22 տարի է՝ Վանաձորի անտունների հարցը չի լուծվում
1988թ. աղետալի երկրաշարժից 22 տարի է անցել, սակայն երկրաշարժի շունչը դեռ զգացվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում: Երկրաշարժից անմիջապես հետո, ավերված Քիմիագործների թաղամասում 6000 տնակ տեղադրվեց՝ անօթեւան մնացած վանաձորցիներին տանիքով ապահովելու համար: Հետագայում հասցեավորելու ընթացքում պարզվեց, որ 4 տնակային ավան է ձեւավորվել: Այսօր Վանաձորում միայն 96 տնակ է մնացել, որտեղ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած միայն 1 ընտանիք է ապրում:
Մյուս տնակային ավանները համեմատաբար ավելի ուշ են ձեւավորվել, սակայն այնտեղ ապրողների թիվը համեմատաբար շատ է: Սանկտպետերբուրգյան տնակային ավանում՝ 231, Բուլղարական 1 եւ 2 տնակային ավաններում 228 ընտանիք է բնակվում: Հետաքրքիր է, որ նրանք բոլորն իրենց երկրաշարժի պատճառով են անօթեւան համարում: «Հերթի մեջ էի, երկրաշարժը եղավ, հերթս կորավ»,- ասում է Քիմշեն 1 տնակային ավանի բնակչուհի տիկին Նարինեն: Վերջերս Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Բուլղարական ավանի բնակիչներին թույլատրվել է սեփականաշնորհել տնակները. «Քանի որ հիմքը բետոնապատված է, եւ անշարժ տնակներ են, նաեւ դժվար քայքայվող, նպատակահարմար է, առայժմ անօթեւանների մի մասին այդպես ապահովել»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը: Մյուս ավաններում ավելի քիչ թվով տնակներ են մնացել՝ Հաղթանակ տնակային ավանում՝ 15, Բելառուսականում՝ 10, Պրոմեթեւսում՝ 6: Նշված տնակային ավանները դատարկելու եւ քաղաքը տնակներից մաքրելու համար 2003-07 թվականներին Վանաձորի քաղաքապետարանը 158 ընտանիքի աջակցել է՝ վարձակալությամբ բնակվելու համար հոգալով առաջին 2 տարվա վարձը, 126 ընտանիք էլ բնակվում է հանրակացարաններում, իսկ 14 ընտանիքի աջակցել է, որ տեղափոխվեն հարակից գյուղերում ապրելու, 300 դոլարին համարժեք դրամ էլ նվիրել է անասնապահությամբ զբաղվելու համար: 2001 թվականից երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած քաղաքացիների մի մասը տանիքի տեր դարձավ բնակարանների գնման վկայականով: Մի մասը հրաժարվեց ԲԳՎ-ներից, ոմանք հեռացան Հայաստանից:
Վանաձորի քաղաքապետարանը անօթեւանների համար առանձնացված տնակային ավան ընտրել է Սանկտպետերբուրգյանը, իսկ Քիմշեն թաղամասի հողատարածքը մաս-մաս աճուրդով վաճառել: Այժմ էլ «Լոռիջրմուղկոյուղի» ընկերությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 130 Ն որոշումը, հողի սեփականատերերի պահանջով տնակներում բնակվող 60 ընտանիքի զրկել է ջրից: Ընկերության տնօրեն Էդուարդ Վահանյանը պարզաբանում է. «Ես պայմանագիր ունեմ սեփականատիրոջ հետ, եթե նրա շահերից չի բխում տարածքում ջուր ունենալը, անիմաստ մեծ ջրակորուստներ են լինում, որի համար չի վճարվում, մենք ջուրը փակում ենք»: Նրա խոսքերով, տարածքը լքած բնակիչները ջրի ծորակներն ու խողովակների ծայրերը փակել են փայտով, ռեզինով, որոնցից կրկին ջուր է հոսում, ու արդյունքում՝ տարածքը ջրով է լցվում: Իսկ տնակային ավանի բնակիչները բողոքում են, որ ամեն ինչ անօրինական է եղել եւ ցույց տալիս փաստաթղթեր, ըստ որոնց իրենք դիմել են քաղաքապետարան՝ 30 հուլիսի 2007թ.-ին հողերի աճուրդին մասնակցելու համար, սակայն նրանց նույն օրը պատասխանել են, թե քանի որ հողի վրա թեկուզ շարժական գույք կա, չի կարող վաճառվել: Ու հենց նույն օրը աճուրդով 1000 քմ 10,990 միլիոն դրամով վաճառել են, օրինակ, Նարեկ Մատինյանին: Հողատարածքներն այլ սեփականատերեր էլ ունեն: «Ով գալիս է՝ հող է առնում, շինարարություն սկսում, մեր ջուրը կտրում է, գոնե մի բարակ ծորակ թողնեն, որ ձմեռը ջուր ունենանք»,- արդեն անհույս ասում են բնակիչները:
Արդեն 3 տարի է՝ ամեն առավոտ ջրի դույլերը ձեռքներին հարակից փողոցից ջուր են բերում Քիմշեն 1 տնակային ավանի բնակիչները: Նրանք էլ ժամանակին դիմել են բոլոր պատկան մարմիններին, սակայն բնակիչների ջրի հարցը, լուծվելու փոխարեն՝ քաղաքապետարան-ջրմուղ-թաղապետարան ճանապարհին «ջրվել է»:
Վանաձորի քաղաքապետարանը որոշել է բնակարանային տնտեսության հետ հանձնաժողով կազմել եւ լուծել այնտեղ բնակվողների հարցը՝ Քիմշենի տնակներն ու տնակների բնակիչներին տեղափոխել Սանկտպետերբուրգյան տնակային ավան: Բնակիչները տարակուսում են՝ 20-22 տարում տնակներն այնքան են մաշվել, որ տեղաշարժելուց հետո, եթե մաս-մաս չքանդվեն էլ՝ այլեւս պիտանի չեն լինի: Տնակների բնակիչները համոզված են, որ այդտեղից դուրս գալուց հետո կմոռացվեն, ինչպես մոռացվեցին վարձակալությամբ բնակվող ընտանիքներն ու հանրակացարաններում ծվարածները: Իսկ Վանաձորի քաղաքապետարանը կարծում է, թե նրանց տնակներից հանելով՝ քաղաքը վերջապես բարետես կդառնա: