Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ֆիլմ ցուցադրվեց: Վավերագրական ֆիլմի սյուժեում տեղ են գտել տեղեկություններ Տիգրան Մեծի կյանքի, գործունեության եւ գահակալության դարաշրջանի մասին, մի դարաշրջանի, որը խոր հետք թողեց ոչ միայն հայ, այլ նաեւ համաշխարհային պատմության մեջ: «Տիգրան Մեծը հանդիսանում է պետական գործչի վառ օրինակ՝ ունակ 20-25 տարի առաջ պլանավորելու պետության ռազմավարությունը: Ելնելով ժողովրդի շահերից՝ ամենից առաջ նա մտածում էր հայրենիքի մասին՝ այլ ոչ թե սեփական կառավարման»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր, պատմաբան Արտակ Մովսիսյանը: Պատմաբանը նաեւ նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարությունը հավանություն է տվել՝ ֆիլմը օգտագործել որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ՝ Հայաստանի միջնակարգ դպրոցների համար: