Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ 2 ՏԱՐԲԵՐ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի «Թեժ գծին» էր դիմել Մարջիկ Փայտյանը: Լրացել է նրա թոռնիկի՝ Արթուր Փայտյանի 18 տարին: Արթուրի մայրը մահացած է, հայրը մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ 3 երեխայի խնամքով զբաղվում է տատիկը:
Արթուրը որպես նորակոչիկ ենթարկվել է բժշկական քննության ու քանի որ ունի լուրջ առողջական խնդիրներ, նրան տրվել է լրացուցիչ հետազոտման ուղեգիր: Այս տարվա սեպտեմբերի 27-ին նա «Էրեբունի» ԲԿ-ում ենթարկվել է հետազոտության: Նշվել են հիվանդության օբյեկտիվ տվյալները՝ դաստակները շոշափման ժամանակ սառնոտ են, ցիանոտիկ երանգավորմամբ, եղունգները գունատ, առանց դեֆորմացիաների, առկա է «սպիտակ բծի» սիմպտոմը, շարժումները՝ առանց սահմանափակումների, ափերը՝ խոնավ: Նշվել է նաեւ, որ երեխայի մոտ առկա է արյան հոսքի իջեցում ափային զարկերակներում երկու կողմից: Հետազոտության արդյունքում տրվել է ախտորոշում՝ «Վերին վերջույթների անգիոնեւրոզ, արյան շրջանառության եւ ֆունկցիայի չափավոր խանգարումով»: Չգիտես ինչու, Կենտրոնի զինկոմիսարիատին այդ ախտորոշումը չի բավարարել եւ տրվել է կրկնակի հետազոտման ուղեգիր, այս անգամ՝ «Արմենիա» ԲԿ: Նոյեմբերի 22-ին «Արմենիայում» հետազոտվելով, տրվել է ախտորոշում՝ «Վերին վերջույթների անգիոտրոֆնեւրոզ՝ առանց ֆունկցիայի եւ արյան շրջանառության խանգարման»:
Արթուրի տատիկը՝ Մարջիկ Փայտյանը, զարմացած է, թե այդ ինչպես է, որ երկու ամսվա ընթացքում երկու բուժհիմնարկները տվել են իրարամերժ եզրակացություններ, այն դեպքում, երբ որեւէ բուժում այդ ընթացքում երեխան չի ստացել: «Ինձ մտահոգում է երեխայի առողջականը, եւ շատ ուրախ կլինեմ, որ նա առողջության հետ խնդիրներ չունենա ու ծառայի բանակում՝ իր պարտքը կատարելով հայրենիքի առջեւ: Յուրաքանչյուր ծնող առաջին հերթին ցանկանում է, որ իր երեխան առողջ լինի: Նա ապագա հայր է, եւ ես մտահոգված եմ, որպեսզի երեխաս առողջ լինի եւ առողջ սերունդ ունենա»,- ասում է տիկին Մարջիկը: Ի դեպ, Արթուրի ավագ եղբայրը, առանց որեւէ խնդրի, ծառայել է բանակում եւ վերադարձել հենց այս ամռանը, ստանալով շնորհակալագրեր:
Մ. Փայտյանը, վկայակոչելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, ուր նշված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին, արժանանալ հարգալից վերաբերմունքի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից, ինչպես նաեւ իրազեկ լինել իր հիվանդության մասին, հասարակական խորհրդից խնդրել է թոռնիկին տալ դոպլեր հետազոտության ուղեգիր՝ մեկ այլ բուժհիմնարկում հետազոտություն անցնելու համար:
«Որպեսզի փարատվեն իմ կասկածները՝ երեխայի հիվանդության հետ կապված, խնդրել եմ նոր ուղեգիր: Հույս ունեմ, որ երեխան կհետազոտվի այնպիսի բուժհիմնարկում, որտեղ կան ժամանակակից սարքավորումներ եւ բանիմաց ու սրտացավ բուժանձնակազմ»,- հասարակական խորհրդի անդամների հետ շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է Մ. Փայտյանը: Որոշվել է տատիկի հարցը ներկայացնել նաեւ ՀՀ ՊՆ-ին՝ նրան այդ հնարավորությունը տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել