Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԻՐԱԽՆԵՐԸ ՇԱՏ ՃԻՇՏ ԷԻՆ ԸՆՏՐՎԱԾ, ԱՍԵԼԻՔԸ ԿՈՆԿՐԵՏ ԷՐ»

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի հարցազրույցը «Առավոտին» – ԵԱՀԿ գագաթաժողովն ի՞նչ տվեց կառույցի անդամ երկրներին:

– ԵԱՀԿ գագաթաժողովը 11 տարի ընդմիջումից հետո խոշորագույն իրադարձություն էր Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած ամբողջ տարածքի անվտանգության, խաղաղության, կայունության եւ վստահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, եւ անկախ նրանից, թե այնտեղ ընդունվել են բոլոր որոշումները, որ ենթադրվում էին գագաթաժողովից առաջ, թե ոչ, այնուհանդերձ, սա կարեւոր իրադարձություն էր, եւ, ես համոզված եմ, անգամ «WikiLeaks»-ի արտահոսքերը չստվերեցին այս միջոցառման համաշխարհային նշանակությունը: Ուզում եմ ասել, որ մենք ականատես ենք աշխարհում լուրջ գործընթացների, մերձեցման փորձեր են կատարվում այս տարածքի ուժային տարբեր բեւեռների միջեւ, եւ դա կարող է ունենալ հաջող ավարտ, եւ այսօրվա անհաջողությունը, նկատի ունեմ այն, որ ԵԱՀԿ-ում չի ընդունվել գործողությունների ծրագիր, դեռ չի նշանակում, թե այն չի ընդունվելու 2 կամ 3 տարի հետո:
– ՀՀ նախագահի ելույթը Ձեզ բավարարե՞ց:
– Շատ բարձր եմ գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որովհետեւ համոզված եմ, որ նա արտահայտել է այն մտքերն ու տեսակետները, որ ունեն մեր քաղաքական դաշտի հիմնական կուսակցությունները: Այն, ինչի մասին խոսվեց հանրապետության նախագահի ելույթում, մեր բոլորի մտահոգության առարկան էր, եւ շատ անհրաժեշտ էր, որ այդ մտահոգությունները հասցվեին նման բարձր ատյանի: Ես կարծում եմ, ամբողջ ելույթը նվիրելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը եւ ղարաբաղյան կարգավորման տարեգրությանը եւ լուծման եղանակների մեր պատկերացումներին, նախագահ Սերժ Սարգսյանը էական ներդրում ունեցավ ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման ուղղությամբ:
– Այնուամենայնիվ, ընդդիմադիր որոշ գործիչներ պնդում են, որ միայն Ղարաբաղից խոսելն այնքան էլ ճիշտ չէր, եւ ճիշտ կլիներ, որ խոսվեր նաեւ ԵԱՀԿ-ին հետաքրքրող այլ խնդիրների մասին:
– Այն տեղեկությունները, որ ես ունեմ Աստանայից, վկայում են, որ Հայաստանի նախագահի ելույթը որոշակիորեն հետաքրքրեց բոլորին, եւ թող թույլ տրվի ասել՝ շատերին նույնիսկ զարմացրել է: Իսկ այս արձագանքները խոսում են այն մասին, որ թիրախները շատ ճիշտ էին ընտրված, եւ ասելիքը շատ կոնկրետ էր: Իսկ գլոբալ հարցադրումների մասով Հայաստանը իր կառուցողական մոտեցումներն արդեն ապացուցել է ԱԳ նախարարների մակարդակով վերջին երկու տարվա բոլոր հավաքներին:
– Դուք շարունակաբար (երեկ նույնպես) հայտարարում եք, թե կոալիցիան քննարկել է մարտի մեկի դեպքերից հետո ազատազրկվածներին ազատ արձակելու մասին հարցերը, սակայն պարզվում է՝ կոալիցիան նման հարց չի քննարկել: Ի վերջո, քննարկե՞լ է, թե՞ չի քննարկել:
– Ոչ, ես ուզում եմ պարզեցում մտցնել: Ես ուզում եմ ասել, որ այն պահից սկսած, երբ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտը ելույթ ունեցավ, եւ հայտնի դարձավ, որ Հայաստան է ժամանելու մարդու իրավունքների հարցերով եվրոպական հանձնակատար պարոն Համմարբերգը, ես հետեւողականորեն խորհրդակցություններ եմ ունեցել պատկան գործընկերների հետ՝ քննարկելու այն հարցը, թե ինչ ենք պատասխանելու պարոն Համմարբերգին եւ Պրեսկոտին, երբ նրանք կժամանեն Հայաստան՝ այս տարվա վերջին կամ եկող տարվա սկզբում:
Այսօր ես տեղեկացել եմ, որ վաղաժամկետ բաց է թողնվել մարտի մեկի գործով ազատազրկվածներից եւս մեկը, եւ այդ կապակցությամբ ասել եմ բառացի հետեւյալը՝ ես կարծում եմ, սա Հայաստանի իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում է եւ ոչ մի կերպ չի կարող գնահատվել իբրեւ թուլության նշան: Սա հարցի լուծման իրավական եւ միակ հնարավոր ճանապարհն է եւ խոսում է այն մասին, որ մենք վճռական ենք ԵԽԽՎ հայտնի բանաձեւերը մինչեւ վերջ եւ հետեւողականորեն իրականացնելու գործում: Եվ սա շատ ուժեղացնում է մեր բանակցային դիրքերը պարոնայք Համմարբերգի եւ Պրեսկոտի հետ, երբ նրանք կժամանեն Հայաստան:
– Այնուամենայնիվ, կոալիցիայում ազատ արձակման հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ:
– Մենք ունենում ենք աշխատանքային ֆորմատով քննարկումներ, որոնք ավելի մանրամասնել չեմ ուզում:
– Ինչպիսի՞ն են ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, մամուլում տեղեկություններ կան որոշ առճակատման մասին: Ձեզնից իրո՞ք պահանջում են, որ հիմիկվանից հրապարակեք նախագահական ընտրություններում ձեր հավանական թեկնածուի անունը:
– «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ գոյություն ունեն վստահության եւ հարգանքի վրա հիմնված շատ ամուր հարաբերություններ: Մեր երկու կուսակցությունների նախագահների հարաբերությունները պարզապես հիանալի են, եւ որեւէ պառակտման, վիճաբանության մասին խոսք չկա: Եկող տարին նշանավորվելու է նախընտրական նախապատրաստություններով: Ես վերահաստատում եմ, որ մենք քննարկելու ենք ՀՀ նախագահի որեւէ թեկնածուի սատարելու հարցը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, որովհետեւ ամեն ինչ լավ է իր ժամանակին:
– Իսկ քանի՞ տոկոս ձայներ եք ակնկալում խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
– Եթե ես հիմա երկար խոսեմ, ինձ կմեղադրեն նախընտրական քարոզարշավը օր առաջ սկսելու մեջ: Ես կարճ կասեմ՝ մենք աշխատելու ենք, որ ստանանք ավելին, քան ունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել