Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյանը կջախջախի Ադրբեջանին

Դեկտեմբեր 07,2010 00:00

Անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելով Բաքուն

«Մոտ ժամանակներս, ամենահարմար պահին, Ադրբեջանը մտադիր է դիմել խոշոր ռազմական սադրանքի». ադրբեջանական գաղտնի ծառայությունների այս ծրագիրը, ենթադրաբար՝ իր բոլոր մանրամասներով, հայտնի է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանին: Համենայնդեպս, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա բարձրաձայնեց սույն տեղեկության մասին՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին, չմանրամասնելով՝ դրանք հայկական, թե ադրբեջանական են։ Այս գույժից հետո նա միանգամից սկսեց հանգստացնել. «Բայց մենք անհանգստանալու ոչինչ չունենք, քանի որ մեր ղեկավարությունը դրա մասին քաջատեղյակ է»։ Հա՜, ոնց միանգամից չէինք գլխի ընկել՝ ադրբեջանական գաղտնի ծառայություններն իրենց ծրագրերի վերաբերյալ սրտաբաց զրույցի են նստում մեր ղեկավարության հետ, դե, վերջիններս էլ, բնական է, միանգամից դրանց դեմն առնում են: Ինչեւէ. «Այս անգամ Ադրբեջանը կենթարկվի վերջնական ջախջախման, եւ տարածաշրջանում հնարավոր կլինի հաստատել կայուն խաղաղություն միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի մասին պայմանագիր կնքվի Բաքվում։ Այլ միջոց՝ խուսափելու տարածաշրջանում ռեւանշիստական պատերազմի վերսկսման վտանգից, գոյություն չունի»,- հայտարարեց բանախոսը։ Մեր քաջատեղյակ ղեկավարությունն է երեւի վստահեցրել: Այվազյանը նաեւ մեծ-մեծ բաներից խոսեց: Ասենք՝ Աստանայի համաժողովից, ու կարծիք հայտնեց, որ Աստանայի հանդիպումն Ադրբեջանի համար վերջին հնարավորությունն էր փոխադարձ զիջումների ճանապարհով լուծելու ղարաբաղյան հակամարտությունը. «Քանի որ Ադրբեջանը բաց թողեց այդ հնարավորությունը, ապա տարածաշրջանում տեղի կունենան անդառնալի վարչաքաղաքական եւ ժողովրդագրական փոփոխություններ։ Իսկ Ադրբեջանի համար լավագույն զիջումը Հայաստանի կողմից կլինի պատերազմ չվերսկսելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել