Երեկվանից «Կոնվերս բանկ»-ը հանդես է գալիս «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայով: Ակցիայի շրջանակներում, բանկը «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներին կմատուցի ամանորյա անակնկալներ: Նախօրոք կատարած հարցման միջոցով բանկի աշխատակիցները պարզել են մանկատան սաների ամանորյա ցանկությունները՝ կապված Ձմեռ պապի նվերի հետ: Այնուհետեւ, բանկում տեղադրված եղեւնու ճյուղերին՝ իբրեւ տոնածառի խաղալիք փակցվել են երեխաների ցանկությունները եւ լուսանկարները: Բարեգործական ակցիային մասնակցում են բանկի աշխատակիցները, միաժամանակ բարեգործության հնարավորություն է տրված նաեւ բանկի հաճախորդներին: Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի իր ներդրումն անել այս ակցիայում, կարող է մոտենալ տոնածառին, վերցնել տոնածառի խաղալիքի տեսքով պատրաստված մանկատան երեխայի ցանկությունը եւ այն իրականացնել: Վերջիններիս բարեգործությունը կարող է արտահայտվել ինչպես անմիջապես երեխայի ցանկության տեսքով, այնպես էլ համապատասխան դրամական օժանդակությամբ: Որպես օրինակ նշենք, որ մանկատան երեխաների ամանորյա ցանկություններն այնքան համեստ են, որ սահմանափակվում են շոկոլադե սալիկից մինչեւ բջջային հեռախոսի շրջանակներում: Յուրաքանչյուր բարերար, իրականացնելով երեխայի ցանկությունը՝ որպես հաճելի հիշողություն կստանա հուշանվեր՝ կապանցի կնոջ ձեռքով պատրաստված ձեռագործ Ձմեռ պապ կամ Ձնեմարդ: Ի դեպ, սա նույնպես բարեգործության արտահայտման մի եղանակ է, քանի որ կապանցի կինը ունի 3 երեխա եւ նույնպես կարիքավոր է:
Ակցիայի վերջում բանկի աշխատակիցները եւ ցանկության դեպքում՝ նաեւ բարերարները, կհյուրընկալվեն մանկատանը, որտեղ երեխաները Ձմեռ պապի կողմից կստանան իրենց ցանկալի ամանորյա նվերներն ու անակնկալները: