Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՀՈՂԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Ու պատվաբեր չէ այնտեղ ապրելը

Սկիզբը՝
Ինչո՞ւ եմ գրում այս ամենը:
Արցախի հարցով քաղաքական բոլոր հնարավոր որոշումները, որոնք ընդունվեցին խորհրդային Հայաստանի ղեկավարների կողմից, ավերված, շրջափակված, հազար ու մի ճնշումների ենթարկված, անկայուն մի շրջանում, այսօր ՔՆՆԱՐԿՄԱՆ հարց է դարձել անկախ ու ապահով երկրի Ազգային ժողովում: Ո՞ր հայ մարդու մտքով կանցներ: Աբսուրդ է մտածելը, նաեւ, թե մեկնումեկս ներկայիս ղարաբաղցի նախագահից ավելի շատ է շահագրգիռ այդ հարցում: Պապից պապ չլինենք: Բայց իշխող կուսակցության վերջին բաց հայտարարություններից հետո, սկսել եմ տագնապել, հարց տալ: Գուցե ավելո՞րդ են ճիգերը: Գուցե միամիտ հանա՞ք էր պատերազմը: Կամ դաժան խա՞ղ: Բանակցողը չի՞ հարցնի. եթե քո ճարպոտ գիտակցության մեջ քո ծննդավայրը դեռ չի դարձել Հայրենիք, դեռ վստահություն չունես, էլ ի՞նչ ես էստեղ գլուխ տանում: Հենց Ռուսաստանն ու Թուրքիան կհարցնեն, որոնք մի գիշերում զավթում են, առավոտը՝ ճանաչում: Թքած ունեն, թե ով ինչ կասի:
1990-ի հուլիսին Շահումյանում էի: Խորհրդային զորքը օղակել էր Ազատ, Կամո հայկական գյուղերն ու փողի դիմաց գրավելու իրավունք էր տվել թուրքին: Շահեն Մեղրյանի հետ անցանք դիրքերով: Զինավորի աղբյուրի մոտ հավաքված ազատամարտիկներն օգնություն էին խնդրում Հայաստանից: Չստացվեց: Նոր իշխանության եկած ՀՀՇ-ն սկսել էր կամավորական ջոկատների զինաթափումը: Ու թուրքերը օգտվեցին պահից: Ընկավ Արցախի հյուսիսային դարպաս Ազատն ու Կամոն եւ դուռ բացվեց Մարտունաշենի, Գետաշենի, ավելի ուշ՝ Աստծո դրախտ Շահումյանի անկման համար:
Ուղիղ քսան տարի է անցել: Հայաստանում այս օրերին ոչ ոք չհիշեց այդ տխուր տարեդարձը՝ թեկուզ քաղաքական դատարկ մի հայտարարությամբ: Թեկուզ էդ բնավեր մարդկանց սրտի հովարանքի համար, ում շահն էդ պատերազմից հայրենիքի ու իր լի տան կորուստը եղավ: Ու վերքը չի բուժվի, քանի դեռ մռայլ դագաղում կոփված մեր սուրբ մեռելների համր ձայները հանգիստ չեն տվել մեզ: Արյունից արյուն, սերմից սերմ՝ ո՞րն է քո հայրենի եզերքը, քո տան տեղը, կհարցնեն: Որ չմոռանանք ու չապրենք անանցյալ, անկիրք շների կյանքով:
«Կործանված թուրքին ոտքի կանգնեցրեց Եվրոպան, ու մեր արյունը շաղախ եղավ այդ միացումի»: Մեծ բանաստեղծի օրագրից է՝ գրված եղեռնի տարիներին: Եվրոպան այսօր էլ չի փոխվել այնքան, որ ճանաչի Արցախի ազատությունը: Ու չի փոխվելու, քանի դեռ խրոխտ ու հզոր փարոս չի վառվել նախ մեր հոգիներում: Քանի դեռ ծաղկուն ու մարդաբնակ չեն մեր հայրենի եզերքները: Ազատ չի մեր կամքը: Արցախի անկախության ճանաչման հարցը նախ Հայաստանի Ազգային ժողովի հարցն է: Հայաստանցիների իրավունքի ու պատվի հարցը: Ոչ թե Արցախը լքած փորապաշտ կատուների: Նրանց մի վստահեք: Նրանք այդ սուրբ տեղն էլ շահ են փնտրում ու փող: Կռվի ժամանակ մի խավ կար, որ թալան ու կողոպուտով հերոսացավ: Էսօր շա՜տ հարուստ է ու ազդեցիկ: Շարքային զինվորը մի փուշ անգամ ավարից վերցնելու իրավունք չուներ: Նրա շահը կռվելն էր ու էսօրվա թշվառ ապրուստը: Պաշտպանության ներկայիս նախարարը լավ կհիշի, թե ադրբեջանական գյուղերի թալանից հետո, էդ տականքը ոնց էր անցնում Արցախի ճակատային գիծը պահող հայկական գյուղերով, ահաբեկում թշնամու առաջխաղացմամբ ու սարսափած բնակիչների փախուստից հետո՝ թալանում նաեւ հայոց տները: Որ ետ գա, մութ ու սովի մեջ խարխափող ազգին «մեր դեմ խաղ չկա» մատների կոմբինացիան ցույց տա: Դաժան, նողկալի կապարով: Շենքով քանի՜ անգամ ենք փող հավաքել եւ կաշառք ուղարկել Հորադիզ, 1999թ. ծառայող մեր հարեւանի տղա Մանվելի հրամանատարին: Կարո՞ղ է, արդյոք, էդ կաշառք տվող զինվորի ու թալանին սովոր հրամանատարի համար Հորադիզը դառնալ Հայրենիք: Չեմ կարծում:
Հայոց բանակում այսօր հենց էդ չպատժված տականքն է շարունակում ծանակել, խոշտանգել ու սպանել խաղաղության մեջ ծառայող մեր որդիներին, թալանել նրանց կարիքավոր ընտանիքներն ու մնալ անպատիժ: Այդ տականքն այսօր ամենուր է. դատարանում, ոստիկանների եւ իշխանության շարքում: Թալանի մեջ անխնա է, գազանատիպ, սեռ ու ազգություն չունի: Մանկուրտ է: Էդ ամենակուլ գազանի համար, Արցախը կա, թե չկա, մեկ է:
Պինդ կապիր գոտիդ, ժողովուրդ: Ճար չունես: Վերքը նորից է արյունել: Տես, քո աչքի առաջ մահանում, վերջանում է քո երկիրը: Վախկոտություն մի խառնիր քո արիության ազնիվ սերմին: Մի վերջին ճիգով շտկիր մեջքդ, ըմբոստացրու միտքդ, ծով տուր, բռնի հրապարակ ու մեյդան, ինչպես մենք՝ 1988-ի հունիսի 15-ին: Երկրի հաստատուն բնակիչներին հարիր չէ իր տանն այսպես անպատիվ ապրելը, խեղճության ծակռտած թաղիքով պուճախներում մի կերպ ծվարելը: «Ավելի լավ է սովորել թագավորել, քան սովորել տառապել»: Քեզ համար է ասված: Հղփացած ու անտարբեր Եվրոպան չի գալու քեզ կյանք ու Արցախ շնորհի, չսպասես: Դու ես կռել քո շղթաները՝ քո հիմար մեղմությամբ ու նաիվ հավատով:
Ել ու պահանջիր քո զավակների արյան գինը: Մի անգամ եւս կանգնիր Արցախի անկախության ճանաչմանն ի շահ: Անգութ ու անխնա դատարկվող Արցախին ի շահ: Այդ անշահավետ ու անպատիվ հողի պաշտպանությանն ի շահ:
Կանգնիր քո երեխայից խլված անհոգ մանկության, մի կտոր չոր հացի համար: Անխղճորեն օտարված քո պապենական գույքի, հորենական ժառանգությամբ անցնող տուն ու տարածքի համար:
Խաղաղ ծառայության մեջ դաժանորեն խոշտանգված քո զինվոր տղերքի: Մարտի 1-ին գնդակահարված քո զավակների, քո փոխարեն, բանտերում տառապող խոհի նվիրյալների համար:
Հայաստանի անպաշտպան սահմանների համար, ուր մրրկարշավ ցեղն է ելումուտ անում ու նկարվում ի տես:
Մի հանդուրժիր օտարի բռնությունը քո տան մեջ: Արցախի հարցն այլեւս չի կարող զսպաշապիկ լինել մոտեցող նավաբեկության լաստին կառչած անժողովուրդ արքաների ու անօրեն ավարառուների ձեռքին: Հավատա, ու իսկական ղարաբաղցու ազնիվ տեսակը փնտրիր Ղարաբաղում, ով ապրում է քո կենդանարար խոսքով ու նույն խնդիրներն ունի՝ մազից կախված, անգամ քո կողմից չճանաչված իր երկրում:
Ես Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոցում հանդիպել եմ վշտից ցամաքած, թեքված ու տառացիորեն քուրջերի մեջ կորած մի կնոջ, ով կռվում երկու որդիներին ու ամուսնուն էր կորցրել: Ցնցող բան ասաց. «Պա հունց, մեր հողին համար ըն կյանք տվալ»:
Էդ մի կինը իր Արցախի համար այսօր ավելի մեծ արժեք է, քան ապահով երեւաններում դեգերող, շահույթ, այլ ոչ երբեք պատիվ ու անուն փնտրող բոլոր ղարաբաղցիները միասին: Որոնց, ընդամենը, հանդուրժում են այստեղ, այլ ոչ երբեք ընդունում:
Իսկական ղարաբաղցին Սուսաննա Բալայանն է, ով զենքը մեջքին կապած Բերդաձոր էր բարձրանում: Ով այսօր երաժշտության ու արվեստի դպրոց է բացել Տողում, ապրում է իր հոգու պայծառ հրդեհների, հայրենի բնաշխարհի կարմիր ու սեւ լեռների, մանուշակագույն մայրամուտների ու իր սաների պզտիկ ու մեծ ուրախությունների մեջ:
Որ հոգի առնի, կարեւորվի հողը:
Դառնա մարդկանց երկիր:
Դառնա Հայրենիք:
Առաջին հերթին՝ իր հողի արմատը լքած, իր ծառն ու քոքը ավազակ թշնամու մթին տագնապի ու անորոշության որոգայթին հանձնած, շքեղ քաղաքներում շահույթ ու ապահովություն փնտրող բոլոր ղարաբաղցիների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սրբուհի Հարությունյան says:

    Արցախը դրախտ է, հատկապես՝ գյուղատնտեսական գործունեության, հատկապես՝ այգեգործության համար: Արցախում անմահական մրգեղեն է աճում:

Պատասխանել