«Վիշապների» այգում կառուցապատելու համար հանրային լսումներ պետք է իրականացնեն
Վերջին 5 օրերին «Վիշապների պուրակում» հարակից շենքերի բնակիչները մոտ 50 ծառ են տնկել ու համարակալել, առավոտից իրիկուն էլ, աչքները չորս արած, հսկում են: Բնակիչների պատմելով, սա արել են, որ այգու նորելուկ սեփականատերը լավ տեսնի՝ պուրակը ամայի չէ, ինչպես ներկայացրել էր, այն բնակիչներինն է: «Անտիկ աշխարհից եկող վիշապների այս եզակի նմուշների պահպանությունը հանձնված է Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւին, հետաքրքիր է, էդ երիտասարդները չէի՞ն տեսնում, որ վիշապներից մի քանիսն ընդգրկվել են շինտարածքը սահմանող ցանկապատի ներսում, ո՞ւր էին այդ երիտասարդները»,- «Առավոտի» հետ զրույցում հարցնում էր «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հ/կ տնօրեն Սեդա Մելիքյանը:
Շաբաթ օրը այգու պահպանությամբ շահագրգռված մի խումբ քաղաքացիների ու Նոր Նորքի վարչական համայնքի ներկայացուցչին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ առաջիկայում հանրային քննարկումներ կազմակերպելու մասին խոստումն էր այգի բերել: Եկան, տեսան, որոշեցին՝ առաջիկայում բնակիչները կհանդիպեն վարչական շրջանի ղեկավարին ու, համատեղ համաձայնության դեպքում, կհայտարարեն, թե երբ, որտեղ ու ժամը քանիսին սկսեն հանրային քննարկումները: Նախքան այս համաձայնության գալը, բնակիչներն ու վարչական շրջանի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը շատ տարաձայնություններ ունեցան: Պարոն Հովհաննիսյանը բնակիչներին նախ առաջարկեց՝ 30-օրյա ժամկետում ուսումնասիրել իրավիճակն ու իրենց կարծիքը, եզրակացությունը ներկայացնել: Բնակիչներից մեկն էլ պատասխանեց. «Ընկեր ջան, 2002 թվականից ուսումնասիրում ու պայքարում ենք այգու ոչնչացման դեմ, ի՞նչ լոլո ես կարդում»: «Տե՛ր կանգնենք «Վիշապի պուրակին», կանխենք ոչնչացումը» ակցիայի անդամ Լենա Նազարյանն էլ, պարոն Հովհաննիսյանին դիմելով, մեջբերեց հասարակությանն իրազեկման մասին գործող կարգը, որի համաձայն. «Դուք հիմա պետք է հայտարարեք հանրային լսումների տեղն ու ժամանակը, ոչ թե բնակիչներին ասեք 30 օրվա ընթացքում ներկայացնեն եզրակացություն: Ազատ ու բաց քննարկում պետք է լինի»: Ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Հարգելի՛ս, ձեր բոլոր հարցերին պատասխանելու համար ես պետք է լինեմ իրավաբան, շինարար, բնապահպան: Էդպիսի տեղ չկա, որ ձեզ համար հանրային լսումներ ապահովենք»: Բնակիչներն էլ հիշեցրին, որ բացի այն, որ օրենքն է դա պահանջում, նաեւ բնապահպանության նախարարն անձամբ է խոստացել: Պարոն Հովհաննիսյանն էլ ասաց. «Կզեկուցեմ թաղապետին, որ դուք լսումներ եք ուզում, թող տեղ հատկացնեն, մի դպրոց կամ մանկապարտեզ… ուրեմն 2-3 գրագետ բնակիչ պետք է գան, տեսնեն շենքի կառուցման փաստաթղթերը»: Բնակիչներից մեկն էլ՝ Աշոտ Հայրապետյանն ասաց, «Մեզ չեն էլ հետաքրքրում, թե էդ գծագրերը ոնց են արված, երկրաշարժին կդիմանան, թե՝ ոչ: Դրանք փորձագիտական փաստաթղթեր են, մերը բարոյական, նույնիսկ քաղաքական խնդիր է, վերջ, էլ ինչ եզրակացություն: Մեզ ցույց տվեք, թե ինչպես ու ինչու է հանրային այգին վաճառվել: Տարածքի 75%-ը պետք է ոչնչացվի, 140 հատ ծառ վերացվի, ընդ որում՝ այստեղ տնկված սոսիները կարմիր գրքում են գրանցված, ինչ է, թե 18- հարկանի շենք է կառուցվում: Դուք պատժել, տուգանել եք այդ կազմակերպությանը, նրանք գերեվարել էին 4000 տարվա խոյին, կտրել ծառեր, հիմքեր քանդել: Մի քաղաքացի, որ մի հատ փոս փորեր, կգային հազարներով կտուգանեին: Դուք նախ այս հարցերով զբաղվեք, հետո նոր կգանք եզրակացություն ներկայացնելու»: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Եթե այգու տարածքը վաճառել են, գործը շատ-շատ է դժվարանում: ԱԺ-ում առաջիկայում քաղաքապետարանի հողհատկացման գործունեության հարցն ենք բարձրացնելու: Սուսուփուս, գիշերով աճուրդ են հայտարարում, մյուս օրը հայտարարում, թե հողը վաճառեցին, մեխը սրա վրա ենք դնելու»: