Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարին որոշիչ կարող է դառնալ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Նոյեմբերի 26-27-ին Սերբիայի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) գլխավոր համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերադարձից հետո «Առավոտը» հարցազրույց ունեցավ նրա հետ:

– Պարոն Ռոստոմյան, ԵՎՕԿ-ի գլխավոր համաժողովի օրակարգում շոշափված հարցերից որո՞նք են մեզ համար ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնում:
– Գլխավոր թեման 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքն էր, քանի որ քառամյա փուլի մարզական այդ ամենախոշոր իրադարձության մեկնարկին արդեն շատ քիչ ժամանակ է մնում: Կազմակերպիչները վստահեցրին, որ կազմակերպական առումով վերջին օլիմպիական խաղերում առաջացած խնդիրները Լոնդոնում կբացառվեն: Օլիմպիական օբյեկտները, նրանց ասելով, արդեն փետրվարին պատրաստ կլինեն մրցումներ կազմակերպելու: Կարեւոր հայտարարություններից էր այն, որ 2012թ. օլիմպիական խաղերի մասնակից երկրների բոլոր մարզաձեւերի օլիմպիական հավաքականները մինչեւ Խաղերի մեկնարկը դրանք փորձարկելու հնարավորություն կունենան՝ տեղերում ուսումնամարզական հավաքներ, մարզումներ անցկացնելով: Դրա իմաստն այն է, որ մարզիկը տեսնի, զգա իր ապագա մրցավայրը: Մենք կազմկոմիտեի հետ արդեն խոսել ենք, թե որտե՞ղ է լինելու «Հայկական տունը», մեր պատվիրակությունները ո՞ր հյուրանոցներում են բնակվելու ու այդ կարգի բազմաթիվ հարցեր ենք շոշափել: Այս բոլոր հարցերը, կարծում եմ, ավելի հստակ կդառնան, երբ փետրվարին, պայմանավորվածության համաձայն, ներկայացուցիչներ կգործուղենք Լոնդոն:
Մեզ, բնականաբար, հետաքրքրում էին նաեւ պատանեկան օլիմպիական խաղերը, որտեղ քննություն է անցնում մեր վաղվա սպորտը, ապագան: Տեղյակ եք, որ երկրորդ խաղերը հյուրընկալվելու են Չինաստանի Նանյանգ քաղաքում: Այստեղ էլ աշխատանքները լրիվ թափով են ընթանում, եւ հաշվի են առնված Սինգապուրում եղած բացթողումները:
Համաժողովում ԵՎՕԿ-ի հանձնաժողովները ներկայացրին իրենց տարեկան հաշվետվությունները: Ուրախալի էր, որ դրանցից մեկում «Օլիմպիական համերաշխության» շրջանակներում Հայաստանի՝ «Սպորտը՝ բոլորի համար» ծրագիրը, որն այս տարի անցկացրինք Գյումրիում, ճանաչվել էր լավագույնը Եվրոպայում:
Բելգրադում որոշվեց 2015 թվականի օլիմպիական պատանեկան ամառային փառատոնն անցկացնել Թբիլիսիում, որի մրցակիցը Բռնո քաղաքն էր: Դա ուրախալի իրողություն է: Վրաստանը մեր հարեւան երկիրն է, հետեւաբար, ԵՎՕԿ-ում մեզ արդեն նայում են ոչ միայն որպես մարզական ուժեղ տարածաշրջանի, այլեւ՝ վստահելի գործընկերոջ ու սկսել են նման խոշոր մարզական միջոցառումների կազմակերպում վստահել: Հնարավոր է՝ մի գեղեցիկ օր էլ մենք մարզական խոշոր իրադարձություն հյուրընկալող երկիր դառնանք:
– Պաշտոնականից զատ անձնական հանդիպումներ ունեցա՞ք:
– Բազմաթիվ: ԱՊՀ, Բալթյան երկրների, Սերբիայի, Կիպրոսի, Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի եւ այլ երկրների մարզական ղեկավարների հետ քննարկեցինք համագործակցություն հաստատելու, եղածը՝ խորացնելու, ընդլայնելու եւ ամրապնդելու հետ առնչվող կոնկրետ խնդիրներ, որոնց նախապատրաստական աշխատանքները, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, սկսելու ենք արդեն եկող տարվանից:
– Դրանք ինչպե՞ս են արտահայտվելու:
– Օլիմպիական կոմիտեների ձեռք բերած համաձայնությունների եւ ստորագրած պաշտոնական փաստաթղթերի շրջանակներում փոխադարձ մարզական միջոցառումների կազմակերպման, համատեղ ոսումնամարզական հավաքների անցկացման, փորձի, մասնագետների, մարզիկների փոխանակման եւ այլ տեսքով: Դրանք փոխադարձաբար շահավետ կլինեն առնվազն երկու առումով: Առաջին. հաճախ ազգային ֆեդերացիաների միջեւ նման սերտ շփումները կամ թերի են լինում, կամ չեն կայանում խոչընդոտող ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Իսկ այս դեպքում համագործակցությունը դրվում է օլիմպիական կոմիտեների ավելի բարձր ու վստահելի հիմքերի վրա: Երկրորդ, կան մարզաձեւեր, որոնք զարգացած են վերոնշյալ երկրներում, ու մենք նրանց աջակցության կարիքն ունենք, եւ հակառակը՝ մեր զարգացած մարզաձեւերի մասնագետները կարող են օգտակար լինել նրանց:
– Հայաստանում ձմեռային մարզաձեւերը կրիայի քայլերով են զարգանում: Այս ոլորտում վճռական քայլեր ե՞րբ են ձեռնարկվելու:
– ՀԱՕԿ-ում մի քանի օր է, ինչ ստեղծվել է ձմեռային մարզաձեւերի բաժին, որը հիմա զբաղվում է ինֆորմացիոն բանկի հավաքմամբ ու ստեղծմամբ: Ընտրված են մեր լավագույն մասնագետները: Հավատացեք, որ, կոնկրետ աշխատանքներ սկսելու համար բավարար նյութ կուտակվելուց հետո, ձմեռային մարզաձեւերում դրական տեղաշարժերն ավելի նկատելի կդառնան: Չեմ ասում, թե չորս տարի անց օլիմպիական մեդալակիրներ կունենանք, բայց որ մեր մարզիկների որակն ու քանակը կավելանա՝ միանշանակ է: Այդպես ասում եմ նաեւ նրա համար, որ Բելգրադում հանդիպել եւ նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաեւ ձմեռային մարզաձեւերի առանձին միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ:
– Այսօր առանց բժշկության սպորտում լուրջ եւ կայուն ցուցանիշների մասին խոսելու հարկ էլ չկա: Այս ոլորտո՞ւմ ինչ է սպասվում:
– Բելգրադում հանդիպում ունեցանք նաեւ ԵՎՕԿ-ի բժշկական հանձնաժողովի հետ: Տեղեկացրինք, որ մեր օլիմպիական կոմիտեում առանձին բաժին է ստեղծվել: Ողջունեցին մեր այդ քայլը եւ սիրով համաձայնեցին ըստ ամենայնի համագործակցել եւ աջակցել: Հավանաբար, առաջին անգամ մեր սպորտային բժիշկները զբաղվելու են Անգլիայի կլիմայի ուսումնասիրությամբ, որպեսզի հավաքականները ճիշտ պլանավորեն հավաքների անցկացման վայրերն ու ժակետները՝ Լոնդոն լավագույն մարզավիճակով ներկայանալու համար:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ նախորդ օրը «VivaCell-MTS»-ի եւ «Հատիս Երեւան» բասկետբոլային ակումբի միջեւ 2011 թվականին համագործակցությունը շարունակելու առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հնչած մի քանի հարցի՝ նրա ոչ ամբողջական պատասխանների հստակեցմանը: «Նախ ասեմ մի նորություն. երեկ թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, – ասաց նաեւ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:- Նրան ժամանակավորապես կփոխարինի մեր մարզիչներից Վարդան Խաչատրյանը: Նրան մենք բոլորս ամեն բանով կօգնենք: Ինչ վերաբերում է թիմի նոր համալրմանը, երկու խաղացող է գալու՝ Ուկրաինայից եւ Բոսնիայից: Եվ երկուսն էլ իրենց ազգային հավաքականների առաջատարն են, այլ ոչ թե առաջատարներից մեկը: Եկող տարի Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու նպատակը մնում է ուժի մեջ: Բայց այս տարվա պես մեր կամքից անկախ ձախողվելու դեպքում ունենք այլընտրանքային մի քանի տարբերակ, որոնց, իսկապես, այսօր անդրադառնալու հարկ չկա: Ասուլիսում ասացի, որ այսօրվա մեր լեգեոներականներն իրենց խաղամակարդակով բարձր են անցած տարվա մեր ունեցածներից, սակայն թիմային խաղը չի ստացվում: Եվ գիտե՞ք, թե որն է պատճառը: Խաղաոճերի տարբերությունը՝ ամերիկյան, եվրոպական եւ հայկական բասկետբոլային ոճերի: Դրա համար խաղադաշտում համագործակցությունը չի ստացվում: Անցած տարի եվրոպացիները մեծամասնություն էին կազմում, եւ ամերիկացիները հարմարվում էին նրանց: Դրա համար էլ հաջողություն կար: Այս տարի թիվը հավասարվել է, գումարած՝ մեր բասկետբոլիստուհիները: Հարկավոր է թիմն ավելի շատ համալրել մի ոճի ներկայացուցիչներով: Մեր պարագայում՝ եվրոպական, քանի որ «Հատիսը» խաղում է Եվրագավաթում՝ եվրոպական թիմերի հետ: Առայժմ՝ այսքանը»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել