Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք»

Դեկտեմբեր 04,2010 00:00

Մոնոներկայացում՝ ռուսական թատրոնում

\"\"

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանձնվեց  «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» մոնոներկայացումը՝ ըստ Լեւոն- Զավեն Սյուրմելյանի համանուն վեպի: Պիեսի բեմականացումն ու բեմադրությունը իրականացրել է նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը:
«Առավոտի» հետ զրույցում դերասանն ասաց, որ վաղուց էր մտադրվել եղեռնի թեմայով բեմադրություն անել: «Անցյալ տարի ծանոթացա Լեւոն- Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» վեպին: Այն ինձ առաջին իսկ ընթերցումից գրավեց»,- նշեց Ռ. Հակոբյանն ու հավելեց, որ վեպը, բնականաբար, ամբողջովին չի «մտցրել» ներկայացման մեջ, քանի որ ծավալուն գործ է:
 Ռ. Հակոբյանի մոնոներկայացման հիմքում 8-ամյա տղայի հուշերն են եղեռնի մասին, նրա վերապրած ահն ու սարսափը: 
Դերասանը փաստեց նաեւ, որ բեմադրական աշխատանքները բավականին դժվար են ընթացել. «Ես այն դերասաններից եմ, ով բավականին արագ է հիշում տեքստը: Այս պիեսի պարագայում պատկերն այլ էր»:
Ռ. Հակոբյանը ասաց նաեւ, որ ներկայացման կայացմանը մեծ լումա ունեն ռեժիսոր Արման Միրիջանյանը եւ սցենոգրաֆ Արթուր Հարությունյանը: Վերջինիս հետ  Ռ. Հակոբյանը աշխատել է Ս. Ցվեյգի «Ամոկ» մոնոներկայացման ժամանակ: Ինչ վերաբերում է Արման Միրիջանյանին, նա  «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» մոնոներկայացման երաժշտական ձեւավորման հեղինակն է:
Ռ. Հակոբյանի «Ամոկը» մասնակցել է թատերական տարբեր փառատոների եւ հաջողություն ունեցել: Վերջերս էլ դերասանը գրանցել է իր հերթական հաղթանակը Բրեստի «Բելայա վեժա» թատերական փառատոնում: Փառատոնի կազմկոմիտեն ռուսական թատրոն շնորհակալական նամակ է գրել, որտեղ փաստել է դերասանի վարպետությունն ու խոսել Ռ. Հակոբյանի ունեցած հաջողության մասին: 
Մեզ հետ զրույցում Ռ. Հակոբյանը ասաց նաեւ, որ «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» մոնոներկայացումը եւս կմասնակցի փառատոների:
Հարցին՝ ինչո՞վ է գրավում դերասանին մոնոներկայացման ժանրը, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Եթե երկու-երեք տարի առաջ ինձ առաջարկեին խաղալ մոնոներկայացման մեջ՝ հաստատ կհրաժարվեի: Ինչը  մի քանի անգամ արել եմ:  Ինձ թվում էր՝ մոնոներկայացումը բավականին անհետաքրքիր ու ձանձրալի է, բայց երբ բեմադրեցի եւ խաղացի Ս. Ցվեյգի «Ամոկը», սիրահարվեցի այդ ժանրին: Մոնոներկայացման մեջ դո՛ւ ես ու քո սարերը»: 
Դերասանը ընդգծեց, որ մոնոներկայացումների ընթացքում փորձում է ոչ թե մենամարտել հանդիսականի հետ, այլ նրան ներգրավել խաղի մեջ: Ռ. Հակոբյանը համեստորեն նշում է, որ իր մոտ դա, երբեմն, ստացվում է:
«Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» մոնոներկայացման ռեժիսոր Արման Միրիջանյանն էլ հավելեց. «Գործը ինքնին համարձակ է: Ես ինքս հենց սկզբից չեմ միացել գործին: Ինձ հրավիրել են այն ժամանակ, երբ բեմադրությունը պրոցեսի մեջ էր: Կարծում եմ՝ ստացված գործ է եւ իրավունք ունի ապրելու: Հուսամ՝ Ռոբերտը այն տարբեր բեմերում կներկայացնի եւ հաջողություններ կգրանցի»:
Ա. Միրիջանյանը ասաց նաեւ, որ Ռ. Հակոբյանը իր վաղեմի ընկերն է, սակայն երբեւէ չի հաջողվել նրա հետ «հանդիպել» բեմում:
Հավելենք՝ ներկայացման առաջնախաղը դեկտեմբերի առաջին կեսերին է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել