Վերջերս Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում տեղի ունեցած սրտանոթային հիվանդությունների թեմայով կոնֆերանսին ներկա է եղել նաեւ բժշկական գիտությունների դոկտոր, սրտանոթային հիվանդությունների վիրաբույժ Յուրի Իշենինը: Սրտի վիրահատության իր նոր մեթոդով աշխարհին հայտնի Յու. Իշենինը մեր երկիր էր եկել իր հայտնագործած վիրահատական նոր մեթոդը, այսպես ասած, թունելավորումը, Հայաստանի մասնագետներին ներկայացնելու: Վիրաբույժը սրտի իշեմիկ խնդիրների դեպքում վիրահատությունը կատարում է հատուկ իր կողմից պատրաստված խողովականման գործիքների միջոցով եւ, արհեստական անոթ՝ թունել բացելով, նպաստում, որպեսզի տվյալ օրգանի վնասված հատվածում արյան շրջանառությունն ավելի ինտենսիվ կատարվի: Այսինքն՝ Յու. Իշենինի մեկնաբանմամբ, եթե յուրաքանչյուր օրգանի խցանված մասում այս թունելից դրվի եւ հեռացվեն ավելորդ հյուսվածքները, ապա այդ մասում կսկսեն առաջանալ նոր երակային կապեր, որոնք բավական կլինեն արյան խախտված շրջանառությունը վերականգնելու համար: Իշենինը նույն մեթոդով այլ օրգանների վիրահատություն էլ է անում: Նա ներկայումս համագործակցում է նաեւ Ղազախստանի Կուստանայի մարզային հիվանդանոցի հետ: Նշենք, որ այս մասնագետին Հայաստան էր բերել Ղազախստանի Կուստանայի մարզի հայկական «Էրեբունի» համայնքի կոորդինացիոն խորհրդի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, որի ցանկությունն է, որ հայերն էլ տեղեկանան եւ օգտվեն վիրահատության այս նոր մեթոդից. «Նախքան, իհարկե, Հայաստանում այս մեթոդի ներդրվելը, կցանկանայի, որպեսզի իմ հայրենակիցները տեղյակ լինեն, որ վիրահատության այսպիսի եղանակ էլ կա, ինչը մի շարք երկրներում հայտնի է, եւ փորձը ցույց է տվել՝ շատ արդյունավետ»: