Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեներալի որդին մա՞րդ է ծեծել

Դեկտեմբեր 07,2010 00:00

Ոստիկանությունն էլ կոծկում է այս պատմությունը

Արդեն երկու-երեք օր է՝ Էջմիածնում հերթական աղմկոտ պատմությունն է շրջանառվում գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի շուրջ: Խոսակցություններ են պտտվում, որ գեներալ հոր թիկունքով քաղաքապետ դարձած որդին՝ Կարեն Գրիգորյանը, մի քաղաքացու է ծեծել: Շրջանառվող մի վարկածի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Էջմիածին, մյուս վարկածի համաձայն՝ Արմավիր քաղաքում: «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, այս պատմության մեջ միակ հստակ բանն այն է, որ դեպքը տեղի է ունեցել գովազդային պաստառներ փակ  գցնելիս: Թե ո՞ւմ կամ ի՞նչ բնույթի պաստառներ է փակցրել գեներալի որդու զոհ դարձած երիտասարդը, հայտնի չէ: Պարզ է միայն, որ Կարենը մոտեցել է, զրույցը շատ արագ վերածվել է ծեծկռտուքի: «Առավոտին» առայժմ չհաջողվեց ճշտել քաղաքապետի կողմից դաժան ծեծի ենթարկված քաղաքացու անուն-ազգանունը: Թեեւ մեր աղբյուրը վստահեցրեց, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցված, այդուհանդերձ երեկ ամբողջ օրը ոստիկանությունից չհաջողվեց ոչինչ ճշտել: Դեպքի մասին որեւէ հաղորդագրություն չգտնվեց նաեւ ոստիկանության ամփոփագրերում: «Առավոտին» չհաջողվեց կապվել նաեւ գեներալի քաղաքապետ որդու հետ: Նա այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց որեւէ հեռախոսազանգի:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էջմիածնում հողին հանձնեցին գեներալի ընտանիքի հերթական զոհին՝ «Ճուտ Գեւորգ» մականունով, ով գեներալի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ՍՊԸ-ի տնօրենն էր: Պաշտոնական վարկածի համաձայն, նրան «դրդել էին ինքնասպանության»: Հուսանք, որ քննությունը կպարզի, թե ինչ պատճառով:
Տեղեկացնենք նաեւ, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ ՀՀԿ մանդատով եւ հորեղբոր թիկունքով պատգամավոր դարձած Հրանտ Գրիգորյանը, հրապարակային քննադատություններ հնչեցրեց գեներալի հասցեին՝ մեղադրելով նրան երկակի, իշխանությունների նկատմամբ ոչ հստակ պահվածքի մեջ, խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Մանվելը որոշել է Հրանտին փոխարինել իր կնոջով՝ Նազիկ Ամիրյանով: Ասում են, որ գեներալը Արմավիրի մարզից մյուս պատգամավոր է որոշել նշանակել տալ ներկայումս Էջմիածնի քաղաքապետ որդուն՝ Կարեն Գրիգորյանին: Այդ տեղն այժմ զբաղեցնում է «Շմայսը»՝ Առաքել Մովսիսյանը: Խոսակցություններ են պտտվում, որ այդ տեղին աչք ունի նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտ»: Վերջինս, ի դեպ, Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում պարտվեց գեներալի ընտանիքին: Քաղաքապետի ընտրության ժամանակ Հակոբյանը հանրապետական էր եւ թեկնածությունն առաջադրելով՝ հայտարարել էր, որ «դաբրո ունի»: Այս ամենից հետո մեր աղբյուրը եզրակացնում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար պայքարն Արմավիրի մարզում վերածվելու է «պատերազմի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել