Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներկուերորդ

ԳՐՔԵՐ ԵՎ ԿՐՔԵՐ

Եվ էդ տեսակ կանխատեսելի անախորժություններից ու գինեձոներից մշտապես խուսափելով՝ շարունակաբար խուսափում եմ գրողների առատությունից ու իրենց էդ միջոցառումներից, եւ թարսի պես՝ էդ տեսակ միջոցառումների վտանգը ամեն օր է գլխիս կախված, ու համարյա ամեն օր էդ տեսակ տհաճ հրավերներ ստանում եմ, որովհետեւ մեր գրողներից շատերն ավելի տհաս են, քան, այսպես կոչված, միջին հայը, ու էդ տհասներից ամենահասուններն անգամ չեն հասկանում, որ չի կարելի գինեձոնի հրավիրել մեկին, որն իրենց պես փառասեր ու գրամոլ լինելով ու շուրջ մեկուկես տասնյակ գրքեր հրատարակելով՝ երբեւէ էդ գրքերից մեկնումեկը գինեձոնով չի նշանավորել, չնայած «Առավոտի» Արամ Աբրահամյանն էն կարծիքին է, որ, այնուամենայնիվ, էս վեպիս տասներորդ հատորից հետո կարելի է գինեձոնի պես մի բան կազմակերպել, եւ ժամանակ առ ժամանակ իմ մտքով էլ է էդ բանն անցնում, ու էդ գաղափարի իրագործումը պատկերացնելով՝ պատկերացնում եմ նաեւ, որ իմ էս վեպի գինեձոնն ամենահետաքրքիրը կլինի՝ թեկուզեւ էն իմաստով, որ իմ էդ գինեձոնին որեւէ գրող ներկա չի գտնվի, որովհետեւ ես էնքան պադոշ չեմ, որ իմ գրքի գինեձոնին հրավիրեմ մարդկանց, որոնց գրքերի գինեձոներից մշտապես խուսափել ու յան եմ տվել՝ համարելով, որ էդ գինեձոները գրողական փառասիրության ամենապարզունակ ու էժանագին դրսեւորումներից են, բայց Արամի ու իմ նախատեսած գինեձոնը նաեւ փառասիրության տեսակով է մյուս բոլոր գինեձոներից տարբերվելու, որովհետեւ էս վեպիս հետ կապված փառասիրական նկրտումներս ավելի սպորտային են, քան՝ գրական ու գրողական, ու էդ գինեձոնին ներկայացած բոլորը միանգամայն դիդակտիկ կերպով կհամոզվեն, որ էս վեպս ծավալի առումով ամենամեծն է հայ եւ, ինչու չէ, աշխարհի բոլոր գրողների գրած վեպերից, ու էս վեպս նաեւ աշխարհի ամենահաստափոր վեպը կլինի, եթե մեր մեծահարուստներից մեկն էս տասը հատորներիս պարունակությունը մի հատորով հրատարակի ու հրապարակի, ու էդ դեպքում սերունդներն իմ էս վեպից խուսափելու տարբերակ չեն ունենա, որովհետեւ եթե էս ամբողջ գրածս մի միասնական հատորի մեջ ամփոփվի, էդ հսկայական ու անգրկելի հատորը մեխանիկորեն իր արժանի տեղը կգրավի մեր մյուս անգրկելի՝ Մշո հսկայական «Ճառընտիրի» կողքին՝ որպես խելքից, մտքից ու ամեն ինչից դուրս մի ուրույն հատոր, եւ եթե էս խոսքիս վրա մեր գրագետներն անհանգստանան ու ընդվզեն՝ հակաճառելով ու պատճառաբանելով թե՝ մեր Մատենադարանը ոչ թե տպագիր գրքերի, այլ միայն ձեռագրերի՛ համար է նախատեսված, իրենց անմիջապես կարող եմ հակադարձել ու ավելի անհանգստացնել՝ տեղեկացնելով, որ էս բոլոր հատորներիս ձեռագրերն առայժմ կինս պահում ու պահպանում է, եւ քանի դեռ մեր տանն էդ պահելու տեղը բերնեբերան չի լցվել, աղբարկղը չի գցի՝ ոչ թե էն պատճառով, որ էդքան մեծ աղբարկղ էլ է դժվար ճարել, այլ էն պատճառով, որ, ի տարբերություն մեր մյուս գրողների ընտանիքների անդամների, մերոնք գրածներս կարդում ու նույնիսկ հավանում էլ են, եւ հատկապես ու առանձնապես կինս է կարդում ու հավանում, եւ իր հավանելը միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ մեր մյուս գրողների գրածները չի կարդում եւ, փաստորեն, համեմատելու հնարավորություն չունի, բայց էս ասածս բնավ չի նշանակում թե՝ մեր մյուս գրողների կանայք էլ չեն կարդում. Ջավախյանի կինն, օրինակ, իր ամուսնուն վերաբերող բոլոր հատվածներս անխտիր կարդում է, եւ իմ էս շարունակվող ինքնագոհության ու ինքնահավանության պատճառներից մեկն էլ էն է, որ ես էլ, կնոջս պես, մեր մյուս գրողների գրածները չեմ կարդում. այսինքն, ես էլ եմ համեմատելու ու համեմատվելու հնարավորությունից զրկված, եւ չկարդալու համար երկուսս էլ միանգամայն հարգելի պատճառ ունենք. ես մյուսների գրածները կարդալու ժամանակ չունեմ, որովհետեւ մշտապես զբաղված եմ աշխարհի ամենաերկար վեպը գրելու աշխատատար առաքելությամբ, դրան էլ գումարած՝ բուքմեյքերականներն ու խաղադրույքները, եւ կինս էլ էդ ամենաերկար վեպը հանգամանորեն կարդալու աշխատատար գործով է զբաղված, դրան գումարած՝ խոհանոցի մշտնջենական գործերը, որովհետեւ ինքը, էս գրածներս կարդալուց զատ, մշտապես երեք ստեղծագործողների է սպասարկում, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ նկարիչ ու արվեստաբան աղջիկներս ուտելիքի հարցում ինձնից անհամեմատ բծախնդիր են, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ «Առավոտի» էս շաբաթօրյա հատվածներս էլ է կինս խոհանոցում կարդում, խոհանոցից իր չբացակայելը նաեւ ձեզ համար հասկանալի ու տեսանելի կդառնա, եւ խանութի ու շուկայի հարցերն էլ են մշտապես իր վրա, բայց երբեմն-երբեմն խանութից, շուկայից ու խոհանոցից բացակայելով՝ գալիս ու երբեմն աչքը գցում է էս ձեռագրիս, եւ հիմա՝ հենց էս պահին էլ է էդ գործի վրա, եւ, թարսի պես, քիչ առաջ աչքն ընկավ իրեն վերաբերող տողին, եւ կարդալով ու վրդովվելով՝ ասաց՝ «ո՞նց թե՝ մեր գրողների գրածները չեմ կարդացել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա՞ Հանտ Մաթեւոսյանի ու Վանոյի գրածները չեմ կարդացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ռաֆայել Իշխանյանի պատմվածքներն էլ եմ ծերից ծեր կարդացել. էն՝ որ Վիլյամի տպարանից բերել էիր» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «թե՞ Լեւոնի հատորները չեմ կարդացել. էն՝ որ քեզ նվիրել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «Իսաբեկյանի «Իգդիրն» էլ եմ լրիվ կարդացել. էն՝ որ տատիդ ու պապիդ մասին էլ մեջը կա» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված շարունակեց՝ «Թումանյանն ու դպրոցում մյուս կարդացածներս չհաշված» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ավելացրեց՝ «Վիոլետի ժուռնալները որ բերում ու թաքուն պահում ես, գիտես թե՝ չենք կարդո՞ւմ», եւ կինս, իհարկե, Ջավախյանի անունն էլ տվեց, բայց Ջավախյանի անունը չեմ նշում, որովհետեւ էս պահին հեչ պարզ չի թե՝ տարիուկես անց, երբ էս հատվածս «Առավոտում» լույս տեսնի, Ջավախյանն ինչ աստիճանի մեծամտացած կլինի, եւ երբ կինս իր ելույթն ավարտեց, ես հարցրի՝ «պրծա՞ր», եւ կինս վրդովված ասաց՝ «կարամ շարունակեմ», եւ ես ասացի՝ «գնա գործիդ. տենում ես՝ գրում եմ», եւ կինս մի քիչ մտածեց ու ասաց՝ «սխալ բաներ ես գրում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «սխալները հետո կճշտենք», եւ կինս մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի քիչ երկար մտածես՝ միանգամից ճիշտը կգրես», եւ ես նեղսրտած ասացի՝ «չես թողում մտածեմ», եւ հիմա, երբ արդեն կինս վերադարձել է խոհանոց, ես մտածում ու հասկանում եմ, որ իզուր էլ էսքան խորացա գրական ու գրողական էս խոհանոցային խնդիրների մեջ, եւ խոհանոցային ասելով՝ կնոջս խոհանոցային ընթերցանությունը նկատի ունեմ, որովհետեւ, մինչ գրողական մանիֆեստս էի ձեզ ու հատկապես Սարինյանին հրամցնում, ուրբաթից հետո, ինչպես միշտ, շաբաթը եկավ, ու կինս էս թարմ ձեռագրիցս վազն անցնելով՝ հիմա արդեն «Առավոտի» էսօրվա հատվածս է կարդում, եւ իր ծիծաղի ու հռհռոցի տոնայնությունից փորձում եմ կռահել թե՝ հատկապես ո՞ր պարբերության վրա է ծիծաղում ու հռհռում, եւ ժամանակ առ ժամանակ տեղիցս վեր կենալով ու ստուգելով՝ վերստին համոզվում եմ, որ ճիշտ եմ կռահել ու գուշակել, եւ, ինչպես ճշգրիտ կռահել ու գուշակել էի, կնոջս էս վերջին ու ամենաուժեղ հռհռոցը բռնել էր էն պարբերության վրա, որտեղ Ջավախյանը մատուցողուհու ձեռքից հաշվի գրքույկը վերցնելով ու ստուգելով՝ Արզումանյան Ալիկին ասում է՝ «ուզում էի ստուգեմ՝ լվացա՞ծ փող էր», եւ երբ գնացի խոհանոց ու ճշտեցի, որ կնոջս հերթական ու ամենաուժեղ հռհռոցը հենց էդ պարբերության վրա է բռնել, կինս նեղացած ասաց՝ «գնա՛. գնա գրի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ գրեմ», եւ կինս մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «գրի, որ էս վեպդ էլ չեմ կարդում», եւ ես կնոջս իր ընթերցանության հետ թողնելով՝ հիմա արդեն ոչ թե իր նեղացածության մասին եմ մտածում, այլ մտածում եմ՝ հանկարծ էսօրվա հատվածիցս Արզումանյան Ալիկն ու Ջավախյանը չնեղանան, եւ հիմնականում ու հատկապես Ալիկի՛ չնեղանալու մասին եմ մտածում, որովհետեւ, ի տարբերություն Ջավախյանի, Ալիկը տարիուկես անազատության մեջ մնալով՝ երեկ համաներվել ու դուրս է գրվել կալանավայրից, եւ ես փոխանակ Սարյանի արձանի մոտ իրեն դիմավորելու գնայի, շարունակում եմ տպագրել իր ու Ջավախյանի մեկուկես տարվա վաղեմության երկխոսությունը, որից, հնարավոր է, Ալիկը նեղանա, եթե, իհարկե, շիրա տվողներ գտնվեն, եւ եթե հանկարծ Ալիկն էդ շիրա տվողների կտերն ընդունի, ես ի խորոց սրտի կտխրեմ, որովհետեւ գրական սկզբունքներիս մեջ հատկապես մարդկանց նեղացնե՛լը չի մտնում, եւ դա գրական մանիֆեստիս կարեւորագույն բաղկացուցիչն է, եւ չնայած Ալիկի ու Ջավախյանի ամբողջ հինգ գլուխ ձգված խոսակցության մեծ մասն ինձնից եմ բստրել, այդուհանդերձ, հույս ունեմ՝ չեն նեղանա, եւ հատկապես Ալիկի մասով եմ անհանգիստ, որովհետեւ Ալիկը ոչ միայն գրական հերոս է, այլեւ ընդհանրապես է հերոս ու քաղբանտարկյալ, ինչպես նաեւ՝ նախկին արտգործնախարար, եւ նախկին արտգործնախարար ու կրթված անձնավորություն լինելով՝ ինքը պարտավոր է հասկանալ, որ ես էս պատմավեպս սկսելով ու շարունակելով՝ իրավունք չունեմ շրջանցել ազգիս քաղաքական ու պետական դեմքերին, եւ ազգիս մերօրյա նշանավորներին չշրջանցելով՝ երբեմն-երբեմն ստիպված եմ նաեւ իրենց մասին որոշ բաներ հորինել ու բստրել, այսինքն՝ նաեւ չեղած բաներ գրել, եւ եթե կուզեք իմանալ՝ Ալիկն ու մյուս երեւելիներն իրավունք էլ չունեն նեղանալ էս բստրածներիս համար՝ ինչպես որ մեր մյուս պատմավեպերի հերոսները մեր պատմավիպասաններից չեն նեղացել, եւ եթե Մուրացանը մեր պատմիչների էջերում Գեւորգ անունով մեկին հանդիպելով՝ իրեն իրավունք է տվել մի ամբողջ Գեւորգ Մարզպետունի կերպար հորինել, կամ եթե Րաֆֆին խորթ մորը սպանած Սամվելին ստիպում է հարազատ մորն սպանել, ե՞ս ինչու իրավունք չունեմ իմ հերոսներին որոշ չեղած բաներ ու չասված բառեր վերագրել, եւ եթե Սերո Խանզադյանը Մխիթար Սպարապետի մասին վեց հարյուր էջ չեղած ու չճշտված բաներ է գրել, ե՞ս ինչու իրավունք չունեմ Ալիկի ու մյուս երեւելիների առումով նույնն անել, էլ չեմ ասում, որ Սերո Նիկոլաեւիչն էդ նույնն արել է նաեւ Հայոց թագուհու եւ շատ ուրիշների առումով, եւ Թումանյանն էլ Թմկա տիրուհոււ ու Թմկա բերդի առումով է նույնն արել, եւ Հայկ Խաչատրյանն էլ՝ հիմնականում Տիգրան Մեծի առումով, եւ Ստեփան Զորյանն ու Պերճ Զեյթունցյանն էլ՝ համապատասխանաբար Պապ թագավորի ու Արշակ Երկրորդի առումներով են նույնն արել, եւ էս ու էսքանն ասում եմ՝ հասկացնելու համար, որ Ալիկի ու մեր այլ երեւելի ժամանակակիցների վերաբերյալ էլ մերօրյա՛ պատմավիպասաններս իրավունք ունենք որոշ բաներ բստրել, եւ ոչ ոքի՝ ներառյալ Արզումանյան Ալիկին ինձնից նեղանալու իրավունք չի տրված, որովհետեւ ընթերցողների ու պատմավիպասանների լուռ ու հանցավոր համաձայնությամբ՝ պատմավիպասաններին պատմությունը խեղաթյուրելու ու պատմական էպիզոդներ բստրելու անսպառ իրավունքներ են շնորհված, եւ հատկապես հայ պատմավիպասաններին են էդ իրավունքները լիուլի շնորհված, ընդ որում՝ է՛ն գլխից մեր պատմիչներին էդ իրավունքները լիուլի շնորհված են եղել մեր թագավորների ու իշխանների, ինչպես նաեւ՝ մեր Առաքելական եկեղեցու կողմից, եւ ամենեւին պատահական չի, որ մեր պատմիչների ստեղծած պատմություններն ավելի գեղարվեստական են, քան՝ մեր պատմավիպասանների վեպերն ու իմ էս վեպը, ու նաեւ խոսքի էդ ազատությունն է պատճառը, որ մեր պատմիչների գրած պատմություններն առ էսօր մեր գեղարվեստական արձակի չգերազանցված ու գերագույն նմուշներն են հանդիսանում, եւ էդ չգերազանցված ու գերագույն նմուշների համեմատ՝ իմ էս պատմավեպն ահագին գեղարվեստազուրկ ու ահագին վավերագրական է, եւ չնայած Ալիկի ու Ջավախյանի հինգ թե վեց գլուխ տեւած զրույցը հիմնականում բստրել եմ, այդուհանդերձ, էդ զրույցի ամենաէական հատվածներն իրականությանը համապատասխանում են. այսինքն, էդ զրույցն իրականում ու հիմնականում տեղի է ունեցել, բայց տեղի է ունեցել ոչ թե Ալիկի ու Ջավախյանի, այլ՝ Ալիկի ու իմ միջեւ, եւ նրանք՝ ովքեր էդ հինգ թե վեց գլուխները համբերությամբ հաղթահարելով կարդացել են, կվկայեն, որ հինգ թե վեց գլուխ ձգված էդ զրույցն Ալիկին ու Ջավախյանին ավելի էր սազում, քան՝ ինձ ու Ալիկին, եւ, բացի այդ, ես էլ, մեր հիմնական պատմիչների ու պատմավիպասանների պես, ոչ թե գրում եմ այն՝ ինչը եղել ու տեղի է ունեցել, այլ այն՝ ինչը ցանկալի է, որ կատարված ու տեղի ունեցած լինի, եւ եթե մեր պատմիչներն իրենց ապրած ու տեսած իրականությունը հարստացրել են որոշ չեղած ու չպատահած դեպքերով ու էպիզոդներով, որպեսզի էդ միջոցով մեր ժողովրդի պատմությունն առավել հետաքրքրացնեն ու հարստացնեն, ես իմ կյանքի իրադարձությունները փոքր-ինչ փոփոխելով՝ ընդամենն իմ կենսագրությունն եմ հարստացնում, ավելի ճիշտ՝ ինքնակենսագրությունս, եւ գրական մանիֆեստս շարունակելով ու Սարինյանի բնորոշումը հիշելով՝ հանգում եմ էն եզրակացության, որ էս վեպս ո՛չ թե պետք է անհատականացված էպոս անվանել, այլ՝ անհատականացված պատմավեպ, որովհետեւ, չնայած իմ ու Ալիկի զրույցը Ջավախյանին ու Ալիկին եմ վերագրել, եւ չնայած ուրիշներին էլ ուրի՛շ բաներ եմ վերագրել, այդուհանդերձ, էս վեպս համալրող բոլոր դեմքերն ու դեպքերն անձամբ իմ շուրջ են պտտվում ու կայանում, բայց, էսաստիճան եսակենտրոնությամբ հանդերձ, ես ոչ թե ուրիշների արածներն ու ասածներն եմ ինձ վերագրում, այլ, ընդհակառակը, հիմնականում իմ մտքերն ու իմ ասածներն եմ սրա ու նրա բերանը դնում, ու հիմնականում էդ է պատճառը, որ հերոսներս հիմնականում հումորով ու սրամիտ են՝ ի տարբերություն մեր շատ ու շատ գրողների ու գրականագետների, որոնք հումորի զգացումից բացարձակ զուրկ լինելով՝ տարին բոլոր գրականախուզական ու մշակութաբանական չափազանց լուրջ հոդվածներ են երկնում՝ էդ հոդվածներում ժամանակ առ ժամանակ նշելով ու շեշտելով, որ հումորն ու երգիծանքն արվեստի ու հատկապես գրականության հետ որեւէ կապ չունեն, եւ հատկապես ուրախությո՛ւնը գրականության հետ որեւէ կապ չունի, եւ ամենահետաքրքիրն էն է, որ սրանց էդ երկարաշունչ ու տրտում հոդվածները մեզանում ահագին պահանջարկ ունեն, որովհետեւ մեր գրողների ու մեր գրագետների մեծամասնության կարծիքով՝ ճշմարիտ գրականությունն ու մանավանդ ճշմարիտ պոեզիան էն տեքստերն են, որոնք լրջությունից բացի՝ անպայման նաեւ որոշակի դոզայով տխրություն պիտի պարունակեն, որպեսզի ցանկացած տխուր առիթով հնարավոր լինի դրանք արտասանել, եւ գրական մանիֆեստս շարունակելով՝ պիտի Սարինյանին ու բոլորին տեղեկացնեմ, որ էս վեպս ու մանավանդ պոեզիաս եւ հատկապես անտիպոեզիաս հնարավոր չի որեւէ տխուր առիթով եւ որեւէ տխուր տարելիցի առթիվ հեռուստատեսությամբ ու ռադիոյով արտասանել, որովհետեւ իմ էս ու նախորդ բոլոր գրածներս ուրախ օրերի ու ուրախ ժամերի համար են, ինչպես նաեւ՝ ուրախ օրերի ու ժամերի մասին, եւ չնայած բավական ժամանակ է՝ գրողների հոբելյանական համագումարից, գրողական հարաբերություններից եւ այլ տխուր բաներից եմ խոսում, այդուհանդերձ, մշտապես հակված եմ ուրախ բաների մասին գրել, ինչպես նաեւ՝ ուրախ ժամանակների համար, եւ չնայած էդ ժամանակներից դեռեւս շատ ենք հեռու, եւ չնայած մեր ժողովուրդն ու անձամբ մենք ուրախ ժամանակներ առանձնապես շատ չենք ունեցել, եւ չնայած մեզանից քչերն են ուրախանալ սիրում, եւ չնայած մեզանից քչերն են էսօր ուրախանալու առիթներ ունենում, եւ չնայած էդպիսի առիթներ ունեցողներն էլ են ուրախանալն ամոթ բան համարում, եւ չնայած մեզանից շատերը հատկապես գրականությա՛մբ ուրախանալն են ամոթ բան համարում, այդուհանդերձ, մեզանում գրականությամբ ուրախացնելն ավելի՛ վատ բան է համարվում, քան՝ գրականությամբ ուրախանալը, եւ գրականությամբ ուրախացնել փորձողների համար մեր շրջակայքում անարգանքի հարյուրավոր ու հազարավոր սյուներ են աջուձախ ցցված, որովհետեւ ուրախացնել փորձողներին մեր գրագետներն ու նույնիսկ անգրագետները միանգամայն անկեղծորեն են ատում՝ առանց հասկանալու, որ ուրախացնել փորձողները երբեւէ իրենց նպատակին չեն հասնելու՝ ոչ միայն էն պատճառով, որ ուրիշներին ուրախացնելու համար նախ ինքդ պիտի գոնե մի անգամ մարդավարի ուրախացած լինես, այլեւ էն պատճառով, որ ուրախության համար ուրախացողի առկայությունն ավելի կարեւոր է, քան՝ ուրախացնողինը, եւ ահա գրական մանիֆեստս շարունակելով՝ ուզում եմ արդարանալով ասել, որ չնայած էսպես ու էսքան խոսեցի մեր գրական ու գրողական հարաբերություններից, եւ չնայած Սարինյանի ու ձեզ համար էսքան երկարբարակ շարադրեցի գրական մանիֆեստս, իրականում թքած ունեմ գրողական հարաբերությունների, մանիֆեստների, համագումարների եւ նույնիսկ հոբելյանական համագումարների վրա, եւ որ էսքան էդ հարաբերություններին ու էս հոբելյանական համագումարին անդրադարձա, պատճառն էն է, որ վերջին էս մի քանի օրերի ընթացքում վերջնականապես հասկացա, որ մեր ընթերցողներին ու գրագետներին մեր էս հոբելյանական համագումարն ավելի է հետաքրքրում, քան՝ ինձ, ընդ որում՝ էդ հոբելյանականը ոչ միայն մեր գրագետներին է հույժ հետաքրքրում, այլեւ՝ անգրագետներին, եւ մեր թերթերից դատելով՝ հոբելյանական մեր էս համագումարը հատկապես մեր լրագրողներին է հետաքրքրում, եւ սա ամենեւին էլ նորություն չի, որովհետեւ միշտ նկատել եմ, ու երեւի դուք էլ նկատած կլինեք, որ մեր լրագրողներին մեր Գրողների միության համագումարներն ավելի են հետաքրքրում, քան, ասենք, Ժուռնալիստների միության համագումարները, ու նաեւ էս հանգամանքը հաշվի առնելով՝ ես իրավունք չունեի գոնե էս չափով չանդրադառնալ գրողական մեր հարաբերություններին ու հոբելյանական էս համագումարին, որովհետեւ, ինչքան էլ էս պատմավեպս անհատականացված լինի, այնուամենայնիվ, ընթերցողների ու լրագրողների համար էլ պիտի որոշ հետաքրքրություն ներկայացնի, ու հիմնականում էդ հանգամանքն է պատճառը, որ արդեն մի քանի օր է՝ մերոնց ու մեր էս հոբելյանականին եմ անդրադառնում, բայց, այսուհանդերձ, չափի զգացումն էլ է կարեւոր հանգամանք, եւ արդեն զգում ու հասկանում եմ, որ վաղուց բուն նյութիս վերադառնալու ժամանակն է, եւ եթե դեռեւս չեք մոռացել, բուն նյութս էլ էր գրողներին՝ Չիլոյին ու Արթենյանին վերաբերում, իսկ դրանից առաջ էլ՝ Թումանյանին, Սարոյանին ու հատկապես Տոլստոյին, եւ չնայած էսօրվաններիս համեմատ Տոլստոյը, Թումանյանը, Սարոյանը, Չիլոն ու Արթենյանն իսկական գրողներ էին, այդուհանդերձ, գրողը մնում է գրող՝ թեկուզեւ էն իմաստով, որ ցանկացած գրող հիմնականում գրելով է իր հանապազօրյա հացը վաստակում, եւ չնայած Արթենյանն ու մանավանդ Չիլոն գրելով հաց չէին վաստակում, էդ երկուսն ամենաիսկական գրողներն էին, որովհետեւ իրենք գրելով իրենց ապրելու իրավունքն էին վաստակում, բայց, դրանով հանդերձ, իրենք էլ բուն նյութս չեն, եւ բուն նյութիս վերադառնալով՝ պիտի ասեմ, որ, չնայած ի տարբերություն Տոլստոյի, Սարոյանի ու Դոստոեւսկու, Թումանյանը երբեւէ ղումարբազ չի եղել, այդուհանդերձ, ինքը Տոլստոյին ավելի էր նման, քան՝ մյուս երկուսն ու բոլորը, որովհետեւ Տոլստոյի պես Թումանյանն էլ ի՛ր սեփական տունն էր հավաքատեղի դարձրել, եւ չնայած Թումանյանի Վերնատանը մեր արվեստագետ մտավորականները ոչ թե ազարտային խաղեր էին խաղում, այլ ընդամենը ազգի հոգսերից ու ազգի խնդիրներից էին խոսում, այդուհանդերձ, Թումանյանին պատկանող թիֆլիսյան էդ տարածքում մշտապես կրքերը բորբոքված էին, որովհետեւ ուզածդ հայ մտավորականի հայրենասիրությունն ավելի բուռն կրքեր ու ազարտ է պարունակում, քան՝ ցանկացած խաղամոլի խաղամոլությունը, եւ դուք էս ասածիս չհավատալու իրավունք չունեք, որովհետեւ էս բանը ձեզ ասում է մեկը՝ ում բախտ է վիճակվել ներկա գտնվել ու սեղանակիցը լինել ե՛ւ խաղամոլների, ե՛ւ հայրենասեր մտավորականության, եւ քանի որ ինձ պես ուրիշներ էլ են եղել՝ որ հավասարապես մասնակցել են էդ երկու ժանրերով իրիկնային ու կեսգիշերային միջոցառումներին ու հավաքներին, ինձ պես էդ ուրիշներն էլ կարող են վկայել, որ մեր հայրենասեր մտավորականներն իրենց հայրենասիրական խաղերի ու պոռթկումների մեջ շատ ավելի պոռթկուն ու մոլեգին են, քան՝ խաղամոլները, ու էս ասածս ընդամենը վերաբերում է անձամբ ի՛նձ պատահած խաղամոլներին ու մտավորականներին, այլ ոչ թե՝ Թումանյանի Վերնատան մասնակից անդամներին, եւ եթե նույնիսկ նրանց էլ է վերաբերում, էդ բանը ոչ միայն հաստատել չեմ կարող, այլեւ էդպիսի նպատակ էլ չունեմ եւ իրավունք էլ չունեմ՝ ոչ միայն էն պատճառով, որ Թումանյանի Վերնատան մասնակից անդամներին մոտիկից ճանաչելու եւ նրանց ժամանակակիցը լինելու պատիվը չեմ ունեցել, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ Թումանյանի ժամանակներում հայրենասերները հայրենասիրության համար ոչ միայն աշխատավարձ չէին ստանում, այլեւ պատգամավոր էլ չէին դառնում, եւ չնայած, ըստ ամենայնի, 18-20 թվականներին աշխատավարձ էլ է եղել, էդ երկու տարիներին չեմ անդրադառնա՝ ոչ միայն էն պատճառով, որ երկու տարին մի քանի հազար տարեկան ազգի համար առանձնապես որոշիչ չի, այլեւ էն պատճառով, որ էդ երկու տարիների մասին առանձնապես շատ բան չգիտեմ, եւ չնայած Թումանյանի Վերնատան էդ հավաքներից էլ մանրամասներ չգիտեմ, եւ չնայած սկզբներում ենթադրեցի թե՝ Թումանյանի Վերնատան անդամների կրքերն էլ են շատ ուժեղ բորբոքվել, այդուհանդերձ, դժվարանում եմ Իսահակյանին, Դեմիրճյանին կամ Աղայանին պատկերացնել հայրենիքի ու հայրենասիրության թեմայով Սադոյան Արշակի պես գոռգոռալիս ու ճվճվալիս:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել