Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց քաշքշուկների եւ ինքնուրույն

Դեկտեմբեր 07,2010 00:00

«Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը, միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանեցումը ոչ միայն ՊԵԿ-ի ռազմավարական առաջնահերթությունն է, այլեւ բխում է երկրի նախագահի այն հանձնարարականի տրամաբանությունից, որ անհրաժեշտ է գնացքի ռելսերը ընթացքից փոխել առանց խաթարելու այդ ընթացքը»,- ասված է ՊԵԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում: Ներկայացնելով այս ուղղությամբ նախատեսված անելիքները՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշում է, որ առկա խնդիրների քննարկման եւ կոնկրետ անելիքների հստակեցման նպատակով դեկտեմբերի 4-ին համակարգի բոլոր տեսչությունների ղեկավարների եւ հարկ վճարողների սպասարկման բաժինների պատասխանատուների մասնակցությամբ ՊԵԿ-ում հրավիրվել է ընդլայնված խորհրդակցություն: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ինքնագնահատման համակարգի վերջնական կայացման խնդրին, որպեսզի հարկատուի համար հարկային մարմինը լինի ոչ թե հարկեր հավաքող, այլ նրանց հարկերը ֆիքսող մարմին: Այս առումով Գ. Խաչատրյանի հստակ հանձնարարականն է եղել՝ հասնել նրան, որ հարկատուն ինքնուրույն հաշվարկի եւ վճարի իր իրական հարկերը: Նա կարեւորել է տարածքային ստորաբաժանումների, յուրաքանչյուր հարկային ծառայողի դերը, փաստել է, որ հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերի պարզեցումը հեռու է բարվոք համարվելուց եւ դեռեւս առկա են մի շարք բացասական երեւույթներ: Գ. Խաչատրյանը հանձնարարել է զերծ մնալ անհարկի քաշքշուկներից, ավելորդ թղթաբանությունից եւ հատուկ ուշադրություն դարձնել հարկ վճարողների հետ առօրյա շփումներում սպասարկման աշխատակիցների կողմից դրսեւորվող կեցվածքին, պահելաձեւին, հարկ վճարողների իրազեկման գործընթացներին: Կոմիտեի նախագահը նաեւ վճռականություն է արտահայտել հարկ վճարողների սպասարկման ոլորտում որեւէ թերացում կամ խախտում թույլ տված հարկային ծառայողների նկատմամբ «Հարկային ծառայության մասին» օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել