Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է 3.5 ՄԼՆ ԴՐԱՄ

Դեկտեմբեր 07,2010 00:00

Այս տարի դեռ հոկտեմբերին ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամին Հայաստանի ավելի քան 20 հազար քաղաքացիներ արդեն նվիրաբերել են շուրջ 3.5 միլիոն դրամ: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով հիմնադրամի ներկայացուցիչներին: Վերջիններս երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ իրականացնելու են իրենց ծրագիրը՝ անկախ դեկտեմբերի 16-ին կայանալիք հեռուստահաճախությունների մրցույթի արդյունքներից: Հիմնադրամը, հիշեցնենք, նպատակ ունի ստեղծել այլընտրանքային «Ժողովրդական հեռուստատեսություն», որը պետք է գործի «Ա1+» հեռուստաընկերության հետ համատեղ: Ստեղծվելիք հեռուստատեսությունը, ըստ նախաձեռնողների, ունենալու է լրատվական եւ վերլուծական բովանդակություն եւ, որ ամենակարեւորն է, ապահովելու է բազմակողմանի տեղեկատվություն:
Մեկ օրից ՀՌԱՀ-ը պարտավոր է պատասխանել «Ա1+»-ի ներկայացրած պաշտոնական գրավոր դիմումին, որով վերջինս պահանջում է իր սարքավորումներով պատճենահանել նույն կապուղու համար մրցող «Արմնյուզ» հեռուստատեսության մրցութային փաթեթը: «Ա1+»-ի մատուցմամբ, երեկ այդ մասին հայտարարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ ընդգծելով, որ մինչ օրս դեռ հայտնի չէ, թե մրցակիցն ինչ է առաջարկում եւ տեխնիկական ինչ միջոցներ ունի ընդհանրապես: «Մենք շատ լավ գիտենք, որ մի քանի հեռուստաընկերություն, այդ թվում՝ «Արմնյուզը», գտնվում են նույն շենքում, ու չի բացառվում, որ օգտվում են նույն տեխնիկայից ու սարքավորումներից: Հիմա դրանցից ո՞րն է «Ա1+»-ի մրցակից՝ առայժմ չենք պատկերացնում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հզոր մեր մրցակիցը»,- նշել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ, «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բորիս Նավասարդյանը:
«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն էլ հայտարարել է, որ մրցույթում «Ա1+»-ը կհաղթի, թե ոչ՝ ոչ մի նշանակություն չի ունենա հիմնադրամի սկսած գործընթացի վրա. «Ա1+»-ն այսօր էլ եթերում է ինտերնետ հեռարձակմամբ»:
Հիշեցնենք, որ ՀՌԱՀ-ը դեկտեմբերի 16-ին հրապարակելու է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: 2003թ. նախագահական ընտրությունների նախաշեմին եթերազրկվելուց հետո «Ա1+»-ն արդեն 13-րդ անգամ է մասնակցում հեռուստահաճախությունների մրցույթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել