1995թ. օգոստոսի 23-ին կալանավորվեց ազատամարտիկ, 25-ամյա Տիգրան Ավետիսյանը: Նրա անունը շրջանառության մեջ դրվեց «Վահան Հովհաննիսյան+30» գործով դատավարությունների ժամանակ: 1997թ. դեկտեմբերին Տիգրան Ավետիսյանը դատապարտվեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Չդիմանալով որդուն մահապատժի դատապարտմանը, մահացավ մայրը: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ Տիգրանի զենքից արձակած գնդակը «ռիկոշետով» դիպել է ոստիկանության աշխատակցի, որը տեղում մահացել էր: Դա կարող էր դիտվել անզգույշ սպանություն, սակայն դատարանը գնահատեց Տիգրանի արարքը որպես ծանրագույն արարք:
Տիգրան Ավետիսյանն արդեն 15 տարի է, ինչ պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկվածների 4-հոգանոց խցում: Նա 40 տարեկան է: Այն քիչ կալանավորներից է, որն այդ տարիների ընթացքում որեւէ նկատողություն չի ստացել, որեւէ խախտում չի կատարել, որեւէ անգամ չի անհանգստացրել:
Տիգրան Ավետիսյանը «Արծիվ-28» ջոկատի կամավորական գումարտակի կազմում 1993թ. մարտից-նոյեմբեր ժամանակահատվածում մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ազատագրման մարտերին:
Տիգրանը «Արաբո» ջոկատի կազմում 1990-1993թթ. մասնակցել է Երասխավան, Դավիթ-Բեկ գյուղերի ինքնապաշտպանությանը, ԼՂՀ Կարադաղլու, Մալիրեյլի, իսկ «Կոռնիձոր» ջոկատի կազմում՝ Հորադիզի մարտական գործողություններին:
Տիգրանի ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում կալանավորվածների 1 օրը հաշվվում է 1,5: Այսինքն՝ 20 եւ ավելի տարիներ, ինչը նշանակում է, որ նա կարող է դիմում ներկայացնել իր ազատման հետ կապված: Նրա դեպքն իսկապես բացառիկ է, եւ նման դեպքերում պետությունը կարող է մարդասիրություն ցուցաբերել եւ հավատարմություն օրենքին՝ Տիգրանի հարցում: