Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՐՁԵՔ ԳՈՐԾՈՒՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵԼ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻՆ»

Դեկտեմբեր 07,2010 00:00

\"\"Հորդորեց Դավիթ Հարությունյանը՝ հիշեցնելով, թե «քաղաքական հայտարարություններ միշտ էլ կարելի է անել»:

Ազգային ժողովի չորրորդ գումարման նախորդ քառօրյայում անավարտ էին մնացել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության եւ առաջարկությունների կատարման մշտադիտարկման վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի զեկույցի քննարկումները: Դեռ նախորդ քառօրյայում ներկայացված փաստաթուղթը բավականին ծավալուն է, 100 էջից ավելի շարադրանքում գլխավոր հարցի` մարտի 1-2-ի սպանությունների համար մեղավորներին պատժելու առնչությամբ շարադրված է հանձնաժողովի հարցադրումը եւ Հատուկ քննչական ծառայության պատասխանը, թե նախաքննությունը շարունակվում է: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրեց, թե մի շարք հարցերի առիթով ակնկալում է Ազգային ժողովի արձագանքը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ մշտադիտարկման եզրակացության մեջ չկա այն հարցի պատասխանը, թե ովքեր են կատարել 10 մարդու սպանությունը. «Կա՞ն այդ հարցերի պատասխանները, չկան: Ես կարող եմ եւ գովել այս եզրակացությունը՝ շատ գրագետ, բավականին մեծ վելուծական նյութ է, բայց որ մենք ունենք այն, ինչ որ ունենք, դա այստեղ հստակ արտացոլված է»: Առաջարկեց ազատ արձակել նրանց, «ովքեր, այո, քաղբանտարկյալներ են, ես չեմ կիսում իրենց քաղաքական հայացքները, դա բոլորը գիտեն, բայց ես դեմ եմ, որ քաղաքական հայացքներ արտահայտելու դեպքում պատժվեն նրանք, ովքեր խաղաղ ձեւով են դա արել, եւ մնան ազատության մեջ նրանք, ովքեր սպանել են 10 մարդու: Այդ պատճառով է, որ այս մոնիտորինգային եզրակացությունը ես գնահատում եմ բացասական»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որպես մարտի 1-2-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, հայտարարեց, թե հանձնաժողովը ժամանակին աշխատել է իր լիազորությունների շրջանակում եւ կատարել է առավելագույնը. «Հանձնաժողովը կարողացավ առավելագույնը կատարել ԱԺ-ի առջեւ դրված խնդիրները, վեր հանեցինք բոլոր այն բացերը, որոնք կային թե օրենսդրության մեջ եւ թե ընդհանրապես քաղաքական դաշտում, որպեսզի այլեւս մեր երկրում անթույլատրելի լինի այդ կարգի դեպքերի կրկնությունը»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով եւս մարտի 1-2-ի ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, հայտարարեց, թե պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործունեությունը որեւէ ձեւով չի կարող պատասխան տալ այն հարցերին, որոնք ակնկալվում էին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ. «Մենք այսօր ունենք մի զեկույց, որին՝ բացի սվաղված լինելուց, այլ գնահատական չեմ կարող տալ»:
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս հայտարարեց, թե ճիշտ կլինի, որ մշտադիտարկումն իրականացվեր մեկ այլ՝ «հավասարակշռված ժամանակավոր հանձնաժողովի» կողմից, քանի որ պետաիրավականը խիստ ծանրաբեռնված հանձնաժողով է: Եվ Ստեփան Սաֆարյանը, եւ Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեցին այս թեմայի շրջանակում անդրադառնալ նաեւ «Ա1+»-ի խնդրին, ասելով, թե մինչ այժմ չի կատարվում Եվրոդատարանի որոշումը:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լսելով բոլոր ելույթները՝ հայտարարեց հետեւյալը. «Եզրակացության շրջանակները բավականին հստակ նշված են եղել ժամանակավոր հանձնաժողովի առաջարկություններում: Ցավոք, պետք է նշեմ, որ այս քննարկման ընթացքում շատ քիչ անդրադարձ կատարվեց այն հարցին, թե ինչպես շարունակել մոնիտորինգը, ինչ գործնական, կիրառելի քայլեր կարելի է անել: Ցավոք, գործնական նշանակության հարցերը, որոնք գուցե եւ քաղաքական առումով մեծ հնչեղություն չունեն, անդրադարձ չունեցան մեր գործընկերների ելույթներում»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ որոշ փաստեր պատգամավորները խեղաթյուրված ներկայացրին. «Սկսած «Ա1+»-ի մասին Եվրոդատարանի որոշումից, վերջացրած ընտրական օրենսդրության խնդիրներով: Բայց հիմա ձեռնպահ կմնամ եւ ընդամենը կասեմ հետեւյալը. պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, իսկապես լինելով ծանրաբեռնված, մեծ ուշադրություն է դարձնում մշտադիտարկմանը եւ աշխատանքին»: Դավիթ Հարությունյանը քաղաքական հայտարարություններ անող իր գործընկերներին հորդորեց ակտիվ մասնակցություն ունենալ մշտադիտարկման աշխատանքներին եւ ոչ թե բավարարվել քաղաքական հայտարարություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել