Լրահոս
Օրվա լրահոսը

Աճպարարությունն ԱԺ-ում

Դեկտեմբեր 07,2010 00:00

«Առավոտի» նոյեմբերի 2-ի ու 30-ի համարներում հրապարակվեցին «Իրավական պետությո՞ւն, թե՞ ջեբկիրություն» եւ «Աճպարարություն. ԱԺ իշխանությունը յուրացվել է» խորագրով նյութերը:

Առաջին հոդվածն այն մասին էր, որ ԱԺ կողմից ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը 150. 000 դրամը գերազանցող աշխատավարձ ստացող հղի կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք է պարունակում եւ նրանց սահմանադրական իրավունքներն է խախտում: Աճպարարության մասին հոդվածն այն մասին է, որ ԱԺ կողմից երրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես նման խտրական ու հակասահմանադրական օրենք ընդունվելուց հետո, դրանում նորից փոփոխություն է կատարվել, եւ հարց էր բարձրացվել, թե որտեղ եւ ում կողմից է այդ փոփոխությունը կատարվել:
Խոսքն այն մասին էր, որ, ԱԺ կայքում տեղադրված օրենքի ընդունման պատմության համաձայն, օրենքի 31 հոդվածի 1-ին մասը 1-ին, 2-րդ, ինչպես նաեւ 3-րդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից …», այն դեպքում, երբ նախագահի կողմից ստորագրվել եւ պաշտոնական հրապարակման է ուղարկվել հետեւյալ բովանդակությամբ. «Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից…», այսինքն, փոխվել է նշված դրույթի իմաստը, ինչն էլ բարձրաձայնել էինք մինչեւ հրապարակումը, փորձելով հնարավորություն տալ վերացնելու խախտումը: Բանն այն է, որ օրենքում փոփոխություն կարող է կատարվել բացառապես ԱԺ պատգամավորների քվեարկությամբ, որոշակի ընթացակարգով, իսկ այս փոփոխությունը հայտնի չէ, թե ում կողմից եւ ինչպես է կատարվել:
«Առավոտի» նոյեմբերի 4-ի համարում հրապարակվել է ԱԺ լրատվականի պատասխանը, որում իմ մասին վատ-վատ բաներ են ասվում, իսկ որպես բուն նյութին վերաբերվող փաստեր նշվում է, որ ա) օրենքի նախագծի տեքստերը քննարկումների բոլոր փուլերում հրապարակվել են ԱԺ պաշտոնական կայքում, բ) փոփոխությունը կատարվել է երկրորդ ընթերցումից հետո, գ) երրորդ ընթերցման ներկայացված նախագիծը հավանության է արժանացել գլխադասային հանձնաժողովի (Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով-Կ.Մ.) կողմից, հետեւաբար իշխանության յուրացում տեղի չի ունեցել: Այժմ տեսնենք, թե նշված փաստերից գոնե մեկը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՝ ոչ:
ա) կետի վերաբերյալ առաջարկում եմ, սույն հողվածն ընթերցելուն զուգահեռ, մտնել www.parliament.am կայք, մկնիկը պահել «Նախագծեր» պատուհանի վրա եւ սեղմել «Ամբողջությամբ ընդունվածներ» պատուհանը: Բացված էջում առկա են «Նստաշրջաններ», «Հանձնաժողովներ» եւ «Փաստաթղթի անվանումը» վերտառությամբ պատուհաններ:
Բացել «Նստաշրջաններ»-ի պատուհանը եւ ընտրել 8-րդ նստաշրջանը (14.09.10թ.-09.12.10թ.), այնուհետեւ բացել «Հանձնաժողովներ»-ի պատուհանը եւ ընտրել Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, որից անմիջապես հետո «Փաստաթղթի անվանումը» վերտառության ներքո կհայտնվեն փաստաթղթերը, որոնցից 1-ին համարի տակ մեզ հետաքրքրող՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին փաստաթուղթն է՝ «Նախագծի պատմություն» պատուհանով, որն էլ պետք է սեղմել եւ մտնել այդ էջ, որի 1-ին սյունակը վերնագրված է «Փաստաթղթի կոդ», 3-րդը՝ «Եզրակացություններ», 4-րդը՝ «Պատմություն», որի տակ առկա են «Ընդունվել է առաջին ընթերցմամբ», «Ընդունվել է երկրորդ ընթերցմամբ», «Ընդունվել է երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ» պատուհանները, որոնք էլ պետք է սեղմել, պարզելու համար, թե յուրաքանչյուր ընթերցմամբ օրենքն ինչ բովանդակությամբ է ընդունվել: Վերը նշված պատուհանները սեղմելուց հետո բացվում են նոր էջեր տվյալ նիստին քվեարկված օրենքների կոդերով, որոնցից էլ պետք է սեղմել մեզ հետաքրքրող օրենքի կոդը, որն էլ կբացի համապատասխան ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի տեքստը:
Ակամայից հասանք բ) կետում նշված փաստի ստուգմանը, ինչի համար անհրաժեշտ է ընթերցել օրենքի նախագծի վերջին՝ 31 հոդվածի 1-ին մասը, որը բոլոր երեք ընթերցմամբ ընդունված նախագծերում էլ ունի հետեւյալ ձեւակերպումը. «Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»: Դա նշանակում է, որ 27.10.2010թ. ԱԺ-ն 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ օրենքն ընդունել է հենց վերը նշված տեքստով եւ ոչ թե. «Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից…» տեքստով, ինչպես ուղարկվել է ստորագրման ու հրապարակման:
Երկրորդ ընթերցումից հետո վերը նշված փոփոխությունը կատարված լինել-չլինելու եւ երրորդ ընթերցման ժամանակ օրենքի նախագիծը փոփոխված տեքստով քվեարկության դրված լինելու փաստը կարող ենք ստուգել ծանոթանալով նաեւ ԱԺ 27.10.2010թ. նիստի սղագրությանը (https://parliament.am/transcript.php?AgendaID=2060&day=27&month=10&year=2010&lang=arm#27.10.2010), որում օրենքի փոփոխության մասին որեւէ խոսք չի գնում: ԱԺ նախագահը հայտարարում է, թե ինչ հարց է դրվում քվեարկության, իսկ մինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարում է, որ նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել հասարակական սեկտորի մոտ՝ կապված հղիության եւ ծննդաբերության նպաստի մեծությունն անիրավաչափորեն սահմանափակելու հետ, եւ ՀՀԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքների նախագծերին: Որից հետո էլ օրենքը դրվում է քվեարկության եւ ընդունվում է երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Այսինքն, օրենքում կատարված փոփոխության մասին խոսք չի գնում, հակառակ դեպքում դա պետք է հայտարարվեր եւ քվեարկվեր:
Այժմ անդրադառնանք գ) կետում նշված փաստին եւ տեսնենք, թե գլխադասային հանձնաժողովը հավանություն տվե՞լ է նման փոփոխությանը, թե՝ ոչ: Դրա համար պետք է կրկին մտնել «Նախագծի պատմություն» էջը, որի «Եզրակացություններ» վերտառությամբ 3-րդ սյունակում սեղմել «Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով» պատուհանը: Բացված էջում կտեսնենք, որ հանձնաժողովում հարցին անդրադարձ է եղել 2 անգամ, 1-ինը՝ 28-րդ նիստ՝ 08.09.10թ., 2-րդը՝ 29-րդ նիստ՝ 30.09.10թ., իսկ այդ պատուհաններն էլ սեղմելու դեպքում կտեսնենք նիստերի արձանագրությունները: Այն դեպքում, երբ նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվել է 05.10.2010թ., որից հետո էլ պետք է հանձնաժողովի եզրակացությունը լիներ փոփոխության մասին, ինչն առկա չէ, իսկ հանձնաժողովն այդ հարցին անդրադարձած լինելու դեպքում, դա պետք է արձանագրված լիներ (ԱԺ կանոնակարգի 29 հոդված 6-րդ կետ) եւ ԱԺ կայքում տեղադրված, ինչպես վերը նշված նիստերինը: Սրանք փաստերն էին, իսկ այժմ նման փոփոխության իրավական հնարավորության մասին: ԱԺ կանոնակարգի 71 հոդվածի համաձայն, երկրորդ ընթերցումից հետո օրենքում կարող է բացառապես խմբագրական փոփոխություն կատարվել, որը չի փոխի ընդունված տեքստի իմաստը:
Դա նշանակում է, որ նշված փոփոխությունը չէր էլ կարող կատարվել, քանի որ տեքստի իմաստն է փոփոխվել դեկտեմբերի 1-ին հրապարակված օրենքը ուժի մեջ է մտել նույն օրը, այն դեպքում, երբ պետք է ուժի մեջ մտներ հրապարակվելուց հետո 10-րդ օրը: Ավելին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի համաձայն՝ անձի իրավունքները սահմանափակող, ինչպես նաեւ նրա իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Ինչպես տեսնում ենք, նման փոփոխության իրավական հնարավորությունն էլ չի եղել: Այնուամենայնիվ, ԱԺ կայքում հայտնվել է նաեւ օրենքի 31 հոդվածի 1-ին մասի՝ «Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից…» տեքստով տարբերակ, ինչը սակայն մի բան է նշանակում, որ աճպարարությունը կատարվել է ԱԺ-ում եւ ոչ թե, ասենք, նախագահականում: Այժմ անդրադառնամ ԱԺ պատասխանում իմ մասին գրված վատ-վատ բաներին: Ճիշտն ասած, չեմ էլ ցանկանում անդրադառնալ, քանի որ ինձ նման որակումներ տալը ոչ թե իմ մասին է խոսում, այլ՝ որակումներ տվողի: Բայց մի արտահայտության անդրադառնամ: Պատասխանն ավարտվում է հետեւյալ կերպ. «Գուցե հոդվածագիրը կարիք ունի մասնագիտական գովազդի, պետք է հիասթափեցնենք, աճպարարությամբ գովազդի ուղին կարճ է»:
Տեսնելով հղի կանանց նկատմամբ կատարված անարդարությունը, ես նախաձեռնում եմ նրանց շահերի անշահախնդիր պաշտպանությունը, իսկ ԱԺ-ն դա համարում է մասնագիտական գովազդի համար արվող քայլ: Ինչ է ստացվում, հղի կնոջ թասիբին կանգնելու, նրան պաշտպանելու համար էլ տղամարդը, հայ տղամարդը պետք է այլ, հետին նպատակ ունենա՞: Զարմանալի չէ, որ նման գնահատականը քաղաքական մարմին ԱԺ-ից է դուրս գալիս, եւ պարզ է դառնում, թե ինչու է քաղաքականությունը համեմատվում անբարոյականության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել