Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Հայրը կասկածում է, որ դուստրը ինքնասպան է եղել

«Առավոտի» 25.11.2010 թ. համարում «Ո՞րն էր ինքնասպանության պատճառը» հոդվածում անդրադարձել էինք ՀՊՏՀ նախկին ուսանողուհի Գոհար Խաչատրյանի մահվանը: Երեկ «Առավոտի» խմբագրություն էր եկել Գոհարի հայրը՝ Անդրանիկ Խաչատրյանը, ով կասկածի տակ էր դնում իր դստեր՝ ինքնասպան լինելը: Պարոն Խաչատրյանը պատմեց Գոհարի մանկությունից մի շարք դրվագներ, մեզ ցույց տվեց լուսանկարներ, նաեւ նշեց, որ ինքն իր ընտանիքը բավականին լավ է պահում, եւ հնարավոր չէր, որ Գոհարը սոցիալական ծանր վիճակից ելնելով դիմեր ինքնասպանության. «Նա սուր կարիքի մեջ ապրած երեխա չէր: Ես 13 տարի է, ինչ աշխատում եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ ընտանիքս այնքան լավ եմ պահում, որ երեք դստրերիս համար Հայաստանում երկու բնակարան եւ Օդինցով քաղաքում հողամաս եմ գնել: Երեխաներս բոլորն էլ գերազանցությամբ են սովորել: Գոհարի քույրերը՝ Կարինեն ու Անահիտը, ինձ պես գործնական են, իսկ Գոհարը մորն էր նման. հանգիստ բնավորություն ուներ: Նա, մագիստրատուրան ավարտելուց հետո, անգլերենի քննություններ էր հանձնում մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար, այդ պատճառով էլ ուշացել է ասպիրանտուրայի անգլերենի քննությունից: Կարծում էր՝ ավելի շատ ժամանակ ունի, սակայն պարզվել է՝ ժամանակն ավելի կարճ էր: Ինչ վերաբերում է հիվանդանալուն եւ դասերի չհաճախելուն, նրան տարանք հոգեբանի մոտ, ով ասաց, որ ոչ մի լուրջ խնդիր չկա»: Գոհարի հայրը բացառում է նաեւ աշխատանք չգտնելու պատճառով ինքնասպան լինելու վարկածը. «Այդ դեպքից 5-10 օր առաջ հեռախոսով խոսել եմ Գոհարի հետ եւ նրան հաղորդել, որ իմ ընկերներից մեկը առաջիկայում նրան բանկում աշխատանքի է տեղավորելու»:
«Առավոտը» հետաքրքրվեց՝ գուցե Գոհարն անձնական խնդիրնե՞ր ուներ, կամ ինչ-որ աղանդի՞ էր հարում: Հայրն այս վարկածներն էլ բացառեց: Պարոն Խաչատրյանը, դառնալով Գոհարի հետ կատարված դժբախտության օրվան, պատմեց. «Հարսանեկան արարողության մասնակցելու առիթով նա մոր հետ գնացել էր Կիեւյան փողոցում գտնվող «Միլենա» վարսավիրանոց:
Քանի որ մայրը դեմքը պիտի հարդարեր, Գոհարը մի 15 րոպե շուտ է դուրս եկել վարսավիրանոցից: 18.45-ին մայրն ավարտել է  գործերը եւ սկսել զանգել Գոհարին: Զանգը գնացել է, բայց ազդանշան չի լսվել, ու այսպես 1,5 ժամ… թե ի՞նչ է եղել այդ ընթացքում, պարզ չէ»: Պարոն Խաչատրյանը, մանրամասն ուսումնասիրելով եւ համադրելով փաստերը, ավելի ու ավելի է համոզվում, որ դուստրը ինքնասպանություն չի գործել: «Պարզեցի, որ վարսավիրանոց մտնելուց առաջ Գոհարը մորը նույնիսկ առաջարկել է դուրս գալուց հետո մի փոքր զբոսնել»,- Գոհարի հայրը զարմացած է, թե ինչպե՞ս կարող է լավ տրամադրություն ունեցող անձը րոպեներ հետո ինքնասպան լինել: Նա շարունակեց. «Սպանությունն էլ եմ բացառում, ժամանակը կարճ էր, ու Գոհարը թշնամիներ չուներ: Ենթադրում եմ, որ եղել է ավտովթար: Ըստ երեւույթին, ցանկացել են Գոհարին հասցնել Հանրապետական հիվանդանոց, բայց երբ ճանապարհին մահացել է, որոշել են ազատվել դիակից»: Պարոն Խաչատրյանը այս վարկածը հիմնավորում է հետեւյալ փաստերով. «Ես մի քանի անգամ եղել եմ Գոհարի ընկած վայրում եւ նկատել պայտաձեւ քարեր, որոնց արանքում էլ դրված է եղել մարմինը: Դա դրդում է այն մտքին, որ մարմինը իջեցրել- տեղավորել են այդտեղ, քանի որ վախի ազդեցության տակ մարդու մարմինը պիտի ընդարձակվեր, այդպես կծկված չէր կարող ընկնել, այն էլ երկու քարի արանքում: Նկատեցի, որ կամրջի տակ լայն հարթ տարածք կար, որը հնարավորություն էր տալիս առանց դժվարության մեքենայով գալ, մարմինն իջեցնել ու հանգիստ, աննկատ հեռանալ: Գոհարի քեռին այդ օրը դեպքի վայրում է եղել, տեսել է, որ աղջկաս կոշիկներից մեկը չկա, դեմքն էլ վնասված չէ: Ավելին, երբ ճանապարհաշինարարի աչքով նայում եմ կամրջի բարձրությանը, կամրջի մի եզրից մյուսը եղած առանցքը ուղղահայաց իջեցնում ներքեւ եւ համեմատում Գոհարի ընկած տեղին, տեսնում եմ, որ 8 մետր տարբերություն կա: Այնինչ, այդ բարձրությունից ընկնող մարմինը պիտի քարի պես ներքեւ իջներ: Շեղում 1-2 մետր կլիներ, ոչ թե 8…»:
Գոհարի հոր փոխանցմամբ, դուստրը բավականին վախկոտ էր՝ չէր համարձակվի ինքնասպան լինել, այն էլ կամրջից նետվելով: «Առավոտը» Ա. Խաչատրյանից հետաքրքրվեց՝ դատաբժշկական եզրակացությանը ծանո՞թ է: Նա պատասխանեց. «Ինձ ասացին, որ այս պահի դրությամբ դա գաղտնի ինֆորմացիա է, մինչդեռ փաստաբանն ասաց, որ որպես ծնող՝ կարող եմ տեղեկանալ: Հանդիպել եմ քննիչին, նրանից հետաքրքրվել, գուցե Գոհարի հետ բռնություն է տեղի ունեցել, այդ վարկածն էլ ժխտեց»: Ա. Խաչատրյանը վստահեցնում է, որ ամեն քայլի դիմելու է, մինչեւ չիմանա ճշմարտությունը. «Այսքան կասկածանքների եւ անհամապատասխանության մեջ ինձ ասում են ինքնասպանություն է եղել: Իմ երեխան ապրել է առանց մեկին ցավ պատճառելու ու այսօրվա դրությամբ կյանքից հեռացել է՝ իր վրա ինչ-որ անպատվաբեր տարբերակ վերցնելով: Փաստերի ճնշման տակ ես պատրաստ եմ խմել այդ դառը ճշմարտության բաժակը, բայց, ախր, փաստերն այլ բան են ցույց տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել