Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ջանքերով (ԳԱՏԱՀ–ի, ԱՐԵՆԱ հիմնադրամի եւ Elsevier B.V. միավորման կողմից ստորագրված եռակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում) վերջերս հանրապետության գիտական համայնքի բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների համար կազմակերպվեցին ուսուցողական սեմինարներ։ Սեմինարներին մասնակցեց ավելի քան 250 գիտաշխատող՝ ավելի քան 30 կազմակերպություններից։ Սեմինարների հիմնական նպատակն էր հայ գիտաշխատողներին ծանոթացնել գիտական տեղեկատվության բնագավառի աշխարհում միանձնյա առաջատար հանդիսացող Elsevier B.V. միավորման SciVerse տեղեկատվական պլատֆորմի բաղկացուցիչ հանդիսացող ScienceDirect եւ Scopus շտեմարանների հնարավորություններին, ինչպես նաեւ բարձրացնել հայ գիտաշխատողների՝ այդ տեղեկատվական շտեմարաններից օգտվելու հմտությունները։ Հիշեցնենք, որ նշված տեղեկատվական շտեմարանները, առայժմ երեք ամսով, անհատույց հասանելի են ԱՐԵՆԱ հիմնադրամի գիտակրթական ցանցի մեջ ներգրավված մոտ 70 գիտակրթական կազմակերպությունների համար։