Wikileaks ինտերնետ ռեսուրսը փոխել է իր հասցեն այն բանից հետո, երբ նախկին կայքը սպասարկող ամերիկյան EveryDNS ընկերությունը հրաժարվել է համագործակցել Wikileaks.org-ի հետ՝ պատճառաբանելով ինտերնետ կայքի վրա կատարվող զանգվածային կիբերհարձակումների փաստը, որը սպառնում է մյուս օգտագործողների աշխատանքի կայունությանը: BBC-ի մատուցմամբ, wikileaks-ի ղեկավարությունը Twitter սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է, որ կայքի դոմենը «սպանվել է ամերիկյան սերվերի կողմից», եւ, այդուհանդերձ, վեբ-ռոսուրսին մուտք կարելի է ունենալ wikileaks.ch եւ կամ https:// 213.251.145.96/ հասցեով: Երեկ սկանդալային համբավ ձեռք բերած կայքի հիմնադիր Ջուլիան Ասսենջը, The Guardian կայքում, մեկ ժամ շարունակ online ռեժիմով պատասխանել է իրեն ուղղված հարցերին:
Երեկ նույն կայքի վերաբերյալ ավելի քան ուշագրավ տեղեկություն է հրապարակել news.am- ը: Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի բոլոր լրատվամիջոցները որպես ցնցող լուր են ներկայացնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակած Wikileaks-ի կայքէջում հայտնվել է արխիվների սենյակի մի նկար, որտեղ դարակներից մեկի վրա դրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Կայքում տեղադրված են նկարներ, որոնք այցելուները կարող են ներբեռնել ու օգտագործել որպես՝ մոնիտորի էկրանին տեղադրվող նկարներ: Այդ նկարներից մեկում, որը խորագրված է «Ժամանակն է բացել արխիվները», պատկերված են արխիվների դարակները՝ սկանդալային գործերի անվանումներով։ Դարակներից մեկում դրված է Աթաթուրքի լուսանկարը, իսկ պատից կախված է ԱՄՆ նախկին նախագահներից Նիքսոնի լուսանկարը, ով հրաժարական էր տվել սկանդալային Watergate-ի պատճառով։ Ի դեպ, Աթաթուրքի լուսանկարի ներքեւի դարակում դրված է նարգիլե: Դարակների վրա հայտնված գրությունները վերաբերում են՝ աֆղանական պատերազմին, Քենեդիի սպանությանը, բանկային խարդախություններին, Գուանտանամոյին, Բիլդերբերգի հանդիպմանը։ Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է մեղադրական գործերով լցված դարակներից մեկում դրված Աթաթուրքի լուսանկարը։ Որոշները կարծում են, որ դա կապված է հայերի եւ հույների ցեղասպանություններին նրա առնչություն ունենալու հետ: