Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՀԱՆՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 04,2010 00:00

Իսկ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների վրա պարզապես թքած ունեն

ՀՀ կառավարությունը միջազգային մի շարք պայմանագրերով պարտավորվել է իր երկրում հաստատված փախստականներին ապահովել բնակության համար նորմալ պայմաններով: Սակայն, դատելով մեր երկրում բնակվող փախստականների նկատմամբ իրականացվող անարդարությունից, պարզ է դառնում, որ այդ պարտավորությունները թերի են կատարվում: Բաքվից Հայաստան գաղթած Ռոզա Տեր-Ստեպանովային հենց պետական մարմիններն են փորձում զրկել միակ կացարանից, որտեղ ապրելու համար անգամ նվազագույն պայմաններ չկան: Նրան սպառնում են վտարել Շիրակի 2ա հանրակացարանի փոքրիկ սենյակից, իսկ տիկինը գնալու որեւէ տեղ չունի:
ՄԱԿ-ի փախստականների իրավունքների միջազգային կոնվենցիայով հստակ սահմանված է, որ փախստականին նոր կացարանով չապահովելու դեպքում, ոչ ոք իրավունք չունի նրան վտարել իր բնակության վայրից:
Չարբախում գտնվող հանրակացարանը, որտեղ բնակվում է տիկին Ռոզան, պատկանում է տարածքային կառավարման նախարարության «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին, հենց նրա տնօրինությունն էլ հայցով դիմել է դատարան՝ տիկնոջը վտարելու, քանի որ, ըստ նրանց, փախստականն այդտեղ անօրինական է բնակվում: Մինչդեռ Ռոզա Տեր-Ստեպանովան վստահեցնում է, որ դեռեւս 1994 թվականից այդ սենյակն ինքն է զբաղեցնում: Իսկ սենյակին տեր է դարձել այն բանից հետո, երբ տարիներ առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված մի մրցույթում դրամաշնորհ է շահել, եւ հանրակացարանի 429 սենյակը տրվել է նրան, որպես վարսավիրանոց օգտագործելու համար: Այդ սենյակը տիկինը երկար տարիներ տնօրինել է, իսկ 3 տարի առաջ նաեւ փաստացի գրանցում է ստացել: Ընկերությունը նամակով զգուշացրել է տիկին Ռոզային. «Բնակության իրավունքի փաստաթուղթ չներկայացնելու դեպքում, կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ սենյակն ազատելու համար»:
«Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք անձնագրում նշված փաստացի բնակության իրավունքի կնիքը բավական չէ, ընկերության տնօրեն պարոն Սեդրակյանը պատասխանեց. «Մեր կողմից տեղեկանք չի տրվել, որ այդ սենյակը տրամադրված է իրեն: Ինքը պետք է տարածքային նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից բնակեցման իրավունքի ուղեգիր ներկայացնի: Ես իրեն ասել եմ՝ եթե կտան ուղեգիրը, ես խնդիրներ չունեմ: Իսկ թե ո՞նց են կնքել անձնագրային բաժանմունքում, որ այդտեղ բնակվում է, առանց մեր կողմից ներկայացված տեղեկանքի, ես չգիտեմ»: Ընդ որում, տիկին Ռոզան այլեւս հույս էլ չունի, որ մի օր կստանա փախստականներին տրվող ԲԳՎ-ն, որի հիման վրա նոր բնակարան պիտի ստանա, ուստի փորձել է հանրակացարանում զբաղեցրած իր սենյակը սեփականաշնորհել, հատկապես որ կառավարության 2001 թվականի N 404 որոշումը դա թույլ է տալիս. «Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանում քաղաքացիություն ստացած անձանց»: Իսկ տիկինն ունի ՀՀ քաղաքացիություն:
Ինչ վերաբերում է պարոն Սեդրակյանի այն պնդմանը, թե տարածքային նախարարությունը պետք է ուղեգիր տա տիկին Ռոզային, ապա նշենք, որ նա հանդիպել է նախարար Արմեն Գեւորգյանի հետ, որը խոստացել է խնդրով զբաղվել՝ մասնագետը կգնա, տեղում ամեն ինչ կնայի: Տիկին Ռոզայի խոսքերով. «Ամեն օր զանգում էի ու հարցնում՝ բա ե՞րբ եք գալու, ասում էր՝ երբ հարմար լինի: Վերջապես եկավ, տեսավ, թե ինչ անմարդկային պայմաններում ենք ապրում, ոչ նորմալ զուգարան ունենք, ոչ ջուր, ոչ բաղնիք: Նույնիսկ սպառնացել եմ, որ նկարելու եմ ու «youtube»-ում դնեմ, թող սաղ աշխարհը տեսնի՝ ոնց են վերաբերվում փախստականներին: Մեր ամեն ապրած օրը հավասար է մահվան: Բա 21-րդ դարում մարդն էսպե՞ս կապրի: Չեն կարում պահեն, թող հետ ուղարկեն Բաքու: Ավելի լավ է գնամ էնտեղ ինձ սպանեն, քան սեփական հայրենիքում անասունի պես ապրենք»:
Մասնագետի այցից հետո տիկնոջը ոչինչ չեն ասում: Ինչն էլ նրան հիմք է տալիս կասկածելու, որ իր հարցը հօգուտ տնօրինության է լուծվելու: Տիկնոջ խոսքերով. «Հանրակացարանում ազատ սենյակներ շատ կան, իսկ անտուն փախստականներն էլ մնացել են վարձով բնակարանների հույսին: Ով գալիս է խնդրում, որ գոնե չուլանը տան իրենց՝ ժամանակավոր բնակվելու համար, մերժում են»:
Իր իրավունքները պաշտպանելու համար տիկինը դիմել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղից նրան կրկին ոչինչ չեն պատասխանել: Իսկ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը տիկնոջ խնդրանքին պատասխանել է. «Ես տեղյակ չեմ, ես բան չեմ կարող անել»:
Գործակալության փախստականների հարցերի բաժնից «Առավոտին» վստահեցրին, որ տիկին Ռոզան՝ ամուսնու եւ 2 դստրերի հետ, հանրակացարանում զբաղեցրել է 2 սենյակ, որոնցից մեկը աղջիկները սեփականացրել են, հետո վաճառել: Ինչ վերաբերում է մյուս սենյակին, ապա, ըստ տիկին Ռոզայի. «Ամուսնալուծվելուց հետո, ստիպված տեղափոխվել եմ այն սենյակը, որը տվել էին որպես վարսավիրանոց: Ես չեմ կարող ապրել հարբեցող մարդու հետ: Բաժանվելուց հետո, ես ուրիշ տեղ չունեի գնալու: Այդ սենյակը, որը ամուսնուս է պատկանում, այլեւս իմը չէ, եւ ես այնտեղ գրանցում չունեմ: Հիմա ի՞նչ, ես պետք է դրսո՞ւմ մնամ: Ես այլեւս ոչ մի կապ չունեմ ամուսնուս հետ: Ինձ համար շատ կասկածելի է, որ այդ նույն հանրակացարանում մի հոգու տալիս են 2 սենյակ, ինձ թողնում անտուն»:
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին կկայանա դատական առաջին նիստը: Ռոզայի խոսքերով՝ «Փախստականի համար դժվար կլինի պայքարել պետական կառույցի դեմ, բայց ես մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել