Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՅՈՒՆ ՓՈՂՈՑՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Դեկտեմբեր 07,2010 00:00

Հրդեհից տուժածներին անգամ տնակով չեն ապահովում

\"\"Մաշտոց-Կորյուն փողոցների հատման անկյունում՝ պոնչիկանոցի հետեւի բակը երեկ մեր այցելության պահին աղետի գոտի էր հիշեցնում: 12-րդ օրն է, ինչ տասնյակ ընտանիքներ, երեխաներով հանդերձ, ձմռան այս ցրտին դրսում են ապրում: Բակում խփած վրանը, կարելի է ասել, եղած-չեղածի հաշիվ է, քանի որ մի կերպ է տեղավորում այդքան ընտանիքների, հատկապես որ՝ ցրտից գրեթե չի պաշտպանում: Նշենք, որ այս ընտանիքները ընդամենը 1-2 ժամվա մեջ դարձան անօթեւան. բակում բռնկված հրդեհը հիմնահատակ ավերել էր մարդկանց բնակարաններն ու գույքը:
Այս օրերի ընթացքում մեր երկրի եւ ՀՀ քաղաքացիների համար պատասխանատու եւ ոչ մի պաշտոնյա չի այցելում ու հետաքրքրվում, թե հրդեհից տուժած մարդիկ ինչպես եւ որտեղ են ապրում: Միայն հասարակ քաղաքացիներ են մեկ-մեկ մոտենում, հարցնում, թե ինչով կարող են օգտակար լինել: «Կարմիր խաչը» մի քանի ծածկոց եւ մետաղյա սպասք է \"\"տվել՝ յոլա գնալու համար: 1-2 անգամ էլ երիտասարդական մի կազմակերպությունից ուսանողներ սնունդով են օգնել:
«Զարմանում ենք իշխանությունների անտարբեր վերաբերմունքից: Կարծես թե մենք հայ չլինենք: Ընտրությունների ժամանակ պարտաճանաչ ներկայանում են, մեր մեջ տղաներ կան, որ Ղարաբաղում կռվել են, մենք որպես ՀՀ քաղաքացի օրինապաշտ ենք եղել, իսկ մեր կառավարությունն անգամ մի հատ շտապօգնության մեքենա չի ուղարկում՝ տեսնի, թե էդ սթրեսից հետո էս մարդիկ ինչ վիճակում են: Օրը մեջ մենք ենք շտապօգնություն կանչում, բժիշկները գալիս են՝ ճնշում չափում ու տեսնում, որ շատերի մոտ ճնշման տատանումներ կան, ասում են՝ դե նորմալ է, էդպես էլ պիտի լիներ, բա նենց սթրես եք տարել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գեւորգ Սարգսյանը:
Անօթեւան բնակիչները, հույսները կտրած որեւէ օգնությունից, վրանի վրա իրենց հրդեհված տան հասցեներն են փակցրել, փայտի վառարան են դրել ու հավաքվել վառարանի շուրջը: Սակայն ոչ բոլորն են այստեղ կարողանում գիշերել, տեղը փոքր է եւ անհարմար, ուստի տղամարդիկ մի կերպ քնում են վրանում, իսկ կանայք ու երեխաները ծանոթ-հարեւանների տանը:
Մեզ հետ զրույցում երեխաներն ասացին, որ ոչ սիրտ, ոչ էլ ցանկություն ունեն դպրոց գնալու: Դպրոցից էլ որ գալիս են, դասերը սովորելու հարմար տեղ չունեն:
\"\"Անօթեւանների համար մի մեծ խնդիր է նաեւ զուգարանի եւ լողանալու հարցը. բնակիչների խոսքերով, ստիպված են լինում վառված տներում գնալ զուգարան, ինչը սակայն խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Կիսավեր տները ամեն վայրկյան փլվելու վտանգի տակ են, սակայն նրանք այլ ելք չունեն: Մոտ մեկ շաբաթ առաջ բնակիչները դիմել են ՀՀ նախագահին, սակայն, ինչպես պարզվում է, նախագահն էլ որեւէ կերպ չի արձագանքել: Ընդամենը նրանց նամակը նախագահականից մակագրվել է քաղաքապետարան, որտեղ գրված է. «Ձեր հարցերով կզբաղվի Երեւանի քաղաքապետարանը»: Իսկ քաղաքապետարանն էլ բնակիչներին պատասխանել է, որ իրենց դիմումին կպատասխանեն 30 օրվա ընթացքում: Եթե աղետի գոտու բնակիչներին գոնե մետաղյա տնակներ էին հատկացվել, այս բնակիչներին անգամ դա էլ չեն անում. նրանք ստիպված են Ամանորն ու ցուրտ ձմեռն անցկացնել վրանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել