Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

Դեկտեմբեր 07,2010 00:00

Ի՞նչ է բնապահպանական շարժումը: Միամիտներն այս հարցադրմանը միանգամից կպատասխանեն՝ հասարակության խոսափողն է, որ մշտապես պայքարում է իշխանությունների ախտերը վեր հանելու, շրջակա միջավայրը, մարդկանց առողջությունը պահպանելու նպատակով եւ այլն: Միանշանակ ասել, թե այդպես չէ, սխալ կլինի: Բնապահպանների շրջանում, իհարկե, կան բազմաթիվ ազնիվ մղումներ ունեցող մարդիկ, ովքեր անկեղծորեն նվիրված են իրենց գաղափարներին ու անշահախնդրորեն իրենց գործն են անում: Եվ այդ իսկ պատճառով առավել ցավալի է, երբ «բնապահպանների» մյուս տեսակը, իրականում այլ նպատակներ հետապնդելով, իրական բնապահպաններին, որպես գործիք, ինչ-ինչ մեծ խաղի մեջ են ներքաշում:
Հիմա՝ այդ մեծ խաղի մասին: Նկատած կլինեք, թե վերջին շրջանում հանկարծ որքան են ակտիվացել ամենատարբեր հասարակական, հատկապես՝ բնապահպանական շարժումները: Իսկ ինչո՞ւ: Բանն այն է, որ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ նաեւ նման շարժումները բավականին մեծ հաջողությամբ օգտագործվում են որպես դետոնատոր՝ ինչ-ինչ գործընթացների համար: Այսինքն՝ հասարակությանը կամ գոնե նրա դժգոհ հատվածին մշտապես արթուն, ակտիվ, «լավ մարզավիճակում», խորհրդային բառապաշարով ասած՝ միշտ պատրաստ պահելու խնդիր կա՝ հետագա ավելի լուրջ պայքարների համար:
Հասարակական նման շարժումները նախապատրաստված լավ հարթակ են ամենահիմնական հարթակի՝ քաղաքական գործընթացների համար: Համանման պատկեր էր նախահեղափոխական Ուկրաինայում եւ Վրաստանում: Պատահական չէ, որ կանաչ շարժումների շատ ղեկավարների հետագայում տեսնում ենք իշխանության ամենաբարձր օղակներում: Հիշենք թեկուզ նույն տխրահռչակ Բորիս Նեմցովին, Եգոր Գայդարին կամ Զուրաբ Ժվանիային: Հետաքրքիր է, որ Յուրի Լուժկովի հետ պատմությունը մի պահ նույնպես ուներ բնապահպանական ենթատեքստ. Մոսկվայի քաղաքապետի պաշտոնանկությունից անմիջապես առաջ մեծ հնչողություն ստացավ Խիմկինսկի անտառի պատմությունը:
Բայց, ինչպես ասում են, հեռու չգնանք. Հայաստանից հիշելու փաստեր եւս ունենք: 20 տարի առաջ Ազատության հրապարակի հարթակից մի շարք «բնապահպաններ», մանիպուլյացիայի ենթարկելով ժողովրդին, խաղալով նրանց զգացմունքների հետ, գնացին ու փակեցին այս երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ատոմակայանն ու «Նաիրիտ» գործարանը (չենք կարող չնկատել, որ, մասնավորապես ատոմակայանը փակեց ԽՍՀՄ ղեկավարությունը՝ 1988թ. երկրաշարժից հետո,- խմբ.): Բարեբախտաբար, պարզապես ի վիճակի չեղան կանգնեցնել Աբովյանի գազի պահեստարանի շինարարությունը: Եվ «շնորհիվ» նաեւ այդ մի խումբ մարդկանց, ովքեր կատարում էին որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ նույն «Նաիրիտ»-ի մրցակից ընկերության պատվերները, ձեռք բերեցինք տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամ: Մի քանի տարի անց, իհարկե, ատոմակայանը վերագործարկվեց, ընդ որում՝ համաշխարհային պրակտիկայում փակված ատոմակայան վերագործարկելու նախադեպ գոյություն չուներ, եւ ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ ռիսկայնության կհանգեցնի դա: Այսօր բնապահպաններն այլեւս ատոմակայանի էկոլոգիական ռիսկերի մասին չեն հիշում, ի՞նչ է, ատոմակայանի վտա՞նգն է չեզոքացվել: Իհարկե, ո՛չ: Ավելին, նոր ատոմակայան ենք կառուցում, բայց ոչ ոք ծպտուն անգամ չի հանում: Պարզապես բնապահպանների համար ատոմակայանի խաղաթուղթն արդեն խաղարկված է, եւ այն հիշելն այլեւս դիվիդենդներ չի բերում իրենց: Ավելին, ակնհայտ է, որ 90-ականների մղձավանջն ապրած ժողովուրդը մեղմ ասած «գրկաբաց» չի ընդունի նման «բնապահպաններին»: Եվ որքան էլ տարօրինակ է, ատոմակայանն այսօր ոչ միայն ինքնաբավ է դարձնում էներգետիկ համակարգը, այլեւ այն մեր անվտանգության երաշխիքն է: Հենց միայն այն պատճառով, որ ատոմակայան եւ ուրան ունեցող պետությունները համարվում են միջուկային երկրներ, ում հետ սովորաբար հաշվի են նստում: Այս երկրները, որպես կանոն, նաեւ քաղաքականություն են թելադրում:
Ցավալին այն է, որ արհեստածին այս շարժումները կարողանում են իրենց հետեւից մարդկային զանգվածներ տանել: Մի քանի տվյալ բերենք հատկապես նրանց համար, ովքեր հայտնվել են, այսպես կոչված, բնապահպանների ծուղակում: Ուրանի համաշխարհային պաշարները 2007թ. դրությամբ 4 մլն 300 հազար տոննա են: Տարեկան օգտագործվում է մոտ 65-70 հազար տոննա: Ընդ որում, այսօր շուկայի պահանջարկից 2 անգամ քիչ ուրան է արդյունահանվում: 2030թ. ուրանի պահանջարկը համաշխարհային շուկայում կկազմի տարեկան 100-150 հազար տոննա: Բացի այդ, միջազգային շուկայում կտրուկ աճում է ուրանի գինը: Մասնավորապես վերջին 10 տարիների ընթացքում ուրանի արժեքը բարձրացել է մի քանի անգամ: Ուրանի 1 ֆունտը (մոտ 0,5կգ) այսօր արժե $50: Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2030թ. ուրանի 1 կգ-ը կարժենա $250-500: Այս պայմաններում Հայաստանի ուրանի հանքերն իսկական հարստություն են եւ մեծ հեռանկար հետագա հարյուրամյակների ընթացքում: Հետաքրքիր է նաեւ այն, որ այսօրվա դրությամբ ոչ ոք չի կարող ասել, թե որքան են Հայաստանի ուրանի պաշարները, կամ արդյոք տնտեսապես նպատակահարմար է մեր երկրում ուրան արդյունահանելը: Բնապահպանները նույնիսկ դեմ են ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքներին, որոնք այս հարցերը պարզելու նպատակ ունեն: Նրանք ուղղակի դեմ են, դեմ են ամեն ինչին: Եվ համոզված ենք, որ եթե անգամ Հայաստանում տուֆի նոր հանքավայր հայտնաբերվի ու որոշվի շահագործել այն, ապա անպայման կծլի տուֆի արդյունահանման դեմ հասարակական նոր շարժում: Ընդ որում, ուժերն ու դեմքերը գրեթե նույնն են: Նույն գործող անձանց կարելի է տեսնել «ընդդեմ» բոլոր պայքարներում՝ եւ՛ օտարալեզու դպրոցների, եւ՛ դելֆինարիայի, եւ՛ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ տարվող ակցիաներում:
Նկատենք, որ աշխարհում այսօր չկա ոչ մի երկիր, որ չարդյունահանի իր բնական պաշարները: Ի դեպ, տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում այնքան են զարգացած, որ բնական պաշարները կարելի է արդյունահանել նվազագույն էկոլոգիական ռիսկերով: Ի վերջո, նաեւ ժամանակն է կողմնորոշվել, թե ինչ երկիր ենք մենք ուզում ունենալ՝ արդյունաբերակա՞ն, թե՞ այն, ինչ մեզ պարտադրվում է:
Եվս մեկ օրինաչափություն. այդ բնապահպանական դեմքերն ու կազմակերպությունները պարբերաբար դրամաշնորհներ են ստանում, հրավիրվում են արտասահմաններ՝ ամենատարբեր սեմինարների, որտեղ հավանաբար կուտակում են հասարակական պայքարի նորագույն փորձն ու հմտություններն ու նոր տեխնոլոգիաներով զինված՝ վերադառնում Հայաստան: Որպես կանոն, այդ շարժումների թիկունքում նաեւ քաղաքական ուժեր են: Հսկայական ֆինանսները, որ թափանցում են բնապահպանական ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար, ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն: Անհրաժեշտ պահին այդ գումարներն ուղղվում են կոնկրետ խնդիրներ, հաճախ քաղաքական, լուծելու համար: Այս պարզ ճանապարհով են դրսից մուտք գործում գումարներ ու ցանկացած երկրում «ժողովրդավարություն» անվան տակ կատարում իրենց քայքայիչ աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել