Համագումարում ելույթ ունենալով՝ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն արձանագրեց, որ առանց ՀԺԿ-ի մասնակցության ո՛չ
Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ ՀԱԿ-ը հզոր չէին լինի, որքան այսօր են:
Անցած շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Հայաստանի ժողովրդական կուսակցության՝ ՀԺԿ 7-րդ համագումարին հրավիրված էին բացառապես ընդդիմադիր դաշտը ներկայացնող՝ ներառյալ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող ուժերը, նաեւ «Ժառանգություն», «Նոր ժամանակներ», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: ՀԺԿ-ն, փաստորեն, ՀՅԴ-ին, որպես ընդդիմադիր կուսակցություն, այդպես էլ չի ընկալել. Դաշնակցությունը համագումարի հրավիրյալների թվում չէր: ՀԺԿ համագումարը այդ օրը ընտրեց 81 հոգուց բաղկացած վարչություն, իսկ վարչությունը՝ 14-հոգանոց խորհուրդ: Կուսակցության վարչության քարտուղար ընտրվեց Գրիգոր Հարությունյանը: Համագումարի պատվիրակներն ուղիղ քվեարկությամբ ՀԺԿ նախագահի պաշտոնում վերընտրեցին Ստեփան Դեմիրճյանին:
Իսկ համագումարում կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ հարցերի բավականին լայն շրջանակի, խոսեց թե՛ կուսակցության խնդիրների, թե՛ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին: «Անցած տարիները չդարձան մեր երկրի առողջացման շրջան»,- արձանագրեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ վկայակոչելով նաեւ այն, որ 2008թ. նախագահական կեղծված ընտրությունները, որոնք դարձան մարտիմեկյան իրադարձությունների պատճառ, ընդամենը համալրեցին այս իշխանությունների անցկացրած նախորդ բոլոր կեղծված ընտրությունների ցանկը: «Ընդդիմության ցույցերը, երթերը բացառապես խաղաղ բնույթ էին կրում, բայց իշխանությունը դիմեց բռնության»,- հայտարարեց ՀԺԿ առաջնորդը՝ արձանագրելով նաեւ, որ մարտիմեկյան իրադարձությունների արդար քննություն ապահովելու փոխարեն՝ իշխանությունները փորձեցին տեղի ունեցածի պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա, հարուցվեցին շինծու քրեական գործեր, տեղի ունեցան «խայտառակ դատավարություններ», «Մարտի 1»-ի դեպքերի իրական պատճառների կոծկմանն ու դրա կազմակերպիչների պարտակմանը մասնակից եղավ նաեւ այդ իրադարձությունների օբյեկտիվ ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը: Նա էլի մեկ անգամ հայտարարեց, թե «Մարտի 1»-ի էջը փակված չէ. այն կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առաջ կկանգնեն այդ իրադարձությունների իրական պատասխանատուներն ու տասը զոհերի մահվան մեղավորները՝ հավելելով միաժամանակ, որ փակված չէ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության էջը. «Եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը, չէր լինի «Մարտի 1»-ը»,- ասաց ՀԺԿ նախագահը: Ստ. Դեմիրճյանը պահանջեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Նա խոսեց երկրի տնտեսական վիճակի մասին՝ արձանագրելով, որ սոցիալ-տնտեսական ոլորտում շարունակվում են նախորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արմատացած արատավոր ավանդույթները, որ երկրում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավորն իշխանությունն է, իսկ տնտեսական ռեսուրսները կենտրոնացված են մեկ մարդու ձեռքում: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Ստ. Դեմիրճյանը այն մտահոգիչ որակելով հանդերձ՝ հայտարարեց, թե որպես ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակ առաջարկված «Մադրիդյան սկզբունքներն» անընդունելի են Հայաստանի համար, նաեւ շեշտեց բանակցություններին ԼՂ-ի անմիջական մասնակցության կարեւորությունը:
ՀԺԿ առաջնորդը շեշտեց, որ ՀԱԿ-ն անթերի կառույց չէ, որ նրան անդամակցում են էապես շատ տարբեր գաղափարախոսություններ կրող կուսակցություններ, որոնց, սակայն, ոչինչ չի խանգարում, այդ տարբերություններով հանդերձ, միասին պայքարել երկրում սահմանադրական կարգի հաստատման համար: Նա հայտարարեց, որ այդ նպատակի շուրջ կարող են միավորվել շատ այլ քաղաքական ուժեր, ու ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել նաեւ ՀԱԿ-ում չընդգրկված քաղաքական ուժերի հետ՝ չմոռանալով ընդգծել, որ ՀԱԿ-ը ռեալ պայքարի ներուժ ունի: Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, ապա ՀԺԿ առաջնորդի համոզմամբ՝ արդար եւ ազատ ընտրությունների անցկացումն ապահովելը կլինի լավագույն երկխոսությունը, որը երկիրը դուրս կբերի ստեղծված ճգնաժամային իրավիճակից: Նա նաեւ հայտարարեց, թե ՀԺԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրում առանց ցնցումների դրական փոփոխություններ լինեն:
Համագումարում ընդարձակ ելույթով հանդես եկավ նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա արձանագրեց, որ արդեն 12 տարի ՀԺԿ-ն հանդիսանում է երկրի քաղաքական կյանքի մշտական գործոններից մեկը, որը դոմինանտ դեր է խաղացել 1998 եւ 2003թթ. նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում ու հսկայական ավանդ է ներդրել 2007-ին ծնունդ առած Համաժողովրդական շարժման, ապա նաեւ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման գործում. «Առանց ՀԺԿ-ի մասնակցության ո՛չ Համաժողովրդական շարժումը, ո՛չ էլ Կոնգրեսը չէին ունենա այն ընդգրկումն ու հզորությունը, որ ձեռք են բերել ու շարունակում են պահպանել մինչ օրս: Ուստի՝ պարտքս եմ համարում Կոնգրեսի անունից խորին շնորհակալություն հայտնել ՀԺԿ բոլոր անդամներին ու համակիրներին՝ մաղթելով նույն ակտիվությամբ շարունակել համատեղ ձեռնարկած այն գործը, որը պարտավոր ենք միասնաբար հասցնել իր հաղթական ավարտին»:
ՀԺԿ համագումարի պատեհ առիթն օգտագործելով՝ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաեւ իշխանությունների եւ «անկախ վերլուծաբանների» կողմից, իր ձեւակերպմամբ՝ «առանձնակի հաճույքով շահարկվող» մի խնդրի: «Խոսքը վերաբերում է ՀԱԿ-ի հասցեին հնչող այն շինծու մեղադրանքին, որ կազմված լինելով տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող կուսակցություններից՝ վերջինս իբրեւ թե ընդհանրապես որեւէ գաղափարախոսություն կամ ծրագիր չունի, բացի իշխանության ինքնանպատակ ձգտումից»,- պարզաբանեց ՀԱԿ առաջնորդն ու հավելեց, թե, անշուշտ, գաղտնի չէ, որ Կոնգրեսի կազմում իսկապես ընդգրկված են տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր, բայց նրա մատուցմամբ՝ «այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է Կոնգրեսի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում», այն գերակա խնդիրը, որը միավորում է ՀԱԿ-ին անդամակցող ուժերին, «ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է՝ ավազակապետության կազմաքանդումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը»:
Այնպես որ, Կոնգրեսի առաջնորդը ՀԱԿ-ի «գաղափարախոսական հենքի բացակայության մասին իշխանական քարոզչության մոգոնած խոսակցությունները» համարեց էժանագին սպեկուլյացիա՝ ժողովրդի ուշադրությունը երկրի առջեւ կանգնած իրական խնդիրներից շեղելու համար: «Մենք ասում ենք՝ դուք բռնությամբ զավթել եք իշխանությունը եւ բռնի միջոցներով էլ պահպանում եք այն, մեզ պատասխանում են՝ իսկ դուք գաղափարախոսություն չունեք: Մենք ասում ենք՝ դուք խախտում եք մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական ազատությունները, թալանում երկիրը, մեզ հակաճառում են, իսկ դուք ծրագիր չունեք եւ այլն: Եթե իշխանություններին թվում է, թե այս խղճուկ մարտավարությամբ կարող են փրկել իրենց կամ նվազեցնել Կոնգրեսի ժողովրդականությունը, նրանք չարաչար սխալվում են, ինչում շուտով բոլորը կհամոզվեն»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: