Արդեն 10 տարի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Նորաշենի դպրոցում աշակերտները կրում են դպրոցական համազգեստ: Աղջիկները խորհրդային ժամանակների նման սպիտակ գոգնոցներով են, իսկ տղաները՝ սպիտակ վերնաշապիկներով:
Դպրոցի տնօրեն Զեմֆիրա Թարխանյանի վկայութամբ՝ դպրոցական արտահագուստը գոհունակությամբ է ընդունվում թե մանկավարժների, թե աշակերտների ծնողների կողմից: Դժգոհ չեն նաեւ կրթօջախի 194 աշակերտները: Նրանք, սակայն, ցանկանում են լոկ թարմացնել դպրոցական համազգեստը, որպեսզի այն թե ֆիզիկական առումով նոր լինի, թե ժամանակին համապատասխան նորաձեւ: Տնօրենի խոսքերով՝ համազգեստի հայթայթումը դժվար է, այն ձեռք են բերում ծնողների եւ դպրոցի տնօրինության համատեղ ջանքերով: Զեմֆիրա Թարխանյանն ասում է, որ երեխաները համազգեստով իրենց աշակերտ են զգում: