Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"\"ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

Հարց. Պարոն նախարար, երեկ Աստանայում ավարտվեց ԵԱՀԿ գագաթաժողովը, որին առանձնահատուկ հետաքրքրությամբ էին հետեւում Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում հնարավոր զարգացումների համատեքստում: Ինչպե՞ս եք գնահատում այն:
Պատասխան. Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով:
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների, Ֆրանսիայի վարչապետի եւ ԱՄՆ պետքարտուղարի կողմից գագաթաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությամբ ամրագրվում է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Աստանայում ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին: Դա իր ելույթում հատուկ շեշտեց Ռուսաստանի նախագահը:
Կարծում եմ, որ դա լուրջ նախազգուշացում է Ադրբեջանի ղեկավարությանը:
Հարց. Վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվում է այն միտքը, որ պետք չէ ժամանակ վատնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, Բաքուն շարունակում է նաեւ ընտրողաբար մոտենալ այդ սկզբունքներին եւ յուրովի մեկնաբանել դրանք:
Պատասխան. Միջնորդ երեք երկրները Աստանայում կոչ արեցին կողմերին՝ ջանքերը կենտրոնացնել կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջացման վրա: Սա հստակ պատասխան է հիմնարար սկզբունքների համաձայնեցումից խույս տալու Բաքվի փորձերին:
Աստանայի համատեղ հայտարարությամբ կարեւորվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների 2008 թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը եւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանյան հայտարարությունը, ու ընդգծվում է, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009 թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները:
Եվս մեկ կարեւոր հանգամանք, որն իր ելույթում Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծեց եռանախագահող երկրների անունից. առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի՝ մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
Ի դեպ, Ֆրանսիայի վարչապետը եւս իր ելույթում ընդգծեց ներկայացված առաջարկների ամբողջականությունն ու անբաժանելիությունը:
Նույն մոտեցումն էր արտահայտված նաեւ Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից արված համատեղ հայտարարության մեջ: Այդ մոտեցումը ակնհայտ դժգոհություն էր առաջացրել Բաքվում: Իսկ մենք հայտարարեցինք, որ կիսում ենք այդ տեսակետը:
Բացի հնգակողմ հայտարարությունից, ԵԱՀԿ բոլոր 56 անդամ երկրներն ընդունեցին գագաթաժողովի հռչակագիրը, որում ասվում է, որ ջանքեր պետք է գործադրվեն առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ խաղաղ եւ բանակցային ճանապարհով, գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում՝ ամբողջովին հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ամրագրված են ինչպես Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտում: Կցանկանայի եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել “գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում” ձեւակերպման վրա, ինչը եւս պատասխան է հիմնախնդրի կարգավորումը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու Բաքվի շարունակական փորձերին:
Վերոհիշյալին հարկ է ավելացնել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները, որոնք արտահայտված են նաեւ ԵԱՀԿ 56 անդամ պետությունների նախարարական 2008թ. դեկտեմբերի Հելսինկիի, 2009թ. դեկտեմբերի Աթենքի եւ 2010թ. հուլիսի Ալմաթիի հանդիպումների շրջանակներում ընդունված հայտարարություններում:
Միջազգային հանրության այս բոլոր մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի մոտեցումներին, որոնք մենք բազմիցս արտահայտել ենք:
Կարող է հարց ծագել. ինչո՞ւ են միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում մեր դիրքորոշումների հետ: Իհարկե՝ ոչ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմնակալ վերաբերմունքի հետեւանքով, այլ այն պարզ պատճառով, որ ինչպես եւ մենք, միջազգային հանրությունը եւս ցանկանում է բանակցային գործընթացի շարունակումը եւ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ միջազգային մանդատով օժտված միջնորդների կողմից առաջարկված վերոհիշյալ սկզբունքների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել