Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջիմ Թորոսյանի մարդկային հմայքն իր ծիծաղն է»

Դեկտեմբեր 04,2010 00:00

\"\"Լեւոն Թոքմաջյանը հենց սա է փորձել «ամրագրել» մեդալի վրա

«Շենքը ոչինչ է, եթե դրա ստեղծման մեջ հոգի չկա: Զգացողության, փիլիսոփայության, հավատարմության լավագույն հատկանիշներով են ստեղծվել Ջիմ Պետրովիչի ճարտարապետական գործերը»,- «Առավոտի» հետ զրույցում ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանին այսպես ներկայացրեց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ջ. Թորոսյանի ստեղծագործությունները, որոնք հիմնված են հայ եւ համաշխարհային ճարտարապետության խոր ակունքների եւ ժամանակակից արժեքների վրա, այսօր զարդարում են մայրաքաղաք Երեւանը, Մայր աթոռ սբ Էջմիածինը, Սպիտակն ու շատ այլ բնակավայրեր: Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի, ԿԳ նախարարության, Ճարտարապետների եւ շինարարների միությունների նախաձեռնությամբ այսուհետ վարպետի անվամբ մեդալ կստանան այն ուսանողները, ովքեր միջազգային մրցույթներում կարձանագրեն հաջողություններ, նվիրված կլինեն իրենց մասնագիտությանը: Երեկ ճարտարապետների միությունում կայացավ «Ջիմ Թորոսյան» մեդալի շնորհանդեսը, որի հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է, իսկ կազմկոմիտեի նախագահը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը հայտնեց, որ բացի մեդալից, նպատակ ունեն նաեւ ստեղծել «Ջիմ Թորոսյան» կրթաթոշակային ֆոնդ: Անգլերեն եւ հայերեն մեդալների վրա պատկերված է անվանի ճարտարապետի դիմանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Կասկադ համալիրի հարթաքանդակների համադրությամբ: Ջ. Թորոսյանին արդեն երկար ժամանակ ճանաչող հեղինակ Լ. Թոքմաջյանն անկեղծացավ. «Ինձ համար մեդալի կոմպոզիցիան անելը ե՛ւ հեշտ էր, ե՛ւ դժվար: Ջիմ Թորոսյանի մարդկային հմայքն իր ծիծաղն է, մեդալի վրա փորձում էի Ջիմ Թորոսյան ճարտարապետին եւ անձին ներկայացնել»: Ապա հիշեց իր հանդիպումները վարպետի հետ, որոնց միշտ ներկա էր լինում նաեւ նշանավոր մտավորական Լեւոն Հախվերդյանը. «Նա միշտ ասում էր՝ Ջիմ Պետրովիչ, ծիծաղդ մի՛ շռայլիր, քո ծիծաղը միլիոն արժի»: Ջիմ Թորոսյանի ստեղծագործական աշխատանքների մի զգալի մասը կյանքի է կոչվել Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի օրոք: Նա նշեց. «Ջիմ Պետրովիչի ներկայությունը քաղաքային խորհրդում, քաղաքային խորհրդի նիստերի ժամանակ, շատ դեպքերում զգաստացնում էր ոչ միայն նիստի մասնակիցներին, այլեւ քաղաքապետին: Նա մեր ճարտարապետների նահապետն է»: Ջ. Թորոսյանն էլ միայն շնորհակալություն հայտնեց իր ուսուցիչներին՝ Ռաֆայել Իսրայելյանին, Վարազդատ Հարությունյանին, այլոց. «Առանց հայրենիքի՝ արվեստ գոյություն չունի, ահա այս գիծը, կողմը, էությունը Վարազդատ Հարությունյանը կարողացավ ներարկել: Նա հետաքրքիր կերպով էր անցկացնում դասախոսությունները, մեզ բերում էր Հռիփսիմեի վանքի մոտ, հետո տանում Զվարթնոց, այդ վայրերում էինք խոսում ճարտարապետության մասին»:
ՀՀ ճարտարապետների միության նախագահին հարցրինք, որքանո՞վ է այսօր պահպանվում հայ ճարտարապետական ավանդույթները: Պատասխանեց. «Բացեր միշտ կգտնենք: Սրանք ժամանակավոր բաներ են՝ կապված տնտեսության հետ, ճարտարապետությունը հզոր տնտեսություն է սիրում»:
Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ համալսարանը, որտեղ այսօր ուսումնասիրվում է ճարտարապետության գիտությունը, համալսարան է նաեւ Ջիմ Թորոսյանի շնորհիվ: «Այսօր ճարտարապետության եւ շինարարության բնագավառում Հայաստանը աշխարհում շատ հետ չի: Ֆրանսիայի կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, որով մեր դիպլոմը հավասար է համարվում ֆրանսիականին»,- մեզ հետ զրույցում ասաց ռեկտորը: Խոսելով ապագա ճարտարապետներին կրթելու մասին, նա կարծիք հայտնեց, որ հայ ուսանողները փայլում են նաեւ միջազգային ասպարեզում: Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախորդ տարի դիպլոմային աշխատանքներով 57 ճարտարապետական դպրոցների մեջ 30 անվանակարգերից 13-ը շահել են հայ ուսանողները. «Ճարտարապետական ֆակուլտետում պահպանվում են ավանդույթները, դա միակ ֆակուլտետն է, որտեղ նույնիսկ 90-ականներին, երբ ծանր տարիներին կրթական համակարգը խարխլված էր, կաշառակերություն չեղավ»: Ըստ նրա, այսօր Երեւանում լուրջ խնդիր է ճարտարապետական կանաչ տարածքների օրեցօր նվազումը, որը քաղաքաշինական նորմերով մի քանի անգամ պակաս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել