Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"\"«Լոռվա ձորում» ցուցահանդեսը՝ Վանաձորում

«Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ Երեւանում ներկայացվելուց հետո, հանգրվանեց Վանաձորի պատկերասրահում: Այն նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին: Նկարիչները ներկայացրել են 75 նկար՝ մաթեւոսյանական աշխարհի դրսեւորումներով: Այստեղ եւ՛ Ահնիձորն է՝ իր միջավայրով, եւ՛ մեծ արձակագրի հայրական տունը, եւ՛ Մոտկորի բնաշխարհը:
«Մենք, մի քանի օր գտնվելով այստեղ, փորձեցինք հնարավորինս հասկանալ Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրը,- մեր զրույցի ժամանակ ասաց Վանաձորի պատկերասրահի տնօրեն, ցուցահանդեսի մասնակից-նկարիչ Փափագ Ալոյանը,- եւ բնական է, որ մեզանից յուրաքանչյուրը յուրովի է հասկացել այդ աշխարհը»:
Ի դեպ, ցուցահանդեսի բացման ժամանակ բոլոր բանախոսներն իրենց խոսքում նախ եւ առաջ արժեւորեցին Հրանտ Մաթեւոսյանին եւ նրա գրական ժառանգությունը, ապա գնահատեցին ցուցահանդեսի դերն ու նշանակությունը:
Իր ելույթում Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նշեց, որ իրենք ուխտագնացության են մեկնել Ահնիձոր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ գրողի հիշատակին՝ նրա ծննդավայրում: «Շատ կարեւոր է, որ այս նկարներում Հրանտ Մաթեւոսյանի ոգին եւ էությունը կա, այն միջավայրը, ուր նա ծնվել ու մեծացել եւ որին էլ լայնորեն տեղ է տվել իր ստեղծագործություններում»,- ասաց նա:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ավելացրեց, որ պակաս կարեւոր չէ մաթեւոսյանական միջավայրի նկարչական անդրադարձը, եւ դա գեղանկարիչները  կատարել են բարձր արվեստով:
Ցուցահանդեսի բացման իրավունքը տրվեց նկարիչներին, որոնք իրենց գեղագիտական մոտեցումներով կարողացել են ներկայացնել մաթեւոսյանական եզերքը:
«Մենք այսօր շատ ուրախ ենք, որ «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի ծրագիրը իրականություն է դառնում: Նախ «Լոռվա ձորում» ցուցահանդեսը բացվեց Երեւանում եւ ցուցադրվեց 10 օր շարունակ,- ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- իսկ այժմ այն տեղափոխվել է մարզկենտրոն՝ Վանաձոր: Այդպիսին է մեր գործելակերպը… Երեւանյան ցուցադրությանը պետք է հաջորդի մարզայինը: Ընդհանրապես, կյանքը ցույց է տալիս, որ նկարչական փառատոները եւ ցուցահանդեսները հասարակության մեջ մեծ հետաքրքրություն են առաջացնում: Դրանից ելնելով՝ մենք առաջիկայում կընդլայնենք դրանց սահմանները: Սկսելով Լոռվա ձոր-Արցախ-Վայոց ձոր եռամիասնությունից, մեզ սպասում են նկարչական փառատոների նոր հասցեներ՝ Ապարան, Ջավախք, Նոյեմբերյան…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել