Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ՝ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Չարենցավան-2

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվեց 2 տարի ժամանակով ազատազրկման՝ գողության համար: Գ. Մաթեւոսյանի պաշտպանը Կարինե Գասպարյանն է:
Երեկ Գրիգոր Մաթեւոսյանի հայրը «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմելու է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան, դատավճռի դեմ: Նախկինում դատված Գրիգոր Մաթեւոսյանը, ըստ քրգործի նյութերի, անցյալ տարվա հոկտեմբերին գողացել էր Տավուշի զորամասերից մեկի վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆայել Հովակիմյանի ավտոմեքենայի «Սոնի» տեսակի մագնիտոֆոնը: Գողացված դինամիկներն ու մագնիտոֆոնը գնահատվել է 50 000 դրամ: Դատարանում Ռ. Հովակիմյանը նշել է, որ, չունենալով ավտոտնակ, մեքենան կանգնեցրել է շենքի բակում: Սեպտեմբեր-հոկտեմբերին, իջնելով բակ, հայտնաբերել է, որ մագնիտոֆոնը չկա: Իրեն որոշ ժամանակ անց մարտական դիրքերից ոստիկանները բաժին են կանչել: Բաժնում տեսել է եւ ճանաչել իրենից գողացված մագնիտոֆոնը: Այդ ժամանակ էլ հայտարարություն է տվել: Ի դեպ, այդ մագնիտոֆոնը հայտնաբերվել է տաքսու մեջ:
Մեկ այլ գողություն էլ, որը վերագրվել է Գրիգորին, կապվում է «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնության վարորդ Արթուր Մկրտումյանի հետ: Վկա Դավիթ Խառատյանը, որը Ա. Մկրտումյանի ընկերն է, դատարանում նշել է, որ հոկտեմբերին (օրը չի հիշել), երբ առավոտյան գնացել է աշխատանքի, իր «ՈՒԱԶ» ավտոմեքենայի նստելատեղին տեսել է Արթուրի մեքենայից գողացված մագնիտոֆոնը: «Հիվանդ տեղափոխելու համար նույն պահին էլ բուժկենտրոնում գտնվող Մկրտումյանին տվեցի նրա մագնիտոֆոնը եւ գնացի տուն», հայտնել է վկան: Մեկ ամիս հետո վկային զանգել են ոստիկանությունից, հրավիրել, ներկայացել է մայոր Չոբանյանին: Ըստ դատական նիստի արձանագրության. «Ոստիկանապետի անունից սպառնալիքներ են տրվել իրեն, պարտադրել են ցուցմունք տալ այնպես, ինչպես իրենք են ուզում, այսինքն, ինքը պետք է ցուցմունք տար, որ մագնիտոֆոնը Գրիգոր Մաթեւոսյանն է գողացել: Նրանցից տեսուչ Վրեժ Սարգսյանը խաբել է իրեն, ասել, է՝ «Գրիգորն արդեն վիզ է առել»: Ինքն առաջին անգամ էր ոստիկանությունում, չգիտեր օրենքները, մի քանի օրից էլ իր հարսանիքն էր: Նման պայմաններում ինչ թելադրել են, ինքը գրել է»:
Վկա Մարտիրոս Մկրտչյանը, որն աշխատում է տաքսի-սերվիսում որպես վարորդ, նշել է, որ 2009թ. ամռանը իր մոտ է եկել մի տղա, ներկայացել որպես «Խաչի» թաղի Հայրոյի տղա Գրիգոր, որին ինքը ճանաչում էր որպես Բերդ քաղաքի բնակիչ: «Հայրոյի տղա Գրիգորը» հայտնել է, որ ցանկանում է մագնիտոֆոն վաճառել 10 000 դրամով: Ըստ դատարանում արձանագրվածի. «Քանի որ Գրիգորը, ըստ վարորդների ներկայացրածի, սպասարկման դիմաց պարտքեր է ունեցել, մագնիտոֆոնը եւ դինամիկները վերցրեցի պարտքի դիմաց»:
Դրանից մի քանի ամիս հետո իր մոտ են գնացել Բերդի ոստիկանության աշխատակիցներից: Ենթարկվելով նրանց պահանջին, տարվել է բաժին: Տավուշի բաժնում իմացել է, որ Գրիգորն է գողությունը կատարել: Այս վկան դատարանում ասաց, որ Գրիգորին առաջին անգամ է տեսնում եւ որ «մագնիտոֆոն» առաջարկողը նա չի եղել, այլ մեկ ուրիշը:
Դատարանում որպես վկա հանդես է եկել ոստիկանության հետաքննիչ Բաբկեն Աղաբաբյանը: Նա նշել է, որ Գրիգորի գործն իր առաջին գործերից էր, քանի որ «ինքը ընդամենը մի քանի ամսվա անփորձ աշխատող էր, կցված էր աշխատելու հետաքննիչ Միրզոյանի հետ, հիմնականում առաջնորդվել է նրա կողմից իրեն տրված ցուցումներով»: Հետաքննիչը բացառել է իր կողմից բռնություն կիրառելը, սպառնալիքով ցուցմունք կորզելը:
Գրիգոր Մաթեւոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա դատարանում հայտարարել է, որ ինքը գողություններ չի կատարել, նշել է, որ իրեն ոչ հետաքննիչը, ոչ էլ քննիչը չեն քննել: «Տավուշի բաժնում 2 օր պահել են, պարբերաբար ծեծել, սպառնացել, փորձել են համոզել, որ խոստովանի նշված գողությունները, խոստացել են, որ եթե իրենց ցանկացած ձեւով ցուցմունք տա՝ կազատվի: Չդիմանալով խոշտանգումներին, ստորագրել է իրեն ներկայացված թղթի տակ: Իրեն քննել են ոստիկանության բաժնի պետի տեղակալ Հակոբ Կարապետյանի աշխատասենյակում, 10 հոգով, որոնց մի մասին չի ճանաչում» արձանագրվել է դատական նիստի ժամանակ: Ամբաստանյալն ասել է, որ իր անձնագրում խաբեությամբ «վիզա» են խփել, 2 տարի ժամկետով, ասել, որ 2 տարով բացակայի հանրապետությունից: Այդպես էլ վարվել է: Գնացել է Ռուսաստան՝ բուժման նպատակով: Ռուսաստանից վերադառնալով Հայաստան՝ «Զվարթնոց» օդանավակայանում իմացել է, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել եւ իրեն ուղեկցել են օդանավակայանից Իջեւանի ձերբակալված անձանց պահելու վայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել