Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՊՈՒԼԻԶՄՍ ՊՈՊՈՒԼԻԶՄԻԴ ՎՆԱՍ ՉԻ

Դեկտեմբեր 07,2010 00:00

ՀՅԴ խմբակցության անդամներ Վահան Հովհաննիսյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշա Շահբազյանի, Արա Նռանյանի հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երեկ Ազգային ժողովում դարձավ առիթ, որպեսզի պատգամավորները մեկ-մեկու մեղադրեն պոպուլիզմի, հայրենիքը ավելի կամ պակաս չափով սիրելու եւ այլ «մեղքերի» մեջ: Օրինագիծը վերաբերում է գիտական աշխատողներին տրամադրվելիք հավելավճարներին: Երբ հրապարակվեց, որ այս օրինագիծը բացասական պատասխան է ստացել եւ կառավարության, եւ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի կողմից, «Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե «Ժառանգության» պատգամավորները կոչ են անում օրինագիծն ընդգրկել օրակարգում: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀԿ խմբակցությանը հորդորեց օրինագիծը դնել քննարկման, այլապես կստացվի, որ ՀՀԿ-ն իր նախընտրական խոստումներին դեմ է գնում: Խորհրդարանական ընդդիմությանը միանալով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ իր հերթին ԱԺ նախագահությանը խորհուրդ տվեց. «Այս հարցին դեմ քվեարկելու հետ միաժամանակ հայտարարեք, որ դեմ ենք նաեւ գիտությանը՝ ի՞նչ գիտություն, ի՞նչ բան:
Ուրեմն, միլիոն դոլարների հասնող դրամները փոշիանում են, 700 մլն դրամը չե՞ք ուզում տալ գիտնականներին»,- հռետորական հարց հնչեցրեց «Բարգավաճի» ներկայացուցիչը: Սրան անմիջապես արձագանքեցին հանրապետականները, մասնավորապես՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե կուսակցությունը ոչ միայն հավատարիմ է ՀՀԿ նախընտրական ծրագրին, այլեւ գիտությունն առաջնահերթ տեղում է դրել: Նաեւ հորդորեց պոպուլիզմով չզբաղվել: Սրանից հետո «գրոհի» անցան դաշնակցականները, եւ Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին ասաց. «Եթե գիտնականների շահերի մասին խոսելը պոպուլիզմ է համարվում, ապա մենք շատ ուրախ ենք նման պոպուլիզմով զբաղվելու»: Հարցն օրակարգ այնուամենայնիվ չմտավ՝ 43 դեմ, 23 կողմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ: Քվեարկությունից անմիջապես հետո ամբիոն բարձրացած ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի վերջո հայտարարեց, թե «պոպուլիզմն ավարտվեց, անցնում ենք բնականոն աշխատանքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել