«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները տիտղոսներ են սահմանել:
Երեկ Ազգային ժողովի մոտ կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի հերթական ակցիան՝ ընդդեմ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների: Հարցն ընդգրկված է ԱԺ-ի հերթական քառօրյայի օրակարգում: Ցուցարարները եւս մեկ անգամ պահանջում են, որ կառավարությունը ետ վերցնի նախագիծը կամ պատգամավորները դեմ քվեարկեն հայոց լեզուն եւ հայոց պետականությունը վտանգող այդ օրինագծին: «Այն փաստաթուղթը, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ այն, ինչ որ ներկայացվում է, տարբեր են: «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների տեքստը տեղափոխվել է «Հանրակրթության մասին» օրենք: Սրանք կարելի էր համարել նոր օրինագծեր, որոնք դրվում են քննարկման, այլ ոչ թե երկրորդ ընթերցման: Չի կարելի «Լեզվի մասին» օրենքն այնքան սահմանափակել, որ հանրակրթության հարցերն այն չկարգավորի, այսինքն՝ օրենքն արժեզրկվում է: Ասում են, որ օրենքը չի փոխվել, սա ծիծաղելի է ե՛ւ տրամաբանության, ե՛ւ օրենքի տարրի տեսակետից»,- հայտարարեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Ցույցի մեկ այլ ակտիվիստ՝ Արթուր Ավթանդիլյանը, որ հիմնականում բնապահպանական շարժման մեջ է ներգրավված, օտարալեզու դպրոցների բացմանն էլ կտրականապես դեմ է: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «Օրինագիծն իր էությամբ հակասահմանադրական է, սա դիվերսիա է: Պատգամավորների մեծ մասի համար կրթական եւ ինտելեկտուալ ցենզ ասվածը կիրառելի չէ, իսկ նախագահի աշխատակազմում այն դիտարկվում է որպես առեւտրի առարկա: Հայաստանում քիչ բան է մնացել, որն իր գինն ունի, հանկարծ հայտնագործել են մի ռեսուրս, որը կարելի է վաճառել: «Լեզվի մասին» օրենքը փոխելը եւ ազգայնական լինելն անհամատեղելի են, սա պետք է հասկանան ՀՀԿ-ական մեր պատգամավորները»: Ինչ վերաբերում է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի նախաձեռնության կողմից սահմանված «Օտարալիզության ասպարեզում Դելյանով-Աշոտյանի» անվան մրցանակին, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատում են: Նա առաջարկում է «մրցանակակիրների» շարքում անպայման ներառել, օրինակ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին. «Մարգարիտներ շարող այդ քաղաքապետը ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ գյումրեցիներն ուզում են Գյումրին վերանվանել Ալեքսանդրապոլ: Ցուցակը կհամալրվի, որովհետեւ ղուկասյանները, ցավոք, մեզնից անպակաս են»: