Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պանրի մեջ սոդա են օգտագործում

Դեկտեմբեր 04,2010 00:00

Չնայած «Աշտարակ կաթ» ընկերությունը պանրի շուկայում գերիշխող դիրք չի զբաղեցնում, սակայն, որպես խոշորագույն արտադրող, մեծ ազդեցություն է ունեցել պանրի գների թանկացման վրա: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրեց պանրի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Աշտարակ կաթն» առաջինն է բարձրացրել պանրի գինը, հասցնելով այն 2890 դրամի, որից հետո մյուս ընկերություններն էլ, տեսնելով, որ թանկ պանիրը, միեւնույն է, վաճառվում է, իրենք էլ հետեւել են թանկացմանը: Իսկ նոյեմբերի վերջին պանրի գինը նորից նվազել է: Պանրի շուկայում, բացի «Աշտարակ կաթից», որը զբաղեցնում է շուկայի 32,8%-ը, խոշոր արտադրող են համարվում նաեւ «Դուստր Մելանյա»՝ 6,1% եւ «Արաքս 2»՝ 5,8% («Էկոկաթ» ապրանքանիշ) ընկերությունները: Այս երեքը գրավում են շուկայի մոտ 44 %-ը: Իսկ շուկայում գործում են 78 արտադրողներ: Պանրի թանկացումները խոշոր արտադրողները հիմնավորում են կաթի ձեռք բերման գների աճով, պաշարների նվազմամբ, շահութաբերության ապահովման անհրաժեշտությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններով ու խոշոր եղջերավոր անասունների անկմամբ: Այդուհանդերձ, ըստ հանձնաժողովի, կաթը թանկացել է 40 դրամով, ուստի «Աշտարակ կաթը» պետք է պանիրը թանկացներ 430 դրամով, այլ ոչ թե 815 դրամով՝ 1 կգ-ի համար: Այդ 3 խոշոր ընկերությունների կողմից պանրի թանկացումը հանձնաժողովը այդպես էլ չհամարեց հակամրցակցային համաձայնություն: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով՝ «Հավանականությունը, որ դա հակամրցակցային համաձայնություն է, բավականին ցածր է: «Աշտարակ կաթը» բարձրացրել է գները եւ ազդել շուկայի վրա: Այսօրվա մեր օրենսդրությամբ գերիշխող դիրք չի գրավում, բայց առաջատար դեր ունի եւ ազդում է շուկայի վրա: Միջազգային օրենսդրությամբ՝ անկախ շուկայում գրաված տոկոսներից, պետք է գնահատել՝ կարո՞ղ է ազդել շուկայի վրա: Եթե այո, ապա այդ ընկերությունը պետք է ճանաչվի գերիշխող: Նոր օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել ենք Ազգային ժողովին, նման փոփոխություններ է նախատեսում»: Լրագրողների այն հարցին, թե արդյոք այդ երեւույթը անբարեխիղճ մրցակցություն համարել չի՞ կարելի, պարոն Շաբոյան ասաց՝ ոչ: Այսպիսով, պանրի թանկացումների համար ոչ մի ընկերություն պատասխանատվություն չկրեց: 
Հանձնաժողովը «Լոռի» պանրի պարունակությունը հատուկ լաբորատոր զննման է ուղարկել, որից հետո պարզվել է, որ ընկերությունները կաթի փոշի են օգտագործել, այն դեպքում, որ նրանք վստահեցրել էին, թե կաթի փոշի չեն օգտագործում, հետեւաբար մակնշում էլ չկար արված: Բայց սա դեռ չարյաց փոքրագույնն է: Արտադրողները նաեւ սոդա են օգտագործում պանրի մեջ, որը եւ չի մակնշվում: Սոդա օգտագործող ընկերությունների անունները պարոն Շաբոյանն այդպես էլ չասաց: Այս երեւույթը Շաբոյանը որակեց որպես սպառողներին մոլորեցում, սակայն վերջնական պատասխան կտան, երբ գյուղնախարարությունը կծանոթանա ուսումնասիրության արդյունքերին եւ մասնագիտական եզրակացություն կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել