկուշաբթի օրը, առավոտյան տվյալներով այդպիսի ծանուցում չի եղել:
25-ամյա Կատիա Զատուլիվետերը ձերբակալվել է դեռ անցած հինգշաբթի օրը՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով: Վերջին 2,5 տարին նա աշխատել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Պորտսմուտի համայնքների պալատի ներկայացուցիչ, միաժամանակ նաեւ պաշտպանության հարցերով համայնքների պալատի հատուկ հանձնաժողովի անդամ Մայք Հենկոկի օգնականի պաշտոնում: Հիշեցնենք, որ Պորտսմուտ քաղաքում է տեղակայված երկրի ամենախոշոր ռազմածովային հենակետը: Ինչպես հաղորդում է Times-ը, վերջին մի քանի շաբաթներին Հենկոկի գրասենյակը երկրի պաշտպանությանն առնչվող մի ողջ շարք հարցումներ էր արել: Մասնավորապես հարցում էր արվել բրիտանական ատոմային զենքի նկարագրության, միջազգային վերահսկողությունից դուրս բերված միջուկային նյութերի մանրամասների, նաեւ ամբողջ աշխարհով մեկ սուզանավերի հենակետերի տեղակայվածության մասին տեղեկություններ ստանալու համար: Նախարարները այս որոշ հարցադրումներին հրաժարվել էին պատասխանել:
Ինքը՝ Հենկոկը, ասել է, թե գործ չի ունեցել որեւէ գերգաղտնի տեղեկատվության հետ, եւ որ իր օգնականը այլ աղբյուրներից անհասանելի որեւէ տեղեկություն չի ստացել: Հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ կասկածվող Կատիա Զատուլիվետերի մասին շատ բան հայտնի չէ: Հաղորդվում է, որ նա Հենկոկի հետ ծանոթացել է Ստրասբուրգում, ուր բրիտանացի քաղաքական գործիչը հաճախ գործուղումների է մեկնել: Մեծ Բրիտանիայում նա ստացել է Բրետֆորդի համալսարանի մագիստրի աստիճան եւ 2007-ին ստացել է «Հակամարտությունների լուծում» մասնագիտության որակավորման վկայական: Հենկոկի փոխանցած տեղեկությունների համաձայն, իր օգնական Կատիան այժմ գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում եւ սպասում է իր վտարման որոշմանը, թեեւ պատրաստվում է այն բողոքարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել