Կարծում է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
ԵԱՀԿ գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների անունից ԼՂ հակամարտության կարգավորման առիթով ընդունված հայտարարությանը հաջորդած Ադրբեջանի եւ ՀՀ նախագահների ելույթները ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի վրա այն տպավորությունն են թողել, որ «Աստանան բանակցող կողմերին ոչ թե մոտեցրել է, այլ հեռացրել»: Բուն բանաձեւը մեր զրուցակցի վրա ընդհանրապես տպավորություն չի գործել: Նրա կարծիքով՝ դա դեկլարատիվ, ընդհանուր բնույթի ձեւակերպումներ պարունակող եւ առաջիկա անելիքների որեւէ ծրագիր չպարունակող բանաձեւ էր. «Բայց, իհարկե, պետք է էական համարել այն, որ կողմերն ու միջնորդները պատրաստակամություն են հայտնում շարունակել կարգավորման բանակցությունները: Այսինքն՝ հույս կա, որ Աստանան վերջին հանդիպման վայրը չէր»: Նա գրեթե համոզված է, որ 2010-ին ԼՂ հարցի վերաբերյալ նոր զարգացումներ կամ նույնիսկ քննարկումներ ակնկալել չարժե: Պարոն Աթանեսյանի կարծիքով, ԼՂ հարցով կամ հարցի շուրջ առաջացած անորոշությունը, որը բացահայտ տեսանելի դարձավ Աստանայի գագաթաժողովում, մեղմ ասած, հետեւանք է Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի եւ Միացյալ Նահանգների ու արեւմտյան ալյանսի երկրների՝ միջազգային քաղաքական հարցերի շուրջ տարըմբռնման: Նա վկայակոչում է այն, որ փաստորեն ԱՄՆ-ն այդ գագաթաժողովում հասկացրեց, որ ՌԴ նախագահի գաղափարը՝ ԵԱՀԿ տարածքում անվտանգության միասնական համակարգի մասին, իրենց համար ընդունելի չէ: «Այս մթնոլորտում դժվար էլ էր ակնկալել, որ Աստանայում կարող էր գտնվել հակամարտությունների կարգավորման որեւէ բանաձեւ: Ու եթե ԼՂՀ հարցում Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ պաշտպանվեն այս կոնֆրոնտացիոն տրամադրությունները, ապա դժվար թե գալիք 2011-ին էլ ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթաց արձանագրվի: Առավելագույնը, ինչ կարող են անել միջնորդներն ու միջազգային հանրությունը, առկա իրավիճակը պահպանելն է, եւ դա կարծես թե դրսեւորվեց, քանի որ բոլորը միանշանակ արտահայտվեցին ուժի կիրառման անթույլատրելիության մասին»,- ասում է Արցախի խորհրդարանի պատգամավորը: Թե որքանո՞վ Ադրբեջանն ականջալուր կլինի այդ հորդորներին կամ որքանո՞վ դրանք անկեղծ են, քանի որ քաղաքականության մեջ հաճախ են հռչակումներ լինում, մինչդեռ կոնկրետ քայլերով այլ իրավիճակ են փորձում ստեղծել՝ ժամանակը ցույց կտա: «Չգիտեմ, միգուցե ես շատ հոռետես եմ, բայց այն զգացողությունն ունեցա, որ ԱՄՆ պետքարտուղարը ինչ-որ դժվար թաքցված գոհունակությամբ արձանագրեց ՌԴ նախագահի նախաձեռնության անհաջողությունը ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում»,- ասում է մեր զրուցակիցը, ով կարծում է, որ 2011-ին հնարավոր է՝ նախագահների եռակողմ հանդիպումներ չլինեն: Գուցե նաեւ միջնորդները փորձեն մեթոդաբանական տրանսֆորմացիայի ենթարկել բանակցային գործընթացը՝ շփումների այլ ֆորմատների տեսքով, ասենք՝ արտգործնախարարների կամ նույնիսկ փորձագետների մակարդակով համաձայնություններ ձեռք բերել զուտ մարդասիրական մակարդակում՝ ռազմագերիների, աճյունների փոխանակման, որոնք կփորձեն նաեւ կողմերի միջեւ առկա լարվածությունը մի փոքր մեղմել՝ հնարավորություն ընձեռելով ավելի բարձր մակարդակներում գոնե դիվանագիտական պատշաճությունը պահել:
Ի դեպ, Վահրամ Աթանեսյանը գնահատելով Ադրբեջանի նախագահի ելույթը՝ այն նույնիսկ դիվանագիտական պատշաճության սահմաններից դուրս համարեց, ու համոզված է, որ որեւէ այլ երկրի նախագահ որեւէ պարագայում իրեն թույլ չէր տա նման բարձր ատյաններից հնչեցնել որակումներ, ինչպիսիք իրեն թույլ տվեց Ալիեւը:
«Առավոտի» հարցին՝ նման իրավիճակում կա՞ն հավանականություններ, որ ԼՂՀ հարցը կտեղափոխվի այլ ատյաններ, Վահրամ Աթանեսյանն ասաց. «Անկեղծ ասած, այո, Աստանայի գագաթաժողովից տպավորություն ստեղծվեց, որ Մինսկի խումբն էլ չգիտի, թե ինչ կարելի է անել ապագայում: 2008-ին նրանք արդեն մեկ անգամ էլ հայտարարել են, որ ավելին, քան մադրիդյան սկզբունքներն են, որոնք, իրենց կարծիքով, ոսկե միջինն են, առաջարկել չեն կարող: Մինչդեռ դրանք էլ անընդունելի են կողմերի համար: Միջնորդները հաճախ, ավելի շատ Ադրբեջանի կողմից, քննադատության թիրախ դարձան, սակայն նրանց էլ շատ մեղադրել չարժե: Իսկ հարցի՝ այլ ատյան տեղափոխելը, Ադրբեջանի երազանքն է, ու հիմա էլ սպառնում են, որ դեկտեմբերի 13-ին կպահանջեն, որ ՄԱԿ-ում քվեարկվի հոկտեմբերին հետաձգված բանաձեւը: Բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ ՄԱԿ-ում այդ բանաձեւը կընդունվի, ՄԱԿ-ի բանաձեւերի շուրջ եթե համաձայնություն ձեռք բերվեր, ապա դա կլիներ 1994-ին, հրադադարի համաձայնագրի ստորագրման օրը: Ադրբեջանական դիվանագիտությունն, ըստ իս, ավելի փորձում է սեփական հանրության մեջ թողնել վերջին ատյանի հույսի գաղափարը: Բայց իրենք չեն էլ փորձում լրջացնել հարցը վերջին ատյան տեղափոխելու գործընթացը, քանի որ գիտեն՝ եթե այնտեղի բանաձեւն էլ իր մեջ սկզբունքային լուծում չպարունակի, ապա ինչո՞վ պիտի «սնեն» բնակչությանը»: