Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՉԵ՞Ն ՏԱՊԱԼՈՒՄ

Դեկտեմբեր 07,2010 00:00

Թիվ 27 դպրոցի տնօրենի կարծիքը

«Առավոտի» 27.11.10թ. համարի «Ինչպես լավամարդ լինել ու խփել դպրոցին» հոդվածում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը կրթության բնագավառի բազում խնդիրների մասին դիտարկումների շարքում նկատել էր, որ թիվ 27 դպրոցի տնօրենը տապալում է դպրոցում մեծ դժվարությամբ ներդրված արդեն կայացած ներառական կրթությունը: Հրապարակումից հետո «Առավոտի» խմբագրություն էր զանգահարել Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Սարգսյանը, ով համաձայն չէ ԱԺ պատգամավորի ասածի հետ: «Առավոտը» այցելեց դպրոց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Քանի որ մեր այցելության պահին տնօրենին շտապ կանչել էին քաղաքապետարան, մինչ նրա վերադարձը գործավարուհին մեզ ծանոթացրեց այն դասասենյակներին, որտեղ ներառական կրթություն ստացող երեխաները մասնակցում են հատուկ պարապմունքների: Դպրոցում էին նաեւ ծնողները, որոնց հետ զրուցեցինք հատուկ մանկավարժի, հոգեբանի, գործավարուհու ներկայությամբ: Թե նման իրավիճակում ծնողների հայտնած կարծիքները որքանով կարող են օբյեկտիվ լինել, թողնում ենք ընթերցողի դատին:
Աննա Պողոսյանը, ում որդին սովորում է առաջին դասարանում եւ ստանում ներառական կրթություն, նշեց. «Շաբաթը երկու անգամ երեխայի հետ աշխատանքներ են տարվում: Ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ լինեին անհատական պարապմունքները»: Գյուլնարա Զոհրաբյանի որդին սովորում է 7-րդ դասարանում: Ծնողը պատմեց. «Երեխաս դպրոց է հաճախել Լենինգրադում: Երբ եկանք Հայաստան, ընդունվեց Սեւանի դպրոց: Մինչ թիվ 27 դպրոց գալը որդիս չի սովորել ներառական կրթություն իրականացնող դպրոցներում: Սակայն այստեղ հաճախելուց հետո նրա մոտ առաջընթաց տեսա»:
Ըստ կարգի՝ երեխայի անհատական ուսումնական պլանը պիտի ստորագրվի եւ դիտարկվի ծնողների կողմից: Նրանցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ծանոթացել են: Բոլորը դրական պատասխան տվեցին:
Զրուցեցինք նաեւ տնօրենի հետ: Մեր հարցին՝ ներառական կրթությունը համակարգողն ունի՞ մանկավարժական փորձ եւ վերապատրաստվե՞լ է որպես ներառական կրթություն համակարգող, դպրոցի տնօրեն Կ. Սարգսյանը պատասխանեց. «Ինձ համար կարեւոր է ոչ այնքան ներառական կրթություն իրականացնող մասնագետի փորձառու լինելը, այլ բազմակողմանի զարգացածությունը: Ես ունեցել եմ նաեւ փորձառու մասնագետ, որը 3 ամիս փորձաշրջան չանցավ: Նրան նույնիսկ ԿԳ նախարարությունից էին երաշխավորել, բայց ուսուցչի կերպար չուներ, մատյանն էր տուն տանում, հաց ուտելով պարապմունք էր անում: Ուստի մանկավարժական թիմը որոշեց, որ նա գնա, նույնիսկ դրա համար դիտողություն էլ ստացա, թե մերժել եմ վերադասի խնդրանքը»: «Առավոտի» տեղեկություններով՝ դպրոցի սոցաշխատողը տնօրենի ամուսինն է եւ չունի համապատասխան կրթություն: Այս մասին Կ. Սարգսյանն ասաց. «Մեր սոցաշխատողը 16 տարվա աշխատանքային փորձ ունի, եղել է ռուսերենի ուսուցիչ: Նրան դպրոց բերեցինք մի դասարանի խնդրի համար: Նախկինում սոցաշխատողը ավտոբուսի խնդիր էր լուծում եւ ծնողների բողոքն ինձ հասցնում: Իսկ ներկայիս սոցաշխատողի շնորհիվ մի երեխա, որ չէր հաճախում դասերի, այժմ պարտաճանաչ գալիս է դպրոց: Ի՞նչ է, ամուսինս չի՞ կարող 20 տարի դպրոցում աշխատած լինել, հետո նորից վերադառնալ դպրոց: Նրանից ավելի մեծ խստությամբ ենք պահանջում, եւ այժմ էլ առաջարկել եմ 11-րդ դասարանի դասղեկությունը վերցնել»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ դպրոցը պահպանո՞ւմ է ներառական կրթության վերապատրաստման կենտրոն լինելու կարգավիճակը: Տնօրենը պատասխանեց. «Դրանք միայն խոսքեր են: Ընդամենը 2 վերապատրաստող ուսուցիչներ են եղել: Բայց հիմա դա դադարեցվել է»: Ներառական կրթություն իրականացնող դպրոցի կառավարման խորհրդի անդամների շարքում պետք է լինի այդպիսի կրթություն ստացող երեխայի ծնող: Հետաքրքրվեցինք՝ իրենց խորհրդում այդպե՞ս է: Կ. Սարգսյանը պատասխանեց. «Ծնող եղել է, բայց այս ամառ երեխաներին տարավ դպրոցից: Այդ ծնողը ցանկանում էր, որ ամեն հարց իր տնօրինման տակ լիներ: Այժմ խորհրդի նոր ընտրություններ կայացել են, սակայն դեռ չեն հաստատված քաղաքապետարանի կողմից»: Տիկին Սարգսյանը Ա. Բախշյանի խոսքերը, թե տնօրենը տապալում է դպրոցում ներառական կրթությունը, կապում է այն բանի հետ, որ տնօրենի ընտրությունների ժամանակ ընտրվեց ինքը եւ ոչ թե այն անձը որին «ռեկլամ էր անում» (բնութագրումը՝ Կ. Սագսյանի,- Տ. Հ.) Անահիտ Բախշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել