Հարավային Կորեայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. պատգամավորները չափազանց բուռն են քննարկել պետական դպրոցներում սովորողներին անվճար սնունդ տրամադրելու մասին օրինագիծը: The Daily Telegraph-ի փոխանցմամբ, այդ երկրում իշխող «Մեծ ազգային կուսակցության» պատգամավորները, որոնք առարկել են օրինագծի դեմ, փորձել են բարձրանալ նիստերի դահլիճի նախագահություն, իսկ ընդդիմության ներկայացուցիչներն արգելափակել են նրանց ճանապարհը: Պատգամավորները սկսել են հրմշտել իրար, հայհոյել եւ ծեծել միմյանց: Պատգամավորներից մեկին, այնուամենայնիվ, հաջողվել է ճեղքել կենդանի արգելապատնեշը, ու նա փորձել է գրավել խորհրդարանի խոսնակի տեղը: Ծեծկռտուքը շարունակվել է այնքան ժամանակ, մինչեւ ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության պատգամավորները հաջողացրել են իշխող կուսակցության իրենց գործընկերներին հեռացնել նախագահությունից: Հավելենք, որ հարավկորեացիների մոտ 60-80 տոկոսը կողմ է դպրոցական անվճար սնունդ բաշխելու օրինագծին, բայց կառավարությունն ու իշխող կուսակցությունը շարունակում են պնդել, որ անվճար սնունդը պետք է տրվի բացառապես անապահով ընտանիքների երեխաներին: