Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահվան ելքով վրաերթ՝ «մերսեդես-500»-ով

Դեկտեմբեր 07,2010 00:00

Այս տարվա հոկտեմբերի 28-ին տեղեկացրել ենք, որ մեկ օր առաջ՝ երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Մայիսի 9-ի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի եւ թողնելով նրանց անօգնական վիճակում՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկված տղամարդը՝ Արտեմ Անտոնյանը, տեղում մահացել էր, իսկ Վիկտորյա Շահբազյանը մահացել էր հիվանդանոցում: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) եւ 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Շաբաթ օրը ոստիկանները հայտնաբերել են վրաերթը կատարելու մեջ կասկածվողին՝ ոսկու շուկայի աշխատակից, 29-ամյա Արա Աբրամի Գյուրջյանին: Վերջինս աշխատում է Երեւանի Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում: Ա. Գյուրջյանը հոկտեմբերի 27-ի երեկոյան իր անձնական «Մերսեդես G 500» մակնիշի 14 PP 444 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի Մայիսի 9-ի փողոցում վրաերթի է ենթարկել Արտեմ Անտոնյանին եւ Վիկտորյա Շահբազյանին, որից հետո լվացել է մեքենայի վրայի արյան հետքերը, իսկ մնացած հետքերը վերացնելու նպատակով ավտոմեքենան տարել է արհեստավորի՝ «դզող-փչողի» մոտ եւ ասել, թե մեքենան վնասվել է ծառին հարվածելու արդյունքում:
Այս պահին Գյուրջյանը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից ձերբակալվել է եւ տեղափոխվել Երեւանի ձերբակալվածների պահման վայր, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Այսօր քննչական մարմինը դիմելու է Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի վրաերթի մեջ կասկածվող Գյուրջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել