Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԻԿ ՓՈՂ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ամբողջ աշխարհում լրագրողական կաշառակերության դեպքերը նկարագրող զեկույցը փաստում է՝ ցածր աշխատավարձը կոռուպցիայի «արտոնագիր» է լրագրողների համար:

ԱՄՆ-ում գործող Միջազգային լրատվամիջոցներին աջակցության կենտրոնը (CIMA) վերջերս հրապարակել է զեկույց, ըստ որի՝ զարգացող երկրներում լրագրության հիմնական խնդիրները կաշառքն ու շորթումն են: «Կանխիկ փող՝ հրապարակման համար» զեկույցում նկարագրված է, թե ինչպես են լրագրողներին կաշառքներ տալիս մամուլի ասուլիսներում, ինչպես են քաղաքական գործիչները վճարում լրագրողների ծառայությունների համար եւ այլն: Զեկույցի հեղինակը՝ Բիլլ Ռիսթովն ինքն էլ լրագրող է, որն աշխատել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Աֆրիկայում:
Մի քանի մեջբերումներ անենք այդ զեկույցից: Գանայում ասուլիսներին մասնակցող լրագրողներին տրվում են շագանակագույն ծրարներ, որոնցում 20$-ին համարժեք գումար է: Կամբոջայում թերթերը հրապարակում են հատուկ թողարկում՝ նվիրված քաղաքական գործչի ծննդյան օրվան, հետո հաշիվ ներկայացնում շնորհավորանքների համար:
«Կանխիկ փող՝ լրատվության համար: Սա լրատվության մութ կողմն է, որը դրսեւորվում է ամեն օր՝ աշխարհում ինչ-որ տեղ,- ասում է Տեխասի համալսարանի լրագրության կենտրոնի տնօրեն Ռոզենթալ Ալվսը:- Այս խնդիրը շատ չի լուսաբանվում: Մենք այնքան շատ ենք զբաղվում լրագրողների պաշտպանությամբ, որ երբեմն դառնում ենք ամաչկոտ՝ լուսաբանելու կամ բացահայտելու մեր արհեստի այս կողմը»:
Զեկույցում մեջբերված է Հարավային Աֆրիկայից մի լրագրողի խոստովանությունը, թե ինքը եւ մի քանի այլ լրագրողներ կանխիկ դրամ են ստացել, որ օգնեն Աֆրիկյան ազգային կոնգրեսին պայքարելու իր մրցակիցների դեմ: Կամբոջայում թերթերը նշանավոր գործիչներից կամ գործարարներից կորզում են գումարներ՝ չհրապարակելու հոդվածներ, հատկապես, երբ դրանք վերաբերում են ապօրինի անտառահատումներին, մաքսանենգությանը կամ կոռուպցիային: Խոշոր սկանդալների մասին նյութեր չհրապարակելու արժեքը կարող է 1000$-ից ավելին լինել՝ ասվում է զեկույցում: Ուկրաինայում խնդիրն առավել դրսեւորվում է թաքնված գովազդի միջոցով՝ հրապարակման, որի վերաբերյալ չի նշվում, թե դրա դիմաց վճարված է. «Հեռուստաընկերություններն այդպես վաճառում են իրենց լրատվական թողարկումներում հաղորդումներ եւ ամբողջական ծրագրեր»,- նշված է զեկույցում, ըստ որի՝ նույնիսկ ազնիվ լրագրողներն են հաճախ մեղադրվում կաշառակերության մեջ:
Լիբանանում լայնորեն տարածված է լրագրողներին նվերներ տալու պրակտիկան: Զեկույցում մեջբերված է «Լիբանանի ձայն» ռադիոկայանի մի աշխատակցի պատմածը, թե որոշ քաղաքական գործիչներ նախատեսում են բյուջե՝ կաշառքի համար. «Ըստ ձեր աստիճանի կամ այն լրատվամիջոցի, որի համար աշխատում եք՝ դա կարող է լինել ավտոմեքենա կամ laptop»:
Պերուում գաղտնի ոստիկանության ղեկավարը կաշառում է դատավորներին, քաղաքական գործիչներին եւ ԶԼՄ-ներին եւ պահում մատյաններ՝ այդ գործարքների մասին:
Նիկարագուայում կա «Լրագրողի օր», որը վերածվել է ԶԼՄ-ներին կաշառման օրվա. պաշտոնյաներն այդ օրը նվերներ են ուղարկում լրագրողներին՝ սննդամթերքի զամբյուղներից մինչեւ կանխիկ դրամ:
Զեկույցում մեջբերված են հետազոտության տվյալներ, թե հատկապես ինչպես է դրսեւորվում կաշառատվությունը լրագրության մեջ. կաշառվում է անմիջականորեն լրագրողը կամ խմբագիրը, որն էլ իր հերթին թելադրում է լրագրողին՝ ինչ գրել կամ չգրել. «Եվ վերջապես՝ հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, կարող են լինել բավական պաշտոնական պայմանավորվածություններ: Կարող է նույնիսկ լինել օրինական պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունն ամսական գումար է վճարում լրատվական կազմակերպությանը՝ իր մասին որոշակի թվով հոդվածներ հրապարակելու դիմաց»: Ընդ որում՝ այս վերջինն ավելի տարածված է, քան անմիջականորեն լրագրողին կաշառելը:
Զեկույցը նաեւ անդրադառնում է «ինչու է դա պատահել» հարցին: Պատասխանը ե՛ւ պարզ է, ե՛ւ բարդ՝ ինչպես եւ կաշառակերության ու կոռուպցիայի այլ դեպքերում. «Հիմնական պատճառները տնտեսական են: Շատ երկրներում լրագրողները, անգամ լավագույնները՝ լավ չեն վարձատրվում»: Զեկույցի եզրակացություններում հետո նշվում է. «Լրատվամիջոցների սեփականատերերը եւ կառավարիչները պետք է գիտակցեն՝ վճարելով նման ցածր աշխատավարձ, կոռուպցիայի «արտոնագիր» են տալիս իրենց լրագրողներին»:
Ի դեպ, անգամ լավ վարձատրվող ու բարձր մասնագիտացում ունեցող արեւմտյան լրագրողներն են ընդունում, ասենք, Եվրոպական միության կողմից իր խորհրդարանի կամ այլ կառույցների գործունեությունը լուսաբանելու համար փոխադրամիջոցների, սննդի եւ կացարանի դիմաց փոխհատուցում, ինչը, զեկույցի հեղինակի կարծիքով, բարդացնում է այդ կառույցի դեմ գրելը: Ընդ որում, նշվում է նաեւ, թե լրագրողներն իրենք էլ առանձնապես չեն սիրում «վարձատրության» այս ձեւը, բայց չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել այլընտրանք:
Ուշագրավ է, թե լրագրողական կաշառակերության դեմ ինչ մեթոդներ են առաջարկվում այս զեկույցում: Նախ մեջբերված է լրագրողների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ լույս տեսած ձեռնարկից. «Ձեր ազնվությունը նման է կուսության, այն կարող եք կորցնել միայն մեկ անգամ. մեկ անգամ ընդունելով կաշառք՝ կարող եք այլեւս երբե՛ք չլինել վստահելի պրոֆեսիոնալ անձ»: Գուցե նման կոչերը կարող են ազդեցիկ լինել անհատ լրագրողների պարագայում: Իսկ ավելի բարձր մակարդակի լրագրողական կաշառակերության համար մասնավորապես առաջարկվում է, որ ԶԼՄ-ների զարգացման կազմակերպություններն աջակցեն պատասխանատվության այնպիսի համակարգերի, ինչպիսիք են, ասենք, լրագրողական օմբուդսմենները: Սակայն գլխավոր առաջարկը հետեւյալն է. «Եկեք քննարկենք»՝ համոզված լինելով, թե որքան շատ հրապարակայնորեն խոսվի այս մասին, այնքան ավելի քիչ կլինեն նման դեպքերը: Զեկույցի հեղինակը համարում է, թե սա կլինի դժվար, բայց կարեւոր առաջին քայլը լրագրողների համար՝ ընդունելու, թե սեփական տունը մաքրելը կարեւոր է նույնքան, եթե ոչ ավելի՝ քան ուրիշների թերացումներն ի ցույց դնելը. «Մենք սիրում ենք լուսարձակը պահել այլոց, բայց ոչ ինքներս մեզ վրա»:

Հ. Գ. Բնականաբար՝ զեկույցում նկարագրված բոլոր խնդիրները կան նաեւ Հայաստանում: Մի դիտարկում միայն՝ առայժմ մեր երկրում լրագրողներին չեն փորձում կաշառել այնպես, ինչպես Լիբանանում, այսինքն՝ ավտոմեքենայով: Թերեւս Հայաստանի համար առավել հատկանշական են այն գները, որոնք այս կապակցությամբ կան Աֆրիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել