Հայաստանի կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը (ԿԿԲԴ) սկսել է «Euromanagement -Master of Business» (EMBA) նոր՝ բիզնես կրթության երկամյա ծրագիր: Երեկ «Լաթար» համալիրում կայացավ ծրագրի շնորհանդեսը: Ըստ դպրոցի գլխավոր տնօրեն Դավիթ Հախվերդյանի, «Կորպորատիվ դպրոցն ինտենսիվ աշխատանքներ է տանում Հայաստանի գործարար միջավայրի հետ համագործակցություն հաստատելու նպատակով եւ ամենակարեւորը՝ EMBA ծրագիրը Հայաստանում ներդնելու համար: Վերջինի առումով մեծ դժվարություններ ունեցանք, որովհետեւ հայ գործարարները չեն պատկերացնում, որ պետք է ավելին վճարեն որակավորում ստանալու համար, քան վճարում են բուհում բակալավրական կամ մագիստրական կրթության համար»:
ԿԿԲԴ գիտական խորհրդի նախագահ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի խոսքով, ապացույցների կարիք չունի այն դրույթը, որ ղեկավարները եւ կառավարչական անձնակազմը բացառիկ դեր ունեն կազմակերպության գործունեության բոլոր ոլորտների զարգացման գործում. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են սնանկության եզրին գտնվող խոշոր ընկերությունները վերածնունդ ապրում եւ դառնում առաջատար՝ ուժեղ կառավարչի պարագայում: Ղեկավարին պետք է անհատապես ուսուցանել, ընդ որում՝ այն ամենը, ինչ նա ամենակարեւորն է համարում իր համար: «Euromanagement-Master of Business» ծրագրի ուսուցման նպատակը գործարարների ունակությունների զարգացման, մասնագիտական աճի եւ կառավարման արդյունավետության բարձրացման համար հնարավորություններ ստեղծելն է, Հայաստանի բարդ ու հաճախ փոփոխվող տնտեսական պայմաններում ընկերությունների բարեհաջող գործունեությանը նպաստելը»: Դ. Հախվերդյանը նշում է, որ EMBA ծրագիրը նախատեսված է սեփականատերերի, բարձրագույն ղեկավարների, կառավարչական անձնակազմի, ստորաբաժանումների ղեկավարների եւ ընկերության այլ մասնագետների համար:
Դասընթացների տեւողությունը երկու տարի է, իսկ ուսման վճարը, ԿԿԲԴ-ի տնօրենի խոսքով՝ 20 000 դոլար: Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է ՌԴ կառավարությանն առընթեր ժողտնտեսության ակադեմիայի պետական նմուշի դիպլոմ, EMBA որակավորում, կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հավաստագիր եւ, ցանկության դեպքում, Գերմանիայի տնտեսագիտության եւ կառավարման ակադեմիայի AFW «Հարցբուրգյան դիպլոմ»: