Հայազգի օպերային բաս Վազգեն Ղազարյանը փայլում է «դրսի» բեմերում
Մայր եւ որդի Ղազարյանները
Այն կարծիքն է ձեւավորվել, որ տարբեր ոլորտներում ի հայտ եկող ժառանգականությունը ընդամենը սեփական զավակներին ճանապարհ բացելու, նրանց համար լավ կյանք ապահովելու միջոց է: Արվեստում, սակայն, այդ գործոնը կարեւոր նշանակություն ունի: Օրինակ, Մարտիրոս Սարյանի, Վարդան Աճեմյանի, Բաբկեն Ներսիսյանի, Ավետ Տերտերյանի եւ այլոց պարագայում ունենք արժանի հետնորդներ:
Ժառանգականությունը իր դերն է կատարել նաեւ Ղազարյանների ընտանիքում: Օրերս «Առավոտը» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ներկա գտնվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Ասյա Ղազարյանի դասարանական համերգին: Նրա որդին՝ Վազգեն Ղազարյանը, ներկայումս Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի օպերային թատրոնի մեներգիչ է: Վերջերս, Ռուսաստանի ազգային նվագախմբի (ղեկավար՝ Միխայիլ Պլետնյով, դիրիժոր՝ Կենտ Նագանո) եւ մեներգիչների մեկնաբանմամբ Վագների «Վալկիրիա» օպերայի համերգային կատարումից հետո, ռուսաստանյան մամուլը տղամարդ երգիչներից առանձնացրել է հայ օպերային բասի կատարումը:
Անդրադառնալով պրոֆեսոր Ղազարյանի դասարանական համերգին, նշենք, որ դուետների եւ տրիոների կազմում ընդգրկված կոնսերվատորիայի ուսանողները հանդես եկան բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների բարձրակարգ կատարումներով:
Չառանձնացնելով որեւէ ելույթ, այնուամենայնիվ, նշենք, որ երեկոյի ավարտին հնչած Գ. Չեբոտարյանի դաշնամուրային տրիոյի (Ա. Ջիլավյան՝ դաշնամուր, Տ. Երիցյան՝ ջութակ, Մ. Գունդիրեւ՝ թավջութակ) ուսանողական մեկնությունը սպասվածից վեր էր, որի վկայությունն էին երկարատեւ հնչող ծափողջույնները: Համերգին ներկա մասնագետները հիացած էին ներկայացվող ծրագրով: Այն յուրահատուկ էքսկուրս էր 1945-ից (Գ. Չեբոտարյանի դաշնամուրային տրիո) մինչեւ 1996 թվականը (Մ. Կոկժաեւ՝ «Լուսնի լույս» տրիո), ընդգրկում էր հայ կոմպոզիտորական դպրոցի անվանի ներկայացուցիչների՝ Ալ. Հարությունյանի, Գ. Հախինյանի, Վ. Աճեմյանի գործերը:
Օպերային երգիչ Վ. Ղազարյանը ժամանակին հանդես է եկել Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում բեմադրված ներկայացումներում առաջատար դերերգերով եւ ընդամենը մեկ դերերգով՝ Ազգային օպերային թատրոնում (Զարաստրո՝ Մոցարտի «Կախարդական սրինգ»): Երիտասարդ արվեստագետը տեւական ժամանակահատված հանդես է եկել նաեւ Լիսաբոնի օպերային թատրոնում եւ Իտալիայում:
Օպերային երգչի հայաստանյան լռության մասին տեղեկություն ստանալու ակնկալիքով դիմեցինք տիկին Ղազարյանին: Վերջինիս փոխանցմամբ, որդին 4-րդ տարին է, ինչ հանդիսանում է Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի օպերային թատրոնի մեներգիչ, միայն այս տարի հանդես է եկել շուրջ 30 դերերգով՝ Վերդիի «Աիդա», «Դիմակահանդես-պարահանդես», Պուչինիի «Տոսկա», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» եւ այլ օպերային ներկայացումներում: «Ընթացիկ խաղաշրջանում Բոյտոյի «Մեֆիստոֆել» օպերայի ներկայացումը Գերմանիայում ճանաչվել է լավագույնը, որտեղ որդիս հանդես է եկել Մեֆիստոֆելի դերերգով: Այժմ նա պատրաստվում է մենահամերգներով հանդես գալ Իտալիայի տարբեր քաղաքներում…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Իսկ Վազգենին այլեւս չի՞ ձգում երեւանյան բեմը: Ա. Ղազարյանը, շրջանցելով հարցը, ընդամենը հայտնեց, որ որդին խիտ ժամանակացույցի պայմաններում էլ ժամանակ է գտնում տարեկան 1-2 անգամ այցելել հայրենիք: