Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են վարչապետին

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Հակաուրանիստները պայքարը շարունակում են,  իսկ Լեռնաձորը արդեն դատարկվում է

«Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը եւ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու համար, որ հիմա էլ դիմում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ներկայացնելով մինչեւ օրս անցկացրած ստորագրահավաքի արդյունքները եւ պահանջելով չեղյալ համարել Սյունիքում ուրանի հանքերի շահագործմանն առնչվող բոլոր իրավական ակտերը ու հանդես գալ ուրանի ծրագրին առնչվող գործընթացը կասեցնելու հայտարարությամբ: Ստորագրահավաքին մասնակցել է 13 850 բնակիչ, 99 տոկոսից ավելին դեմ են արտահայտվել Լեռնաձորի համայնքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Վարչապետին ուղղված նամակում ասվում է. «Չխուսափելով իրերն իրենց անուններով կոչելուց, մենք հայտարարում ենք, որ այս գործընթացում կառավարությունը խախտել է մի շարք տեղական եւ միջազգային օրենքներ (արձանագրությունների կեղծում, հասարակական լսումների բացակայություն, տեղաբնակների դիրքորոշման անտեսում), որը հանրության շրջանում տագնապ եւ հիասթափություն է առաջացրել:
Տեղական հասարակական կառույցների դժգոհությունները, Կապան, Լեռնաձոր, Քաջարան համայնքների ավագանիների որոշումները, հանրության շրջանում տիրող լարված մթնոլորտը անտեսելով, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերության պատվերով դեռ շարունակվում են երկրաբանահետախուզական աշխատանքները Լեռնաձորի համայնքի տարածքում, որը տագնապ է առաջացրել տեղաբնակների մեջ, եւ տարածաշրջանից ոչ բնականոն արտահոսք է սկսվել: Նոյեմբերի 11-ին Կապանում կազմակերպված հանրահավաքը եւ ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները վկայում են հանրության միակարծության մասին, եւ, կառավարության կողմից վերոնշյալ փաստերը անտեսվելու դեպքում, ՀՀ քաղաքացին եւ միջազգային հանրությունը կասկածի տակ կդնի Հայաստանի Հանրապետության՝ ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու կառավարության ձգտումները:
Հիմք ընդունելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքները, ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը, մենք պահանջում ենք չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը եւ հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ»:
Օրվա բանախոսները նշեցին, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հակաուրանյան շարժմանը քաղաքական երանգ է տալիս, ու չի բացառվում, որ պատգամավորի հետ համագործակցությունը դադարեցվի:
Իսկ «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը հաղորդում է. «Չնայած հասարակական բողոքին՝ Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները, միեւնույն է, անցել են ուրանի հետախուզման հորատման աշխատանքներին եւ սկսել են Լեռնաձոր գյուղի վերեւում 140 մ խորությամբ հորատանցքեր փորել: Դա նշանակում է, որ արդեն մակերես են հանվում հանքանյութի նմուշներ, որոնք կարող են ուրան պարունակել: Բայց հորատման աշխատանքների ընթացքում գոյություն ունի ավելի մեծ վտանգ: Ինչպես նշում է երկրաբանական հետախուզման ոլորտում հայտնի մասնագետ, երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, հարկավոր է մեծ զգուշությամբ վերաբերվել շրջապտույտ կատարող ջրին, որի օգնությամբ իրականացվում են հորատման աշխատանքները: Լեռնաձորցիներն ավելի ու ավելի շատ են խոսում արտագաղթի մասին: Աշխատատեղերով ապահովված սակավաթիվ գյուղերից մեկը՝ Լեռնաձորը, կարող է դատարկվել: Ցավոք, պատասխանատու անձինք Սյունիքից արտագաղթման ռիսկերի մասին լռում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել