Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանը տեսքի են բերում

Դեկտեմբեր 04,2010 00:00

2010թ. հայտարարված «Բարեկարգ Երեւան» ծրագիրն ընդգրկեց քաղաքային տնտեսության գրեթե բոլոր բնագավառները: Փողոցների, ճանապարհների ու բակերի բարեկարգում, հենապատերի հիմնանորոգում, արտաքին լուսավորության համակարգերի վերականգնում, խաղային ատրակցիոնների տեղադրում, ճանապարհային հանգույցների շինարարություն եւ այլն:
Այս տարի մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալը, ներառյալ բակային տարածքները, կազմել է շուրջ 890000 քմ: Հիմնանորոգվել է 6 փողոց, որից 2-ը՝ Թբիլիսյան եւ Ծիծեռնակաբերդի խճուղիները, վերակառուցվել են:
Ամբողջությամբ փոխվել է Թբիլիսյան խճուղու շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը, խճուղու Երեւան մտնող ուղղության աջակողմյան մայթը հիմնովին ասֆալտապատվել է, փոխվել են եզրաքարերը, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, հատվածաբար կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, մնացած հատվածներում այն վերանորոգվել է: 
Ծիծեռնակաբերդի խճուղու՝ 1-ին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են: Միայն ասֆալտապատման ծավալը կազմել է 30000 քմ: Փողոցը լայնացել է 4 մետրով: Նախկին միաշերտ երթեւեկի փոխարեն այժմ յուրաքանչյուր կողմից 2-ական երթեւեկելի գոտի է ապահովված: Փոխվել են եզրաքարերը, ճանապարհի 2 կողմից մայթեր են կառուցվել, ինչը նախկինում չկար: Նոր է նաեւ արտաքին լուսավորության համակարգը: Ներկառուցվել է ջրահեռացման համակարգ, որը նույնպես նախկինում չի եղել: Նկատի առնելով խճուղուն հարող տարածքների զարգացման հեռահար ծրագրերը՝ շինարարության ընթացքում անցկացվել են հաղորդուղիների ստորգետնյա խողովակաշարեր: Ձեւափոխվել եւ նշագծվել է նաեւ Ծիծեռնակաբերդի խճուղու շարունակություն համարվող Բրազիլիայի հրապարակը՝ կենտրոնական հատվածում ձեւավորվել է սիզամարգ, որն առաջիկա գարնանը ծաղկապատ կլինի: Զուգահեռաբար արդեն սկսվել են նաեւ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքները՝ կառուցվում է տրանսպորտային էստակադա: Էստակադայի նպատակը երթեւեկության համար անարգել շրջադարձի հնարավորություն ստեղծելն է դեպի Եղեռնի զոհերի հուշարձան եւ մարզահամերգային համալիր: Շինաշխատանքների ավարտը նախատեսվում է գարնանը:
Քաղաքապետարանի կողմից 2010 թվականին հիմնանորոգվեցին Գրիգոր Լուսավորչի, Թամանցիների, Դավիթ Անհաղթի ու Ռուբինյանց փողոցները:
Թամանցիների փողոցում, բացի տրամվայի գծերի ապամոնտաժումից, ըստ անհրաժեշտության, նորոգվել է շուրջ 13000 քմ ասֆալտբետոնե ծածկ: Փողոցի վթարային վիճակում գտնվող հիմնական սնուցող ջրագիծը եւս շինարարության ընթացքում փոխարինվել է նորով, նոր ցանց է կառուցվել: Ապամոնտաժվել են նաեւ Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների տրամվայի գծերը:
Ընդհանուր առմամբ 220 փողոցներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման եւ ընթացիկ նորոգման աշխատանքներ, դրանցից 29-ում ասֆալտապատման աշխատանքները կրել են ծավալուն բնույթ: Այս տարի լուրջ ուշադրություն է դարձվել նաեւ բակային տարածքների ասֆալտապատմանը եւ երկրորդական փողոցների վերանորոգմանը: Վերակառուցվել է 80 բակ:
«Բարեկարգ Երեւան» ծրագրի շրջանակներում այս տարի վերանորոգվեցին մայրաքաղաքի 5 փողոցների հենապատեր: Սարյան, Լեո, Օրբելի, Բաբաջանյան փողոցներում եւ Նոր Նորքի 8-րդ զանգվածում դրանք այլեւս չէին ծառայում իրենց նպատակին: Հենապատերի նորոգումն անհրաժեշտություն էր: Դրանցից շատերը վտանգավոր էին ինչպես երթեւեկության, այնպես էլ անցորդների համար:
Այս տարի քաղաքապետարանի կողմից վերակառուցված 80 բակերում տեղադրվել են մանկական շուրջ 140 ատրակցիոններ: Թվով 79 բակերում վերականգնվել է արտաքին լուսավորության ցանցը, իսկ լուսավորված փողոցների թիվն ավելացել է 20-ով, արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները մինչեւ տարեվերջ շարունակելի են: Այժմ գործընթացը շարունակվում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի 6 փողոցներում:
«Բարեկարգ Երեւան» ծրագրի բաղադրիչներից մեկը երբեմնի «Վարդագույն Երեւանի» համբավը վերականգնելն է: Ծրագիրը մեկնարկել է Մաշտոցի պողոտայից, շենքերի ճակատները լվանալուց, մաքրելուց բացի, ըստ անհրաժեշտության, պատերն ու պատշգամբները նաեւ ներկվում ու նորոգվում են՝ բերվելով իրենց նախկին, նախագծային տեսքին: 2010 թ. ծրագրում ընդգրկված թվով 40 շենքերից 30-ի թարմացումն արդեն ավարտված է: Աշխատանքների համար Երեւանի բյուջեից հատկացվել է 160 մլն դրամ: Քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են բազմաբնակարան շենքների ու պետական հիմնարկների շենքերի պատերը: Մասնավոր ընկերություններին պատկանող շենքերը մաքրվելու են սեփականատերերի միջոցներով: Մաքրման աշխատանքների նախագծերը մշակվել են «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից: Ծրագրի հիմնական նպատակը շենքերի նախագծային տեսքի վերականգնումն է: Հաշվի է առնվել, թե 40-50 տարի առաջ շահագործման հանձնված շենքերը ինչպիսի տեսք ու գույն են ունեցել: Այս ծրագիրը եւս շարունակական է լինելու: Հաջորդ տարի մաքրվելու են Կորյունի, Իսահակյան, Թումանյան, Ամիրյան փողոցների շենքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել