Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանքավայրը հանձնեցին նոր շահագործողին

Դեկտեմբեր 04,2010 00:00

Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը նոր շահագործող ունի

Երեկ կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի դասական աճուրդ: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդում ներկայացված էր նաեւ Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը: 198 միլիոն դրամով շահագործման իրավունքը շահեց «Սագամար» ՓԲԸ-ն: Ի դեպ, այս հանքով հետաքրքրվող երկու մասնակից էր ներկայացել աճուրդին, շահագործման իրավունք ստանալու համար էլ հանքի մեկնարկային գինը 180 միլիոն դրամ էր: Հիշեցնենք, որ նախքան Լիճքվազ-թեյը աճուրդի հանելը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վերոնշյալ հանքի շահագործող «Սիփան 1» ընկերությանը զրկել էր շահագործման իրավունքից՝ վաղաժամ կասեցնելով լիցենզիան: Եվ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ընկերությունը դատական ատյաններում վիճարկում է նախարարի այդ որոշումը: «Առավոտը» էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե Լիճքվազ-թեյի ոսկու հանքը աճուրդի հանելով չի՞ խախտվում «Սիփան 1»-ի անմեղության կանխավարկածը:
«Ինչի՞ մասին է խոսքը, թող իրենք շարունակեն իրենց իրավունքների վերականգնման գործընթացը, ցանկացած ժամանակ կարող ենք հանքը վերցնել ու տալ իրենց: Ովքեր այսօր աճուրդում շահեցին հանքի շահագործման իրավունքը, պետությունը իրենց գումարը կվերադարձնի եւ հանքն էլ կվերցնի ու կտա «Սիփանին»,- վստահեցրեց նախարարը: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ վարչական դատարանը, բավարարելով «Սիփան 1» ՍՊԸ-ի միջնորդությունը, արգելել էր նախարարությանը վերոնշյալ հանքավայրի հանքարդյունաբերման իրավունքն այլ անձի տրամադրելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարելը, ինչպես նաեւ այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության, հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը: Դատարանը հստակ հիմնավորել էր իր այդ որոշումը՝ նշելով, որ ընթացող դատական գործով, հայցվորը, փաստորեն, փորձում է վերականգնել իր իրավունքները, եւ այդ ընթացքում այլ գործողությունների ձեռնարկումը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի դատական ակտի կատարումը: Դատարանի այս որոշմանն անդրադառնալով՝ պարոն Մովսիսյանը պարզաբանեց, թե հնարավոր է՝ դատական գործընթացները տարիներով ձգվեն, դա չի նշանակում, թե տնտեսությունը կամ որեւէ գործընթաց պետք է կանգնեցնել. «երբ որ դատարանը համապատասխան որոշում կայացնի, մենք էլ համապատասխան լուծումը կգտնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել